ՀՀ-ն կարող է կորուստներ կրել

07/06/2012

«Եթե որեւէ մեկը փորձի կանխատեսել փոխարժեքը, չհավատաք»,- երեկ կայացած ասուլիսում հայտարարել է ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը` շեշտելով, որ դոլարի փոխարժեքի ներկայիս բարձրացումը սարսափելի չէ: Ըստ նրա` փոխարժեքի այդ տատանումը բարձր տոկոսի դեռ չի հասել, իսկ 10 տոկոս տարբերության դեպքում գնաճային ճնշումները ընդամենը 1-2 տոկոս կլինեն: Անդրադառնալով արտաքին պարտքին` Ասատրյանը նշել է, որ դրա սպասարկման հետ կապված նույնպես խնդիր չի առաջանա, քանի որ պետությունը եկամուտներ ունի նաեւ արտարժույթով: Ասատրյանը տարօրինակ է համարել, որ վերջին շրջանում Հայաստանում բենզինն էժանացել է ընդամենը 2 տոկոսով, այն դեպքում, երբ միջազգային շուկայում նավթամթերքի գնանկումը երեք ամիսների ընթացքում 25 տոկոս է:

Իսկ ասուլիսին մասնակցող տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը չի բացառել, որ այս գործընթացի արդյունքում Հայաստանը կարող է զգալի վնասներ կրել: «Մենք կունենանք բավական մեծ վնասներ դոլարի արժեւորման եւ դրամի արժեզրկման այս փուլում, քանի որ մեր երկիրը հիմնականում ներմուծող է,- ասել է նա` ավելացնելով, -Այս հանգամանքն առաջիկայում կանդրադառնա Հայաստանի վրա, քանի որ այժմ վաճառքում դեռեւս նախորդիվ ներմուծված ապրանքներ են, եւ երբ սկսվի նոր խմբաքանակների ներմուծումը, այդ ժամանակ ազդեցությունն ակնհայտ կդառնա»: Բ. Ասատրյանը դրամի արժեզրկման հիմնական պատճառը համարում է մայիսի 6-ին Հայաստանում տեղի ունեցած ընտրությունները: «Ճիշտ է, արտաքին գործոններն ունեն իրենց ազդեցությունը, սակայն մեզանում տեղի ունեցած այն միջոցառումը, որն անվանում են ընտրություններ, դոլարի արժեւորման հիմնական պատճառն է: Կանխիկի ավելացումը շատ մեծ ազդեցություն ունեցավ այս գործընթացի վրա»,- ասել է նա: