Եվս 100 տարի

07/06/2012

«Ընդհանուր առմամբ, Ադրբեջանի նավթագազային ոլորտում ներդրումների ծավալը կազմում է մոտ 50 միլիարդ դոլար: Իսկ 1995 թվականից Ադրբեջանի տնտեսության մեջ ներդրվել է 120 միլիարդ դոլար: Ես դեռ մի քանի տարի առաջ եմ ասել, որ մեզ համար նավթը ոչ թե նպատակ է, այլ` միջոց` ստեղծելու համար ժամանակակից պետություն, զարգացնելու համար մեր երկիրը»,- հունիսի 5-8-ը Բաքվում անցկացվող Caspian Oil and Gas 19-րդ ցուցահանդեսի ու կոնֆերանսի ժամանակ ունեցած ելույթում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: «Ներկայիս դրությամբ մեր արժութային պաշարները գերազանցել են 40 միլիարդ դոլարի սահմանագիծը, եւ հետագայում այդ գումարն ավելի մեծ կլինի, ինչը մեզ հնարավորություն կտա առավելագույն չափով կրճատել նավթից երկրի տնտեսության ունեցած կախվածությունը: Մենք կարծում ենք, որ էներգետիկ քաղաքականությունը պետք է միավորի երկիրը եւ ոչ թե` հակառակը: Մեր գազային պաշարները մեզ կբավականացնեն հետագա 100 տարվա ընթացքում, իսկ նավթային պաշարները` ավելի քան 50 տարվա ընթացքում»,- ասել է նա: Նույն միջոցառման ժամանակ Ադրբեջանում ԵՄ-ի ներկայացուցչության ղեկավար Ռոլանդ Կոբիան էներգետիկ հարցերով եվրոկոմիսար Գյունտեր Օտտինգերի անունից հայտարարել է, որ ԵՄ-ն Ադրբեջանին համարում է կարեւոր գործընկեր տվյալ տարածաշրջանում: «Անկախության տարիներին Ադրբեջանի տնտեսությունը մեծ զարգացում է ապրել, եւ ներկայումս երկիրը նավթի ու գազի առաջատար մատակարար է: Ադրբեջանը կարեւոր դերակատարություն ունի Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման տեսանկյունից»,- ասել է նա: