ԱՄՆ-ը խրախուսո՞ւմ է Ադրբեջանի գործողությունները

07/06/2012 Գայանե ԼԱԼԱՅԱՆ

– Արդյո՞ք սահմանային միջադեպերի մասին հաճախակի հրապարակումները տեղեկատվական միջոցների զարգացման արդյունք են, թե՞ իսկապես ավելացել են դրանք:

– Միջադեպեր միշտ էլ եղել են: Սկսած 1994-ից` ոչ մի տարին առանց միջադեպերի չի անցել: Բնականաբար, եղել են իրավիճակի սրացման փուլեր: Օրինակ` 2002թ., 2003թ. նույնիսկ հրետանու կիրառմամբ, ականանետերով հրաձգություն է եղել, մարտեր են եղել, մարդիկ դրա համար մեդալ են ստացել: Այսինքն` եղել են ավելի լուրջ բախումներ, քան հիմա է: Կարծում եմ` մեր մամուլը չի գրել, չի հիշատակվել այդ մասին, քանի որ այն ժամանակ շարժական տեխնոլոգիաներն այսքան զարգացած չէին: Հիմա ավելի հեշտ է. զանգում են մի գյուղապետի, ինչ-որ բան է ասում, կես ժամից ուրիշ լրագրող է զանգում նույն գյուղապետին, մի այլ բան է ասում: Արդյունքում` հրաձգության մասին լուրը հաղորդվում է, երբ այն արդեն վերջացած է լինում, սակայն գրում են` «այս պահին գնդակոծում են»: Կամ` ինչ-որ մեկը Ֆեյսբուքում գրում է, թե` «այս պահին չեն կրակում», այնինչ իրականում հրաձգությունը վերսկսված է լինում: Շատ հաճախ մարդիկ տարածքներն են խառնում. պատկերացում չունեն, թե որտեղ է գտնվում Տավուշը, այն չեն տարբերում Ֆիզուլիի կամ Հադրութի շրջանից: Նման միտում կա. լուրը սահմանից հասնում է Երեւան, Ֆեյսբուքում ուռճացվում է, բամբասանքներով աճում, հետո հետ է գնում սահման, այնտեղ նորից են կեղծ մանրամասներ ավելանում, եւ դառնում է մի առասպելական պատմություն:

– Որոշ լրատվամիջոցներ, հատկապես` առցանց, «քլիք պոկելու» համար կարո՞ղ են չափազանցված տեղեկատվություն տարածել:

– Չեմ կարծում, որ միշտ են նպատակաուղղված «քլիք պոկելու» խնդիր լուծում: Ոչ բոլոր լրատվամիջոցներն ունեն այդ մարտավարությունը` հանուն նոր ընթերցող գրավելու` ինչ ասես գրել, սենսացիոն, խուճապային վերնագիր դնել: Բայց որոշ` բավականին լուրջ լրատվամիջոցներ, ցավոք, դիմում են նման միջոցների: Խնդիրը նաեւ այն է, որ շատ հաճախ «քլիք բերելու» համար փորձում են շատ արագ տեղեկատվություն տալ` առանց ստուգելու մի քանի աղբյուրներից` այդ տեղեկատվությունն իսկապե՞ս ստույգ է, թե՞ ոչ: Իրականում ո՞րն է խնդիրը. կարելի է զանգել մի գյուղ, իմանալ, որ ամեն ինչ հանգիստ է այնտեղ, բայց տասնյակ, հարյուրավոր կմ-ի սահմանագիծ է, եւ դա չի նշանակում, որ մյուս գյուղում էլ է նույն վիճակը: Հաճախ գյուղի բնակիչն էլ չի կարող հասկանալ, թե ինչ է կատարվում, որովհետեւ զանազան հիմնավոր պատճառներից ելնելով` զինվորականները չեն զգուշացնում` ինչ է կատարվում: Գյուղացին հաճախ չի կարողանում տարբերել` մե՞ր դիրքից են կրակում ադրբեջանցիների վրա, թե՞ հակառակը: Գյուղացին շատ թե քիչ ստույգ տեղեկատվություն կարող է իմանալ` ինչ-որ ժամանակ անց խոսելով զինվորականների հետ: Նույնիսկ դիրքում եղած զինվորականը կարող է միայն իր դիրքում կատարվածը նկարագրել, ոչ թե մի քանի այլ հատվածներում տեղի ունեցածը: Բայց դա չհասկանալով` հաճախ ԶԼՄ-ները վերցնում են որոշ հատվածների մանրամասներ եւ ներկայացնում` որպես ընդհանուր միտում: Օրինակ` մի լրատվամիջոց գրում է. «Չինարի գյուղում պատերազմը շարունակվում է»: Իրավիճակից անտեղյակ մարդը կարող է պատկերացնել, թե այնտեղ հրետանիով ու տանկերով կռիվ է գնում, բայց դա այդպես չէ:

– Ժիրայր Սէֆիլյանի կարծիքով` այժմ պատերազմի վերսկսման հավանականությունն առավելագույնն է: Համամի՞տ եք:

– Պատերազմ կարող է սկսվել նաեւ ավելի փոքր միջադեպից: Եղել են նաեւ ավելի լուրջ միջադեպեր, որոնք, սակայն, լայնածավալ պատերազմական գործողություններ չեն դարձել: Շատ դժվար է ասել, թե կոնֆլիկտի այս հերթական էսկալացիան որտեղ է կանգնելու: Թեեւ հունիսի 5-ի լույս 6-ի գիշերը եղել է փոխհրաձգություն, բայց ավելի հանգիստ է եղել, քան նախորդ երկու գիշերները:

– Փաստորեն, երբ որեւէ պաշտոնյա տարածաշրջանային այց է ունենում, սահմանային միջադեպերն ավելի շատ են լինում:

– Իրականում հասարակության համար նշանակալից ցանկացած իրադարձություն շփման գծում լարում է ստեղծում: Նույնիսկ տոների ժամանակ է հերթապահության ռեժիմը խստանում, քանի որ չի բացառվում, որ այդ իրավիճակը կարող է օգտագործվել հակառակորդի կողմից: Այսինքն` դա նորմալ երեւույթ է: Տվյալ դեպքում, ցավոք, նույն Հիլարի Քլինթոնը չի դատապարտում մեղավոր կողմին, էլի ընդհանուր` «ո՛չ մեզ, ո՛չ ձեզ» հայտարարություններ են արվում, եւ դա, կարելի է ասել, փաստորեն խրախուսում է Ադրբեջանի գործողությունները:

– Արդյո՞ք Ադրբեջանն այդպիսով ուզում է բանակցային գործընթացը տեղափոխել ավելի նախնական փուլ:

– Ինձ թվում է` այս գործողություններն ավելի շատ հայ հասարակությանը հոգեբանորեն ճնշելու նպատակ ունեն: Փորձում են այդ մեթոդներով ազդել Հայաստանում ներքին գործընթացների վրա: Այսինքն` Ադրբեջանն այսօր այսպիսի քաղաքականություն է տանում` ուղերձ հղելով, թե Ղարաբաղը տվեք, թե չէ այս լարված իրավիճակն անընդհատ շարունակվելու է, ձեր զինվորներն են զոհվելու: Իրենց կողմից այդ տիպի ճնշումը որոշ չափով հիմքեր ունի, որովհետեւ հայ հասարակության հանդուրժողականության շեմը կորուստների նկատմամբ շատ ավելի ցածր է, քան Ադրբեջանում: Իրենք, կոպիտ ասած, մաթեմատիկական հաշվարկ են անում, որ եթե նույնիսկ ամեն զոհված հայի դիմաց ավելի շատ ադրբեջանցի զոհվի, միեւնույն է` հայ հասարակությունն ավելի ցավագին է տանում մարդկային կորուստները: Փորձում են մեր հասարակության մեջ բողոք ստեղծել պատերազմի դեմ եւ որպես լուծում` մեզ առաջարկում են հանձնել Ղարաբաղը, այդ դեպքում պատերազմը կդադարի, ինչն իրականում կեղծ խոստում է: Բայց փորձում են նմանատիպ տրամադրություն ստեղծել եւ ուժեղացնել այն: Պետք է հասկանանք, որ ադրբեջանցիները ոչ թե միայն ռազմական նպատակ են հետապնդում, այլ դրանք ավելի շատ հոգեբանական ազդեցություն թողնելուն միտված գործողություններ են:

– Արդյո՞ք դրանք ամենավերեւի ատյաններից պլանավորված ու հրահանգված գործողություններ են:

– Համոզված եմ, որ դա Ադրբեջանի քաղաքականության` «երգացանկի» մի մասն է, եւ ընդհանուր «նվագախմբով» է կատարվում:

– Իսկ ավելի շատ զոհեր տալը դաս չի՞ լինում:

– Ադրբեջանի հասարակությունը տեղեկատվական հոսքերի նկատմամբ ավելի փակ է: Իրենք կարող են իրենց զոհերի մասին չհայտնել: Մենք հաստատ գիտենք, որ իրենց մոտ կորուստներն ավելի շատ են, բայց իրենք առայժմ հայտնում են 8 զոհի մասին, ընդ որում` նրանցից 3-ը` որպես ոչ մարտական գործողությունների հետեւանք: Ինչ-որ ֆանտաստիկ հեքիաթներ են տարածում, թե իբր բետոնե սալն ընկավ 2 զիվորի վրա, զոհվեցին, եւ այլն: Ադրբեջանցիներն իրենց կորուստների մի զգալի մասը թաքցնում են: Որոշ կորուստների մասին իմանում ենք տեւական ժամանակ անց: Օրինակ` վերջերս Ադրբեջանում մի դատավարության արդյունքում է պարզվել, որ 2011թ. իրենց դիրքերում սպանված 7 զինվոր են գտել:

– Մեր իմացածը որքանո՞վ է հավաստի:

– Գիտեք` պատերազմում ոչ մի հավաստի բան չկա: Ինչպես չինական ստրատեգ Սուն Ցզին է ասում` պատերազմը խաբելու արվեստ է: Այսինքն` եթե մենք ամեն ինչ ցույց տանք բաց, ինչպես` կա, դա ամենամեծ նվերը կլինի հակառակորդին: Հստակ տեղեկատվություն չի կարող լինել նաեւ զուտ տեխնիկական պատճառներով. ենթադրենք` հակառակորդը վիրավոր ուներ, դաշտից տարան, հետո կենդանի՞ մնաց, թե՞ զոհվեց, մենք չգիտենք: Կամ` եթե հակառակորդի դիրքում մեկը զոհվել է, այդ մասին ոչ միշտ է հնարավոր իմանալ: Դրա համար հստակ տեղեկատվություն ընդհանրապես չկա: Բայց Ադրբեջանի վերջին օրերի զոհերի մասին տեղեկատվության մի մասը չի հրապարակվում, եւ կարծում եմ, որ մոտակա օրերին կիմանանք իբր վթարներից, դժբախտ պատահարներից զոհված կամ ինքնասպան եղած զինվորների մասին:

– Գուցե դա իրենց հասարակությանը պաշտպանելու նպատա՞կ է հետապնդում:

– Այնտեղ գրաքննությունը շատ ավելի խիստ է: Իրենք շատ ավելի հաջող կերպով են թաքցնում իրենց համար ոչ բարենպաստ տեղեկատվությունը: Այս տարիների ընթացքում բավականին մեծ աշխատանք են տարել իրենց բնակչությանը համոզելու համար, որ հայերը թույլ են, չեն կարող կռվել, եւ երբ հստակ երեւում է, որ մեր մի զոհի դիմաց իրենք շատ ավելի մեծ զոհեր են տալիս, այդ միֆը քանդվում է: Դրա համար իրենք փորձում են այդ զոհերի թիվը հնարավորինս քիչ ցույց տալ, որպեսզի ադրբեջանական «հզոր բանակի» առասպելը չքանդվի:

– Իսկ զոհերի մասին մեր ստացած տեղեկատվությունն է՞լ է նմանատիպ նպատակ հետապնդում:

– Չէ: Եթե մեր տեղեկատվությունը լինում է աղավաղված, հաճախ տեխնիկական սխալի հետեւանքով է: Ինչո՞ւ, որովհետեւ ինչքան էլ փորձում են բջջային հեռախոսներն արգելել բանակում, բոլորս գիտենք, որ նույնիսկ շարքային զինվորականների մեծ մասն ունեն բջջային հեռախոսներ, եւ ցանկացած նման միջադեպի մասին տեղեկատվությունը շատ արագ տարածվում է: Պաշտպանության նախարարությունն այս պահին բոլոր կորուստների մասին տեղյակ է պահում: Ինձ թվում է` թաքցնելու խնդիր չկա: Լինում է, որ գործ է բացվում` որպես ինքնասպանություն, հետո պարզվում է` ինքնասպանություն չէր, այլ` սպանություն: Վերջին մեկ տարվա ընթացքում դեպք եմ հիշում, որ սկզբից ենթադրել են, որ հակառակորդի կրակից է զոհվել, հետո պարզվել է, որ ներքին կոնֆլիկտի հետեւանք է եղել սպանությունը: Անճշտությունների մակարդակով լինում են դեպքեր, բայց մարտական զոհը ոչ մարտական կորուստ ներկայացնելու դեպքի մասին չեմ լսել այս տարիների ընթացքում: Դրա համար մեր բաց լինելը բավականին խոցելի է դարձնում հայ հասարակությանը, որովհետեւ շատերը պատկերացում չունեն մարտական իրականության մասին, ու նրանց համար ամեն մի կորուստն ինչ-որ անսպասելի, հսկայական երեւույթ է:

– Իսկ ո՞րն է www.razm.info կայքը ստեղծելու նպատակը:

– Սկզբում այն լրատվական բլոգ էր միայն, սակայն հետագայում սկսեցինք ավելի համակարգված աշխատել եւ դարձրինք լրատվամիջոց: Մեր հասարակության մեջ շատ լուրջ խնդիր կա` մարդիկ ռազմագիտական գիտելիքներ չունեն, լավ չեն պատկերացնում «պատերազմ» երեւույթը: Մեր նպատակն է` ցույց տալ` ինչ է պատերազմը, ռազմական մտածողություն ձեւավորել: Բնակչությունը, առավել եւս` Երեւանում, կարծես աշխարհից կտրված է ապրում` ինչ-որ պատրանքներով: Իրականում, Երեւանից մինչեւ մոտական դիրքեր, ավտոմեքենայով մոտավորապես մի ժամվա ճանապարհ է: