Երեկ տեղի է ունեցել ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի հերթական նիստը: Նիստի ընթացքում հաստատվել են «Գաջ» ապրանքային շուկայի ուսումնասիրության արդյունքները, որոնց համաձայն՝ Հայաստանում 2004թ. իրացվել է 50.338 տոննա գաջ, որը կազմում է նույն ժամանակաշրջանի արտադրության 98,24%-ը: Գաջի շուկայում գործում է երկու տնտեսվարող սուբյեկտ՝ «Գաջ» եւ «Գաջեգործ» ՓԲԸ-ները, որոնց մասնաբաժինները շուկայում կազմում են համապատասխանաբար` 55,72 % եւ 44,28 %: Հանձնաժողովի որոշմամբ երկու ընկերություններն էլ համարվել են գերիշխող դիրք ունեցող եւ գրանցվել են գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտների կենտրոնացված գրանցամատյանում:
Հանձնաժողովի որոշմամբ՝ տուգանվել են անբարեխիղճ մրցակցություն թույլ տված մի քանի տնտեսվարող սուբյեկտներ: Մասնավորապես, «Արմավիրի կաթի գործարան» ԲԲԸ-ի կողմից արտադրվող եւ իրացվող «Black Belt» անվանումով վիսկիի ապրանքային նշանը ընկերության անունով գրանցված չէ, ընկերությունը դրա օգտագործման իրավասությունը չունի: «Black Belt»-ի պիտակները սպառողներին շփոթեցնելու նպատակով նմանեցված են եղել շոտլանդական հանրահայտ «Johnnie Walker» ապրանքային նշանին: Դա համարվում է անբարեխիղճ մրցակցություն: Ընկերությունը 10-օրյա ժամկետում 100 հազար դրամ պետք է մուծի պետբյուջե: