Դոլարի փոխարժեքի սրընթաց աճին զուգահեռ` շատերն անգիր արածի պես կրկնում են, որ դա օգտակար է արտահանմանը։ Նման հնարավորություն իսկապես կա, սակայն,
ինչպես եւ նախկինում բազմիցս գրել ենք` դա կարող է իրականություն դառնալ միայն այն դեպքում, եթե տատանումը կտրուկ չէ։ Երկրորդ՝
ՀՀ արտահանման ավելի քան 50%-ը բաժին է ընկնում Եվրամիության երկրներին, այնպես որ, դոլարի թռիչքը շատ սահմանափակ ազդեցություն է ունենալու արտահանման վրա։
Այդուհանդերձ, արժե դիտարկել Հայաստանի արտահանման կառուցվածքը` ըստ առանձին երկրների` տեսնելու համար, թե որ երկիր ինչ ենք արտահանում եւ ինչքան։ ՀՀ ՊԵԿ մաքսային ծառայությունն այժմ հրապարակում է նաեւ այդ տվյալները։ Եվ պարզվեց, որ ի թիվս մոտ ու հեռավոր երկրների, Հաայաստանը ապրանքներ է արտահանում նաեւ դեպի… Հայաստան։ Այո, սա վրիպակ չէ։
Պաշտոնական տվյալներով, նախորդ տարվա ընթացքում Հայաստանից Հայաստան արտահանվել է 82 անուն ապրանք՝ 5.8 միլիոն դոլար ընդհանուր մաքսային արժեքով։
Աղյուսակում ներկայացված են Հայաստանից Հայաստան արտահանված առավել բարձր մաքսային արժեք ունեցող ապրանքները։
Ինչպես տեսնում եք, պայմանականորեն ասած, առաջին Հայաստանը երկրորդ Հայաստան է արտահանել հիմնականում ոգելից խմիչքներ եւ սպիրտ, ինչպես նաեւ՝ հաղորդիչ ապատուրայի մասեր, մարդատար մեքենաներ, շոկոլադ, գինի եւ այլն։
Փոխարենը՝ երկրորդ Հայաստանից ներմուծել ենք 3 միլիոն 475 հազար դոլարի ապրանքներ, այդ թվում՝ ալյումինի թափոն եւ ջարդոն (1.5 միլիոն դոլարի), շարժիչով երկաթուղային կամ տրամվայի վագոն, բաց կառամատույց (շուրջ 900 հազար դոլարի) եւ այլն։
Ինչպես տեսնում եք, երկու Հայաստանների միջեւ բավականին ինտենսիվ առեւտուր է ընթացել, որը շարունակվել է նաեւ այս տարվա առաջին եռամսյակում։ Ընդ որում, երկրորդ Հայաստանի հետ, ինչպես տեսնում եք, տարին փակել ենք արտաքին առեւտրի դրական հաշվեկշռով։
Առաջին երեք ամիսների ընթացքում առաջին Հայաստանը երկրորդ Հայաստանից ներմուծել է, օրինակ, 127 տոննա խաղող (թարմ եւ չորացված)՝ շուրջ 250 հազար դոլար մաքսային արժեքով։ Իսկ նախորդ տարի խաղողն առաջին Հայաստանից արտահանվել էր. երկրորդ Հայաստանը գնել էր 40 տոննա խաղող՝ 36.8 հազար դոլար մաքսային արժեքով։
Ահա այսպիսի հետաքրքիր բացահայտումներ է պարունակում արտաքին առեւտրի վիճակագրությունը։ Անկեղծ ասած, երբ մեր գործընկերների հետ քննարկում էինք Հայաստան-Հայաստան առեւտրի իմաստը, շատ վարկածներ հնչեցին։ Օրինակ, չի բացառվում, որ Հայաստաններից մեկը պատմական Հայաստանն է (Արեւմտյան Հայաստանը)։ Սակայն, հաշվի առնելով, որ իշխանության ղեկին ՀՅԴ-ն չէ, այդ տարբերակը քիչ հավանական է թվում։ Փոխարենը` ուրիշ տարբերակ է առաջանում. նկատի ունենալով, որ կառավարության ղեկավարը Տիգրան Սարգսյանն է, միգուցե խոսքը գնում է իրական Հայաստանի եւ վիրտուալ Հայաստանի երկկողմ առեւտրաշրջանառության մասին։ Դժվար է ասել։ Ամեն դեպքում, վատ չէր լինի իմանալ, թե մենք հիմա ո՞ր Հայաստանում ենք ապրում՝ առաջի՞ն, թե՞ երկրորդ։
Եթե ավելի լուրջ, ապա պարզ է, որ սա ընդամենը տեխնիկական խնդիր է, կամ՝ ընդհանրապես խնդիր չի։ Սա, թերեւս, զուտ ձեւաչափերի կամ վիճակագրության ներկայացման ձեւի խնդիր է։ Սակայն համաձայնեք, որ այդ ամենը պետական համակարգից դուրս գտնվող մարդու համար անհասկանալի եւ ինչ-որ տեղ ծիծաղելի է։
Նաեւ, ինչ-որ տեղ, կասկածելի։ Օրինակ՝ նույն մաքսային վիճակագրության համաձայն, այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանից Հայաստան արտահանումը նույնությամբ կրկնում է 2011 թվականի ցուցանիշերը. արտահանվել է նույն 5.8 միլիոն դոլարի չափով ապրանք, ընդ որում՝ նույն ապրանքները նույն քանակով։
Չենք կասկածում, որ ՊԵԿ-ը կամ վիճակագրական ծառայությունը կարող են բացատրել, թե ինչ է նշանակում Հայաստանից Հայաստան արտահանում։ Սակայն այս տիպի խուճուճ եւ անհասկանալի զեկույցները մյուս կողմից վկայում են, թե թվային ինչ մանիպուլյացիաների հնարավորություն ունեն մեր իշխանությունները։ Ի վերջո, շատ քչերն են հատ-հատ խոշորացույցով անցկացնում վիճակագրության բոլոր թվերը, եւ դժվար է ասել` ինչ «բացահայտումներ» կարելի է անել թվակռվի կծիկը քանդելով։