«Գյուղնախարարը որ խոսում է, ասում ենք՝ ախր, դու ընդհանրապես տեղյա՞կ ես, թե ինչ է կատարվում մեր մոտ»

09/06/2012

Արմավիրի մարզի Գրիբոյեդով գյուղում մարդիկ հիմնականում զբաղվում են ջերմոցային տնտեսությամբ, քանի որ ոռոգման ջրի սակավության պատճառով սեփականաշնորհված հողամասերում գյուղացիները չեն կարողանում բանջար-բոստանային մշակաբույսեր ցանել:

Հովհաննես Ջամալյանը եւս այս տարի որոշել է տնամերձ հողամասում ջերմոցային տնտեսություն հիմնել եւ վարունգ ու լոլիկ աճեցնել: «Հետքի» հետ զրույցում Հովհաննեսը պատմեց, որ արդեն վաճառքի վարունգ ունի, սակայն գինն այնքան ցածր է, որ նույնիսկ չի կարողացել սերմի գումարի պարտքը փակել: Ըստ նրան` վաղ գարնանը տարբեր մարդկանցից պարտք է արել, նույնիսկ բանկից վարկ է վերցրել, որ կարողանա ջերմոցի համար պոլիէթիլենային տոպրակներ, սերմեր, պարարտանյութ գնել, սակայն մինչ օրս պարտքերից չի կարողանում ձերբազատվել, իսկ եկամտի մասին վաղ է խոսել: Նա գնել է 4000 հատ վարունգի սերմ` հատը 50 դրամով, չհաշված կիլոգրամը 1130 դրամով գնած 100 կգ պոլիէթիլենային տոպրակը:

«Պիտի սրսկումներ անեմ, որ բույսը չհիվանդանա, բայց ամեն սրսկմանը 20.000 դրամի դեղորայք է գնում, ստիպված թողել եմ: Վարունգը 40 դրամով էլ չեն տանում, էլ ի՞նչ սրսկեմ, սկի ծախսը չի հանում: 300-400.000 դրամի ծախս եմ արել միայն վարունգի վրա, գոնե հիմա մի 100-150 դրամով վաճառեինք, որ ծախսերը հանեինք ու կարողանայինք ապրել»,- ասում է Հովհ. Ջամալյանը: Նա չի կարողանում իր բերքն անձամբ տանել շուկա, քանի որ ավտոմեքենա չունի, իսկ Մալաթիայի շուկա հասցնելու համար նվազագույնը 5000 դրամ գումար է պետք` չհաշված շուկայի տեղի գումարն ու այլ ծախսերը: Բացի այդ, շուկայում գյուղացիների ժամը ֆիքսված է` այն լրանալուն պես նրանք պետք է ազատեն տարածքը եւ այն հանձնեն վերավաճառողներին: Հովհաննեսը հաշվարկել է, որ շուկա գնալով` պարզապես ժամանակի կորուստ է ունենալու, այդ իսկ պատճառով վարունգը հենց տնից է տալիս հաճախորդներին: Նրա ասելով` միգուցե դրսից տպավորություն է ստեղծվում, թե ջերմոցային տնտեսությունը հսկայական եկամուտ է ապահովում գյուղացու համար, սակայն ճիշտ հակառակն է` բավական ծախսատար է, տանջանքն էլ` կրկնակի: Հովհաննեսի ասելով, միայն սրսկման ապարատի համար 75.000 դրամ գումար են տվել, որ ժամանակին կարողանան պայքարել վնասատուների եւ հիվանդությունների դեմ: Ապարատը գնելու համար բանկում գրավ են դրել տան անդամների ոսկեղենը եւ վարկ վերցրել:

Պոլիէթիլենային տոպրակի տակ, երբ ջերմաստիճանը 50 աստիճան է, Հովհաննեսն ու իր կինը վարունգ են հավաքում, որ հասցնեն վաճառել եւ հոգալ 3 անչափահաս երեխաների կարիքները: Հովհաննեսը պատմեց, որ վերջերս վաճառական վրացահայերից մեկն իրեն ասել է, թե Վրաստանին սահմանակից Հայաստանի մաքսակետում վարունգի 1 կգ-ն մաքսազերծում են 130 դրամով, այդ իսկ պատճառով իրենք չեն արտահանում: Հովհաննեսը հետեւություն է անում, որ դրա հետեւանքով էլ գյուղմթերքը Հայաստանում էժան է: Սա` այն դեպքում, երբ օրենքով գյուղմթերքի արտահանումն ազատված է մաքսատուրքից:

Գրիբոյեդովի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Անահիտ Քեշիշ-Ղուկասյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ գյուղացին այսօր բերքը նորմալ գներով իրացնելու խնդիր ունի, եւ շատերը վարկեր ունենալով` բռնել են արտագաղթի ճանապարհը: «Եթե գնաք կողքի գյուղերը նայեք, կտեսնեք, որ իրենց հողամասերում բանջարաբոստանային ինչ կուլտուրա ասես` ցանում են, որովհետեւ ջրի խնդիր չկա, իսկ մեր գյուղում ցորեն ու առվույտ են ցանում, որովհետեւ ջուր չկա: Բայց ինչքա՞ն կարելի է ամեն տարի նույն կուլտուրան ցանել, ցանքաշրջանառություն պետք է լինի, որ բերքն էլ լավ լինի: Ով էլ ջերմոցային տնտեսություն ունի իր տնամերձ հողամասում, չի կարողանում նորմալ գներով իր բերքն իրացնի»,- ասում է Անահիտ Քեշիշ-Ղուկասյանը:

Նրա տեղեկացմամբ` ջուր չլինելու պատճառով գյուղն արդեն անապատանում է: Դրան նպաստում են նաեւ ձկնաբուծարանների համար հորատված հորերը, որտեղից անխնա ջուր են վերցնում: Համայնքապետի ժ/պ-ն տեղեկացրեց, որ գնալով ավելանում է այն մարդկանց թիվը, ովքեր հրաժարվում են հող մշակելուց, քանի որ ցորեն, առվույտ ցանելով` եկամուտ չեն ստանում: «Մարդիկ էլ կան, որ հողը վարելու, ցանելու գումար չունեն, դրա համար չեն մշակում: Գնալով մեր գյուղացու վիճակն ավելի վատանում է: Մարդիկ ամբողջությամբ խրվել են վարկերի մեջ, նույնիսկ հողի հարկն էլ չեն կարողանում փակել»,- ասում է Ա. Քեշիշ-Ղուկասյանը: Նրա խոսքով, եթե «վերեւներում» ցանկանում են լավ ապրել, պետք է «ներքեւն» էլ լավ ապրի, որ կարողանան բարգավաճել, իսկ թե ինչ է այդ մասին մտածում կառավարությունը` դժվարացավ ասել: «Ձեռքը ձեռք է լվանում, ո՞ւր են այդքան վերեւ թռչում, եթե չունեն ներքեւ»,- ավելացրեց Ա. Քեշիշ-Ղուկասյանը: Քանի որ գյուղում նորմալ կենսապայմաններ չկան, մարդիկ ստիպված արտագաղթում են: Գրիբոյեդովից արդեն 150 մարդ մեկնել է արտագնա աշխատանքի: Նախորդ տարիների համեմատ` այդ թիվը գնալով աճում է: «Բոլորս էլ տեսնում ենք, որ ժողովրդի տնտեսական վիճակը գնալով վատանում է: Եթե մարդն իր աշխատանքը չի կարողանում վերածի գումարի, որպեսզի իր խնդիրները հոգա, էլ ինչպե՞ս ապրի: Եթե այստեղ լավ լինի, ոչ մեկն իր տունը չի թողնի գնա: Մեր գյուղնախարարը որ խոսում է, ասում ենք` ախր, դու ընդհանրապես տեղյա՞կ ես, թե ինչ է կատարվում մեր մոտ, թե մեր ժողովուրդն ինչ տանջանքով է ստեղծում ու ինչ է ստանում դրա դիմաց: Գրոշներ»,- ասաց համայնքապետի պաշտոնակատարը:

Ա. Քեշիշ-Ղուկասյանի կարծիքով` նոր սերունդը պետք է պահանջատեր դառնա, որ ինչ-որ բան երկրում փոխվի: Ասում է, որ հավատ ու մեծ հույսեր ունի եւ կարծում է, որ կունենանք պահանջատեր սերունդ, պարզապես ժամանակ է պետք:

hetq.am