Բուժիչ նամակներ

09/06/2012 Ջուլիետա ՍԱՀԱԿՅԱՆ

Մանրէասպան տարկավանը

Տարկավան սովորականը Tnacetum vulgare բարդածաղկավորների (composite) ընտանիքին պատկանող բազմամյա բույս է։ Բնական պայմաններում հանդիպում է Եվրասիայում, Հյուսիսային Ամերիկայում։ Լայնորեն տարածված է ՀՀ ցածրադիր եւ լեռնային գոտիների մարգագետիններում, խառն անտառների եզրին, գետերի ափերին, ջրանցքների ճանապարհների երկայնքով։ Լուսասեր է, պահանջկոտ չէ հողի հանդեպ, աճում է ոչ պարարտ հողերի վրա, հաճախ է հանդիպում շինությունների մոտ` որպես մոլախոտ։

Բույսի այլ անվանումներն են` ազարիոն, մեղվամուշկ։ Հայտնի է եղել դեռեւս 3000 տարի առաջ։ Միջնադարում մշակել են Կարլ Մեծի այգիներում (771-814թթ.), հարգի է եղել Ելիզավետա Ա թագուհու ժամանակաշրջանի (1558-1603թթ.) Անգլիայում։ Քրիստոնեական մշակույթում ընդունված է եղել Մեծ Պասի շրջանից հետո բույսի մատղաշ թարմ տերեւներից եւ ձվից, հատուկ Զատկի տոնի առիթով, պատրաստել «tansy» կոչվող ուտեստը։

Նկատել են, որ մեղվամուշկը լավացնում է տրամադրությունը եւ կարգավորում նյութափոխանակությունը` հատկապես, երբ մարդիկ ստիպված են եղել երկար ժամանակ աղի ուտեստներ օգտագործել։

Բույսի տերեւը տրորելիս զգացվում է կամֆորայի բուրմունք, այն օգտագործել են ոչխարի եւ թռչնի միսը համեմելու համար։ Մեր ժամանակներում կորցրել է իր արդիականությունը եւ հազվադեպ է օգտագործվում որպես համեմունք ձվի, ֆարշի, աղցանի կամ ձկնեղենի հետ։

Բարձրությունը հասնում է 150 սմ-ի, ունի հորիզոնական սողացող փայտացող կոճղարմատ եւ տարածված մազարմատային համակարգ։ Այգեգործության մեջ կենդանի միջնապատնեշներ ստանալու համար մշակում են T.v. var. crispum տեսակը։ Ցողունները բազմաթիվ են, ուղղաձիգ, գագաթի մոտ ճյուղավորվող։ Տերեւները` հերթադիր, երկարավուն, փետրաձեւ կտրտված, ատամնաեզր կամ ամբողջական, սրածայր, վերինները` նստադիր, իսկ ներքեւիններն ունեն երկար կոթուններ, ներսի երեսին կան կետային մուգ բծեր։ Արտաքին եզրային շրջանագծի երկայնքով տեղակայված` իգական, իսկ կենտրոնում` երկսեռ մանր, վառ դեղնավուն, խողովակավոր ծաղիկները` բոլորը միասին (10-70 հատ), կազմում են կիսագնդաձեւ զամբյուղներ, որոնք տեղակայված են գագաթային վահանաձեւ փնջերում։

Պտուղը երկարավուն բազմանիստ սերմիկ է։ Ծաղկում է հունիս-սեպտեմբերին, պտղաբերում օգոստոսից հոկտեմբեր։

Որպես բուժիչ հումք` մթերում են ծաղկաբույլերը ծաղկման շրջանի սկզբում` կտրում են 2 սմ ոչ երկար հատվածներ, չորացնում օդափոխվող ծածկի տակ` համեմատաբար ցածր ջերմաստիճանի պայմաններում (25 C-ից ոչ բարձր)։

Չափից շատ չորացնելու դեպքում հումքը փշրվում է։ Պահպանման ժամկետը` 1 տարի։

Պարունակում է օրգանական թթուներ, եթերային յուղեր, դաբաղանյութեր, բուսախեժ, ասկորբինաթթու, ենթավիտամին A, ֆլավոններ, կալիում, ցինկ, սելեն, մեծ քանակությամբ մոլիբդեն, բույսին բնորոշ թունավոր ալկալոիդներ, դառնանյութ, կամֆորա։ Ունի լեղամուղ, հակաբորբոքային, հակամանրէ, քրտնամուղ, հակահելմինտային, կապող հատկություններ, օգնում է տենդի դեպքում։

Ծաղիկների թուրմը խմում են լյամբլիոզի, խոլեցիստիտի, հեպատիտի, ստամոքսահյութի ցածր թթվայնության, աղիների եւ միզապարկի բորբոքումների, միգրենի, գլխացավի, մալարիայի, ստամոքսի եւ 12-մատնյա աղիի խոցի, հոդացավի բուժման, ախորժակը լավացնելու համար, որպես որդաթափ միջոց։

Թուրմը եւ եփուկը օգտագործում են լոգանքների մեջ եւ թրջոցներ դնելու համար` արտաքին խոցերի, վերքերի, քոսի, հոդատապի եւ հոդաբորբի դեպքում։

Հակացուցված է հղիներին, մինչեւ 16 տարեկան երեխաներին, ընդ որում, ոչ միայն ներքին, այլեւ արտաքին օգտագործման համար։ Կարելի է օգտագործել միայն բժշկի հետ խորհրդակցելուց հետո։ Չի կարելի խախտել դեղատոմսերում նշված չափաբաժինները։

Թուրմ. 1 ճ/գ հումքը 4 ժամ թրմեք 200 մլ եռջրում։ Քամեք։ Խմեք 1-ական ճ/գ, օրը 3-4 անգամ։ Օգտագործեք վերքերը, խոցերը լվանալու համար, դրեք թրջոց հոդացավի, ոտքի ոլորման դեպքում։

Խոլեցիստիտ. Տարկավանի չոր ծաղիկները 2 շաբաթ թրմեք օղու մեջ (1։10)։ Քամեք։ Խմեք 25-ական կաթիլ, օրը 3 անգամ` սնվելուց առաջ։

Ցավոտ դաշտան.
Խառնեք տարկավանի չոր տերեւը եւ ծաղիկը (1։1), 1 ճ/գ հումքը 4 ժամ թրմեք զտված ջրի մեջ։ Քամեք։ Խմեք 100-ական մլ, օրը 2-3 անգամ` սնվելուց առաջ։

Ռեւմատիզմ, բարձր ջերմություն. Տարկավանի ծաղիկը 10 օր թրմեք չոր, սպիտակ գինու մեջ (1։10) մութ տեղում։ Քամեք, մզեք հումքը։

Ռեւմատիզմ. Խմեք 50-ական մլ` օրը 2 անգամ։

Բարձր ջերմություն. Խմեք 1-ական ճ/գ` օրը 3 անգամ (3 օր)։

Հիշողության անկում. Խառնեք 1-ական թ/գ տարկավանի ծաղիկը, պատրինջի տերեւը, առյուծագու եւ սամիթի խոտերը։ Հումքի 1ճ/գ-ն 10-15 րոպե թրմեք 300 մլ եռջրում։ Քամեք։ Խմեք 100-ական մլ, օրը 3 անգամ` կես թ/գ մեղրով։ Շարունակեք 28 օր, ընդմիջեք 10 օր։

Ստոմատիտ. Տարկավանի ջրային թուրմով կատարեք ողողումներ` օրը 2-3 անգամ։ Շարունակեք 1 շաբաթ (1ճ/գ, 200 մլ եռջրուր, եփեք 10 րոպե)։

Հիպերտոնիա. Խառնեք կեսական թ/գ տարկավանի չոր ծաղիկ, կղմուխի արմատ, 90 րոպե թրմեք 400 մլ եռջրում։ Քամեք։ Խմեք 100-ական մլ, օրը 3 անգամ` սնվելուց 2 ժամ առաջ։

Թեփ, կոտրվող մազեր. 3 ճ/գ տարկավանի ծաղիկը 30 րոպե թրմեք ջերմապահում` 500 մլ եռջրով։ Քամեք։ Ցայեք մազերը։

Որդաթափ միջոցներ

Ասկարիդոզ եւ էնտերոբիոզ հիվանդությունների դեպքում

– Եռացրեք 400 մլ կաթ, ավելացրեք 3 ճ/գ տարկավանի չոր ծաղիկ, 2 ատամիկ սխտոր, եւս 10 րոպե եփեք թույլ կրակի վրա։ Քամեք։ Օգտագործեք (գոլ վիճակում) հոգնայի համար։

– 1 թ/գ տարկավանի սերմը 3 ժամ թրմեք 100 մլ նախօրոք եռացրած տաք ջրի մեջ (65 C)։ Նախատեսված է հոգնայի համար։ Խմեք վերոգրյալ թուրմը։

– Խմեք 1-ական գրամ չորացրած ծաղիկի փոշին կամ 2-ական գրամ սերմի փոշին` օրը 3 անգամ։ Շարունակեք 1 շաբաթ։

– Խառնեք 1-ական թ/գ տարկավանի ծաղիկը, հապալաս սեւի պտուղը, կղմուխի արմատը, 20 րոպե եփեք 200 մլ ջրի մեջ փակ տարայում, թրմեք մինչեւ հովանալը։ Խմեք 5-ական ճ/գ, օրը 2-3 անգամ` 100 մլ ջրի հետ։

– Խառնեք 1-ական թ/գ տարկավանի ծաղիկը, չամանի պտուղը, ոսկեհազարուկի խոտը։ Մեկ ժամ թրմեք 200 մլ եռջրում։ Խմեք 1-ական ճ/գ` օրը 3-4 անգամ։

Նշված միջոցների կիրառման ընթացքում եւ հետո խմեք դդումի յուղ (գնեք դեղատնից)։