Թաքցնում են զոհերի իրական թիվը

07/06/2012

Ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը երեկ կայացած ասուլիսում` անդրադառնալով Ադրբեջանի կողմից իրականացված դիվերսիոն հարձակմանը, նշել է, որ հայտնի են նրանց կողմից զոհեր, որոնք հիմնականում ժամկետային զինծառայողներ են: «Ստացվում է, որ դիվերսանտները կարող են իրականացնել սադրիչ գործողություններ` շատ լավ իմանալով, որ կարող են ստանալ պատասխան քայլ, որից կարող են տուժել իրենց սահմանապահ զորքերը: Այդ դեպքում ինչպիսի դիվերսանտներ են նրանք, որ պատրաստ են զորքի կյանքի գնով նման քայլ անել»,- ասել է նա: Ըստ Հովհաննիսյանի` պրակտիկան ցույց է տալիս, որ եթե ադրբեջանցիները հայտնում են 5 զոհի մասին, ապա իրականում այդ թիվը 4-5 անգամ ավելի է: «Մեզ տարբեր աղբյուրներից հայտնի է, որ մինչեւ 25 զոհ արդեն ունեն իրենք, ինչը թաքցնում են: Եթե կա այդքան զոհ, ապա դրանից կարելի է անել երկու հետեւություն. նախ` այն, որ Ադրբեջանը բազմիցս հայտարարել է, որ եթե նույնիսկ տասնյակ անգամ ավելի շատ մարդ կորցնեն մեզ հետ բախումներում, դա արդարացված քայլ է իրենց համար: Եվ երկրորդ` այն, որ դիվերսանտների մակարդակը այդքան բարձր չէ»,- ասել է փորձագետը` ուշադրություն հրավիրելով շրջանառվող այն տեսակետին, թե խնդիրը զուտ ղարաբաղա-ադրբեջանական է: «Իրականում կոնֆլիկտը ոչ միայն հայ-ադրբեջանական չէ, այլեւ, բառիս բուն իմաստով, հայ-թուրքական է: Ուստի կարծում եմ` թուրքական բանակի բարձր ղեկավարությունը պետք է ինչ-որ կերպ ստուգեր այն պատրաստվածության արդյունքը, որ ստացել էին Թուրքիայում ադրբեջանական դիվերսանտները»,- ասել է նա: