Երեկ Ադրբեջանի կողմից հերթական դիվերսիոն գործողությունն է կատարվել ղարաբաղա-ադրբեջանական սահմանագծին: Ինչպես հայտնում է ԼՂ-ի Պաշտպանության բանակի լրատվության եւ քարոզչության բաժինը, անցած գիշեր` ժամը 4:15-ի սահմաններում, Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զորքերի շփման գծի հարավային հատվածում` Հորադիզի ուղղությամբ, հակառակորդի հետախուզադիվերսիոն խմբի կողմից ձեռնարկվել է Ղարաբաղի Պաշտպանության բանակի մարտական դիրքերից մեկը ներթափանցելու հերթական փորձը: «Ղարաբաղյան ուժերի առաջապահ ստորաբաժանումները, ժամանակին հավաստանշելով դարանակալ հակառակորդի նախահարձակ գործողությունը, դիմել են պաշտպանական մարտի եւ վերջինիս հետ շպրտել իր ելման դիրքեր: Ծավալված փոխհրաձգության արդյունքում հակառակորդին հասցվել են նշանակալի կորուստներ: Պաշտպանական մարտերի ընթացքում կորուստներ է ունեցել նաեւ հայկական կողմը: Ադրբեջանական դիվերսիոն խմբի վնասազերծման գործողության ժամանակ զոհվել է կրտսեր սերժանտ Վարդան Ռոբերտի Օհանյանը, վիրավորվել են շարքային զինծառայողներ Արայիկ Գեղամի Մավրեյանը եւ Վոլոդյա Յուրայի Ծատրյանը»,- նշված է հաղորդագրությունում: