«Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման ընթացքում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման նոր մոտեցումներ կներկայացվեն»,- երեկ Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ ունեցած հանդիպումից հետո հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: «Մենք ցանկանում ենք որքան հնարավոր է շուտ հասնել խաղաղության: Փարիզում կայանալիք հանդիպմանը մենք հակամարտության լուծման նոր մոտեցում կառաջարկենք: Խնդրի լուծումը պետք է գտնվի»,- ասել է նա: Նշենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հերթական հանդիպումը կայանալու է Փարիզում` հունիսի 18-ին: Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում Հ. Քլինթոնն անդրադարձել է նաեւ հայ-ադրբեջանական շփման գծում հրադադարի խախտման դեպքերին` ցավ հայտնելով իրավիճակի սրման կապակցությամբ: «Դա կարող է հանգեցնել անկանխատեսելի հետեւանքների, ինչը պետք է դադարեցվի: Մենք պետք է աշխատենք այդ ուղղությամբ եւ հետեւենք, որ հրադադարի մասին համաձայնագիրը պահպանվի»,- ասել է նա` հույս հայտնելով, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ նոր պատերազմ չի սկսվի: