Ներքին հաղթանակների արտաքին խոցելիությունը

07/06/2012

Մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններից ուղիղ մեկ ամիս հետո հայաստանյան քաղաքական օրակարգի բովանդակությունը կտրուկ փոխվեց. եթե մինչ այդ այն հագեցած էր առավելապես ներքին զարգացումներով, ապա այլեւս քաղաքական օրակարգի կարեւոր մասը կազմում են արտաքին քաղաքական, ցավոք` նաեւ անվտանգության խնդիրները: Մինչ Հայաստանում դեռ չէին մարել կոալիցիոն կրքերը, մինչ քաղաքական դաշտը լցված է նոր կառավարության ձեւավորման սպասումներով, հունիսի 4-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցավ ադրբեջանական դիվերսիայի առաջին դրսեւորումը, որը շարունակվում է մինչ օրս: Սակայն մեր քաղաքական դաշտը, կարծես, դեռեւս գտնվում է ընտրական էյֆորիայի մեջ, Երեւանից դուրս տեղի ունեցող իրադարձությունները, նույնիսկ երիտասարդ զինվորների կյանք խլող ռազմական գործողությունները, լայն իմաստով, քիչ են հուզում կուսակցություններին ու պետական պաշտոնյաներին: Ամառային հանգստից հետո նույն այդ քաղաքական վերնախավն ու իշխանական կառույցներն ամբողջ թափով լծվելու են նախագահական ընտրությունների նախապատրաստական գործընթացներին, ինչը զգալիորեն թուլացնում է պետության դիմադրողականությունն, ընդհանուր առմամբ, արտաքին քաղաքական զարգացումներում: Դա, իհարկե, առաջին հերթին իշխանության խնդիրն է, որի համար յուրաքանչյուր ընտրության հիմնական խնդիրը սեփական վերարտադրությունն է: Իսկ դա արտաքին խաղացողների առաջ իշխանությանը դարձնում է այնքան խոցելի, որքան անհրաժեշտ է նույն այդ խաղացողներին: Քանի որ գրեթե նույն խաղի կանոնները գործում են նաեւ ոչ իշխանական ուժերի համար, արդյունքում` խոցելի է դառնում ոչ միայն իշխանությունը, այլեւ քաղաքական համակարգը, վերջին հաշվով` պետությունը: