Նալբանդյան 106/1 հասցեում «Ավագշին» ընկերության կողմից քանդման աշխատանքների հետ կապված աղմուկը գնալով վերածվում է զավեշտի:
Հիշեցնենք, որ օրեր առաջ այդ տարածքում ծառահատումներ են կատարվել` հիմնվելով Երեւանի քաղաքապետարանի Բնապահպանության վարչության պետի կողմից տրված թույլտվության վրա: Համաձայն այդ գրության` կառուցապատողին թույլ էր տրվել թվով 17 ծառերից 5-ը վերատնկել տնկարանային տնտեսությունում, իսկ մնացած 12-ը` հատել, քանի որ վնասված է դրանց հետագա աճը: Ծառահատումների գործողության արդյունքում տարածքի բնակիչների, բնապահպանների եւ կառուցապատողի միջեւ վեճեր բռնկվեցին, մինչեւ անգամ` բանը հասավ ծեծկռտուքին եւ իրավապահ մարմինների միջամտությանը: Նշենք, որ Քաղաքապետարանի Բնապահպանության վարչությունը ծառահատման թույլտվությունը ստորագրել է մայիսի 25-ի ամսաթվով, իսկ մեկ շաբաթ առաջ, գործողությունների մեկնարկին զուգահեռ` ինտերնետային կայքէջերը, լրատվամիջոցներն ու սոցիալական կայքերը չեն դադարում տեղեկատվություն տարածել Նալբանդյան 106/1 հասցեի շուրջ ծավալվող թեմայի մասին: Մեր նախորդ հրապարակման մեջ մենք ներկայացրել էինք կառուցապատողի տրամադրած բոլոր փաստաթղթերը, որոնցից ելնելով` կարող ենք արձանագրել, որ «Ավագշին» ընկերությունը տիրապետում է քանդման աշխատանքների, ծառահատման եւ կառուցապատման բոլոր փաստաթղթերին: Այլ հարց է, որ քաղաքապետարանը երկակի խաղ է խաղում, այսինքն` մի դեպքում` ամրագրում է կառուցապատողի աշխատանքները մեկնարկելու բոլոր իրավունքներն ու թույլտվությունները, իսկ մյուս դեպքում` փորձում է պահանջատեր հանրային հատվածին «խարդախելով»` հաճոյանալ: Այսպիսով, երեկ արդեն լրատվամիջոցները տեղեկատվություն էին տարածել, համաձայն որի` Նալբանդյան 106/1 հասցեի բնակիչների հետ հանդիպման ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը տարակուսանքով հայտարարել է, թե տեղյակ չի եղել, որ տարածքում ծառեր են հատվել: Ավելին` քաղաքապետը «խայտառակություն» է որակել ծառերի հատման փաստը: Հայկական բուսաբանական ընկերության նախագահ, բուսաբան Էլեոնորա Գաբրիելյանը, ով մասնակցել է հանդիպմանը, հայտարարել է, որ քաղաքապետն այնքան է զարմացել, որ զանգերով հրահանգել է ցանկապատը նեղացնել, որպեսզի որոշ ծառեր պահպանվեն, երբ նորակառույցի հիմքն արդեն փորվել է: Ավելին` այն դեպքում, երբ քաղաքապետ Տ. Մարգարյանի ենթական` Բնապահպանության վարչության պետ Ա. Մարտիրոսյանն «ինքնաբուխ» ծառահատման թույլտվությունը տվել է դեռ մայիսի 25-ին: Ի՞նչ է ստացվում… Քաղաքապետարանի վարչության պետը քաղաքի համար կարեւորագույն փաստաթուղթ է ստորագրում, որի մասին պատկերացում չունի ինքը` քաղաքապետը, որն էլ խայտառակություն է համարում կատարվածը: Ստացվում է` կառուցապատողի գործողությունները խայտառակություն որակելով` քաղաքապետն առաջին հերթին խայտառակում է իր ենթակային` ստորագրած որոշման հետ միասին: Մինչդեռ հանրային ճնշումից «չոր» դուրս գալու Տ. Մարգարյանի այս խաղը թողնենք ու անդրադառնանք ավելի կարեւոր հարցի: Արդեն մեկ շաբաթից ավելի` բոլոր լրատվամիջոցներն ու սոցիալական կայքերը հեղեղված են Նալբանդյան 106/1 հասցեում տիրող «պայթյունավտանգ» իրավիճակը բնութագրող տեսանյութերով ու փաստերով: Մինչեւ անգամ կադրեր են տարածվել, որտեղ ըմբոստացող բնակիչը նետվում է աշխատող տեխնիկայի անիվների տակ, բայց, բարեբախտաբար, կանխվում է ողբերգությունը: Ոստիկանությունը տարածքից վիճաբանության մեջ մտած քաղաքացիների է բաժին տանում: Ստացվում է, որ քաղաքապետարանը մամուլին չի հետեւում: Ստացվում է, որ Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրանցված Տ. Մարգարյանը, ով ակտիվ օգտատերի համբավ ունի ու պարբերաբար նոր լուսանկարներ է տեղադրում այնտեղ, Նալբանդյան 106/1 հասցեի վերաբերյալ աղմկահարույց նյութերը չի տեսնում: Փաստորեն, կատարվածն իբրեւ խայտառակություն որակելով` Տ. Մարգարյանը հերթական «տրյուկն» է անում` փրկելով իր համբավը` «քցում» է եւս մեկ ներդրողի: Իսկ ծառերը «կյանքի գնով» արդեն հատվել են, եւ խայտառակություն է ընդամենը քաղաքային իշխանությունների ոչ ադեկվատ նման վարքագիծը: