Դժվար է միանշանակ ասել, թե այս շաբաթ որն էր տնտեսական ամենակարեւոր լուրը: Առաջնության դափնին երկու հավակնորդ ունի: ՀՀ վարչապետի նշանակումը եւ դրամի արագ արժեզրկումը: Պարզ սպառողի համար, իհարկե, կա երրորդը՝ գնաճը: Բայց դրան ուշադրություն դարձնող չկա: Այլապես հայաստանյան տնտեսական լուրերի թոփ-տասնյակում գնաճը երբեք առաջին տեղը չի զիջի: Հետեւաբար, վերադառնանք վարչապետի նշանակմանն ու արժեզրկման տեղեկատվությանը: Մանավանդ որ, արդեն կան առաջին փորձագիտական ու պաշտոնական մեկնաբանությունները: Վարչապետի վերանշանակումն անակնկալ չէր: Հետեւաբար` տնտեսական քաղաքականության լուրջ փոփոխությունների սպասում չկա: Վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ Բրյուսելից հաստատեց, որ Հայաստանը «գնում է էվոլյուցիոն զարգացման ուղիով»: Հաստատեց ու ավելացրեց, որ ինքը գիտի՝ «դա ավելի ցավոտ» ու երկարաժամկետ ճանապարհ է: Ու հետո բացատրեց, որ հասարակությանը ցավ պատճառելը մեր իշխանավորների կամքով չէ: Դրա պատճառը երկրի աշխարհաքաղաքական դիրքն է: Աշխարհաքաղաքական բոլոր գործընթացները մեր իշխանությունների ամենասիրելի «ատմազկան» են: Դրամի հախուռն արժեզրկումն էլ, օրինակ` Կենտրոնական բանկը, երկրից դուրս ընթացող գործընթացներով բացատրեց: Չնայած այն փաստին, որ այս հարգարժան գրասենյակն ինքն էր պաշտոնապես հայտարարել, որ շրջանառության մեջ ահռելի չափով աճել է կանխիկ փողը: Աճել էր ազգային դրամի տեսքով: (Ոչինչ, որ բոլորը գիտեն, որ ապրանքի քանակի ավելացումը գնի նվազման է հանգեցնում: Կարեւորը որեւէ բացատրություն բստրելն է): Հարկավ, դրամի արժեզրկումը, միջազգային գործընթացների ազդեցությունից բացի, սպեկուլյատիվ պատճառներ ունի: Դոլարի գնման ու վաճառքի կուրսերի մեկուկես տոկոսանոց տարբերությունը դա է ապացուցում: Վաղուց այդքան մեծ տարբերություն չէր արձանագրվել: Բայց սա մեր իշխանությունների ընտրած էվոլյուցիոն զարգացման հետեւանք համարելը ճաշակի հարց է: Որովհետեւ նրանք այս շաբաթ ուրախ-ուրախ հայտարարեցին բյուջեի կատարման մասին: Պարզվում է` 2012թ. առաջին հինգ ամիսների ընթացքում բյուջե մուտքագրվել է մոտ 15 մլրդ դրամ ավելի գումար, քան նախորդ տարի: Ընդ որում, 15 մլրդ-ից յոթը հավաքագրվել է մայիս ամսվա ընթացքում: Բայց չմոռանանք, որ այս տարվա բյուջեի մասին օրենքը ենթադրում է նախորդից 100 մլրդ դրամից ավելի հավաքագրել: Առայժմ միջին ամսականը երեք մլրդ է կազմում: Պարզ չէ, թե երբ եւ ինչպես է մուտք արվելու մնացած 85 մլրդ-ը: Մայիսյան ցուցանիշը խորհրդարանական ընտրությունների դրական հետեւանք համարել չի կարելի: Մեր տնտեսության էական հատվածը բաժին է ընկնում ներմուծումներին: Այսինքն` մեր տնտեսության հիմնական պատկերը հենց պարզ առեւտուրն է ձեւավորում: Վաճառելու համար խոշոր ներկրումների պիկը մայիս եւ նոյեմբեր ամիսներին է բաժին ընկնում: Բյուջետային հավաքագրումները` նույնպես: Մեր տնտեսության բոլոր գործընթացներն արտաքին պատճառներով բացատրելը չափազանցություն չես համարի: Վարչապետն էլ Բրյուսելում դա հաստատեց` ասելով, որ տրասֆերներն էական նշանակություն ունեն մեր տնտեսության համար: Այսինքն` արտասահմանում (հիմնականում` Ռուսաստանում) գործերը լավ ընթանան, մեր երկիր շատ տարադրամ կմտնի: Որ շատ տարադրամ մտնի` լավ կլինի: Որ լավ լինի` հնարավոր է, բյուջեն էլ կատարվի: Որ բյուջեն կատարվի` տնտեսական քաղաքականության ոլորտում մտածելու ու փոփոխություններ կատարելու կարիք չի լինի: Երկարաժամկետ ու ցավոտ կզարգանանք: Ցավոտ ու էվոլյուցիոն ճանապարհով: Ոչ թե Վրաստանի նման հեղափոխական ու անցավ ճանապարհով: Բրյուսելում արտասահմանցի լրագրողներին մեր վարչապետն այլ բաներ էլ է պատմել: Որպեսզի նրանց չթվա, թե մեր իշխանություններն անգործության են մատնված, վարչապետն ասել է, որ մեր իշխանությունները մտադիր են «մեծահարուստներին վերցնել հսկողության տակ եւ նրանց գործունեությունը դարձնել հրապարակային ու վերահսկելի»: Այսինքն` մեր մեծահարուստները շուտով դառնալու են ձեռնասուն: Նույնիսկ այդ արդյունքին հասնելու մեթոդն է նկարագրված: Կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում 500 բարձրաստիճան պաշտոնյաներ պարտավոր են հրապարակել ունեցվածքի ու եկամուտի հայտարարագրեր: Ավելին, պարզվում է` այդ հայտարարագրերը բաց են լինելու ինչ-որ տեղ ու «օն-լայն» տարբերակով: Որքան հիշում եմ` նախկինում էլ որոշակի պաշտոններ զբաղեցնողները հայտարարագրեր են լրացրել: Բայց դրանք ոչ մի տեղ գտնել հնարավոր չէր: 2012-ի խորհրդարանական ընտրություններից առաջ նույն վարչապետն ինքն էլ է այդ փաստաթղթից լրացրել: Իսկ դա ոչ մի տեղ հրապարակային չկա: Ո՛չ «օն-լայն»: Ո՛չ էլ ուրիշ կերպ: (Եթե սխալվում եմ՝ ուղղեք): Օտար լրագրողների առջեւ վարչապետը խոստացել է, «որ այս տարի լուրջ դեբատներ են սպասվում այս 500 բարձրագույն պաշտոնատար անձանց եկամուտների վերաբերյալ»: Այն, որ դեբատներ սպասվում են, ոչ ոք չի կասկածում: Բայց դժվար թե որեւէ մեկը հանդգնի պնդել, որ այդ դեբատները հրապարակային են լինելու: Ավելին, միայն անուղղելի երազողը կարող է հավատալ, որ դրանք հանգեցնելու են հարկային մուծումների: Ի վերջո, ոչ ոք չի կասկածում, որ մեր մեծահարուստներին երբեւէ հաջողվել է խուսափել մուծումներից: Բոլորն էլ գիտեն` ում մուծվել եւ որքան մուծվել: Իսկ այդ` արդեն երկու տասնամյակ «քննություն բռնած», համակարգը փոխելը էվոլյուցիոն ճանապարհ չես անվանի: Եթե անգամ հասարակագետ չես: Հեղափոխություններն, ի վերջո, կատարվում են հասարակական բարիքի բաշխման համակարգը փոխելու նպատակով: Իսկ մեր վարչապետն արդեն ասել է, որ մենք գնալու ենք էվոլյուցիոն ճանապարհով: