Սա առավելագույնն է, որ պատկան մարմիններն ասում են վիրավորված զինվորների մասին ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այցի օրը` հունիսի 4-ի գիշերը, Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի` Չինարիի եւ Բերդավանի ուղղությամբ, Ադրբեջանի կողմից դիվերսիոն գործողությունների հետեւանքով զոհվել է` 3 եւ վիրավորվել` 6 զինծառայող: Պն մամուլի ծառայության տվյալներով` ավագ լեյտենանտ Մուշեղ Հարությունի Նուրբեկյանը ազդրերի եւ նստատեղի շրջանում հրազենային վիրավորումներով տեղափոխվել է Վանաձորի կայազորային հոսպիտալ: Սերժանտ Իգիթ Կարենի Հովհաննիսյանը` կրծքավանդակի շրջանում հրազենային միջանցիկ վիրավորումով, եւ շարքային Սեդրակ Սամվելի Շահբազյանը` ձախ արմնկահոդի եւ ձախ ազդրի շրջանում հրազենային վիրավորումներով, շարքային Արթուր Արտակի Մնացականյանը` ծնկի, սրունքի եւ բազկի շրջանում հրազենային միջանցիկ վիրավորումներով, տեղափոխվել են Տավուշի կայազորային հոսպիտալ, այնուհետեւ` ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական հոսպիտալ: Շարքային Մաքսիմ Մարտինի Մելքոնյանը` ձախ ազդրի շրջանում հրազենային միջանցիկ վիրավորումով, եւ շարքային Կորյուն Ռոբերտի Իրիցյանը` ստորին վերջույթների բազմաթիվ բեկորային վնասվածքներով տեղափոխվել են Տավուշի մարզի կայազորային հոսպիտալ: Զոհված զինվորների անուններն են` Հրաչ Սամվելի Սարգսյան, Զոհրաբ Խաժակի Բալաբեկյան եւ Կարեն Կամոյի Դավթյան:
Ըստ ՊՆ տարածած հաղորդագրության` ձեռնարկված միջոցառումների եւ հայ զինծառայողների քաջարի գործողությունների արդյունքում դիվերսիոն առաջխաղացումը կասեցվել է, եւ տալով կորուստներ` հակառակորդը հետ է մղվել: ՀՀ ՊՆ-ի տարածած հաղորդագրության համաձայն` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, շարունակելով նախօրեին ձեռնարկված սադրիչ գործողությունը, փորձել են կրկին խախտել ՀՀ պետական սահմանը: ՀՀ Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի մերձակայքում Ադրբեջանից փորձել է հայկական տարածք ներխուժել 15-20 հոգուց բաղկացած զինված դիվերսիոն խմբավորում: ՊՆ Հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ` հայ դիրքապահների զգոնության շնորհիվ դիվերսիոն խումբը հայտնաբերվել է եւ ձեռնարկված հատուկ միջոցառումների արդյունքում վնասազերծվել է: Իսկ ադրբեջանական «ԱՊԱ» լրատվական գործակալությունը` Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրությանը հղում անելով` հրապարակել էր հրադադարի խախտման հետեւանքով սպանված ադրբեջանցի 5 զինծառայողների անունները` Ամիլ Նովրուզ, Խալիդ Ազիզով, Վահիդ Բագիրով, Զուլֆուգար Ատաշլի, Էլչին Իսմայիլով: Ադրբեջանական կողմում եղել են նաեւ բազմաթիվ վիրավորներ: Դիվերսիոն խմբի մյուս անդամներին հաջողվել էր փախչել` իրենց հետ տանելով զոհերի դիակներն ու վիրավորներին: Այդ դեպքից երկու օր անց` հունիսի 6-ի գիշերը միջադեպ գրանցվեց ղարաբաղաադրբեջանական շփման գծի հարավային մասում: Ադրբեջանի ԶՈՒ ներկայացուցիչները փորձել են ներխուժել Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից մեկը: Հայկական կողմին հաջողվել է ժամանակին կանխարգելել հակառակորդի նախահարձակ գործողությունը, ղարաբաղյան զինված ուժերի առաջապահ ստորաբաժանումները դիմել էին պաշտպանական մարտի եւ նրանց հետ մղել ելման դիրքեր: Տեղի ունեցած փոխհրաձգության արդյունքում հակառակորդը կորուստներ է տվել: Ցավոք, կորուստներ է ունեցել նաեւ հայկական կողմը: Զոհվել է կրտսեր սերժանտ Վարդան Ռոբերտի Օհանյանը եւ վիրավորվել են շարքային զինծառայողներ Արայիկ Գեղամի Մավրեյանը եւ Վոլոդյա Յուրայի Ծատրյանը: ԼՂՀ Պաշտպանության բանակի լրատվության եւ քարոզչության բաժնի պետ Սենոր Հասրաթյանի փոխանցմամբ` վիրավորներին տեղափոխել են Ստեփանակերտի հոսպիտալ: Այլ մանրամասներ մեզ չհաջողվեց իմանալ, քանի որ Ս. Հասրաթյանի հեռախոսն այլեւս անհասանելի էր: Ինչ վերաբերում է Երեւանի «Մուրացան» հիվանդանոցում գտնվող նշյալ 4 զինվորներին, մենք փորձեցինք որոշ տեղեկություններ ստանալ նաեւ ՊՆ հասարակայնության հետ կապերի բաժնից, ապա զինվորական դատաբժշկական վարչությունից, որտեղ, սակայն, այդպես էլ չպատասխանեցին մեր հարցերին: Այնուհետ փորձեցինք զինվորների առողջական վիճակի մասին տեղեկություններ ստանալ հոսպիտալից: Այս օրերին մամուլի հրապարակումներն ավելի քան զգոն են դարձրել հոսպիտալի աշխատակիցներին:
Հոսպիտալի մուտքի մոտ խոսելն իսկ արգելված է: Հոսպիտալի պետ, փոխգնդապետ Արամ Ասատրյանը զայրացել էր մամուլի հրապարակումներից, եւ երբ Կենտրոնական անցագրային կետի (Խկկ) հեռախոսով փորձեցի որոշ մանրամասներ ճշտել, վերջինս նախ ասաց, որ մամուլը հրապարակել է սուտ լուրեր, եւ, որ ինքն այլեւս չի պատրաստվում պատասխանել լրագրողների հարցերին: Ավելի ուշ, նա, այնուամենայնիվ, արձագանքեց իմ խնդրանքին` ոչ հեռախոսային զրույցով խոսել մամուլում տեղ գտած այն հրապարակումների մասին, որոնք նրան բարկացրել էին: Ա. Ասատրյանի ասելիքը խիստ համառոտ էր: Ըստ վերջինիս` «Մուրացան» հոսպիտալում գտնվում են հիշյալ 4 զինծառայողները, որոնց առողջական վիճակը նա գնահատեց լավ: Վիրավորներին տեսակցելու եկած զինվորների ծնողներն էլ այն աստիճան պրկված էին անցագրային կետում, որ տրամադրություն չունեին խոսել լրագրողների հետ: Ավելի ուշ, մենք կրկին փորձեցինք տեղեկատվություն ստանալ վիրավորների առողջական վիճակի մասին, սակայն, ՊՆ հիշյալ վարչությունները կա՛մ գերզբաղված էին, կա՛մ պարզապես չպատասխանեցին մեր հեռախոսազանգերին:
Ինչեւէ, Չինարի գյուղի գյուղապետ Սամվել Սաղոյանի ասելով` երեկվա դրությամբ իրավիճակն անհամեմատ հանդարտ է: «Չինարի բնակիչները սովորել են այդ կրակոցներին: 1990թ.-ից մինչ օրս ամեն օր կրակոցներ եղել են ու լինում են: Թշնամին մեր գյուղի իշխող բարձունքներում է: Առաջին տունը սահմանից հեռու է մոտ 600-700 մետր: Այս պահին մեր ժողովուրդը շատ հանգիստ է եւ խուճապի չի մատնվել: Դպրոցն ու մանկապարտեզը գործում են, անասնապահն էլ իր գործն է անում: Մեր ժողովուրդը էլի իր կյանքով է ապրում, պարզապես դժբախտություն էր, որ մեր զինվորները զոհվեցին»,- մեզ հետ հեռախոսազրույցում ասաց Ս. Սաղոյանը: Վերջինիս խոսքով` վերջին շրջանում ամենաերկարատեւ կրակոցները եղել են մայիսի 8-ին, որոնք տեւել են մոտ 4-5 ժամ: «Անասնապահների վրա են կրակում, հողագործի վրա են կրակում, սահմանին մոտեցող մարդկանց են կրակում: Դե, ժողովուրդն արդեն սովորել է, եւ զերծ է մնում նման գոտիներից, երբ իրավիճակը լարված է»,- նշեց գյուղապետը, ում փոխանցմամբ` օրեր առաջ տեղի ունեցած փոխհրաձգության հետեւանքով թեթեւ աստիճանի վնասվածքներ են ստացել նաեւ տները, մանկապարտեզի շենքը, որը գտնվում է սահմանից մոտ 1 կմ հեռավորության վրա, եւ ըստ գյուղապետի` հաճախ է ենթարկվում հրետակոծության: Ներկայում Չինարիում ապրում է 1280 բնակիչ, դպրոցում սովորում է 140 աշակերտ, իսկ մանկապարտեզ հաճախում է 30 երեխա: «Փառք Աստծո, 2011թ. խաղաղ բնակչության շրջանում զոհեր չենք ունեցել, իսկ 2008, 2009, 2010թթ. եղել են նման զոհեր: Չինարիում պատերազմը չի ավարտվել: Երբ մեր զինվորներին բանակ ենք ճանապարհում, ասում եմ` էրեխե՛ք ջան, դուք ռազմաճակատից գնում եք թիկունք ծառայելու»,- նկատեց Ս. Սաղոյանը: