Փողոցի փոշին լցվել էր գյումրեցի Ամալյայի բաց հողաթափերի մեջ, սակայն դրանից չէր փոխվել նրա դեմքի արտահայտությունը: Նա կանգնել էր դեպի տուն տանող ճանապարհին ու մի տեսակ ներքին խաղաղությամբ հետեւում էր փողոցի անցուդարձին:
Ներկած մազերի տակ թաքնված սեւ աչքերի մեջ երբեմն ընդգծվում էին կարիքները, որոնց մասին նա լռում էր: «Այստե՞ղ եք բնակվում» հարցիս ի պատասխան` նա մատնացույց արեց մետաղյա տնակների ետնամասում թաքնված տունը. «Ա՜յ, էնտեղ»։ Թաղամասը, որտեղ բնակվում էր տիկին Ամալյան, գտնվում էր Գյումրիի կենտրոնական ավտոկայանի հարեւանությամբ: Այստեղ հիմնականում բնակություն են հաստատել 1988թ. երկրաշարժից տուժածները, որոնց համար մինչ օրս էլ տեսանելի են երկրաշարժի հետեւանքները: Առ այսօր 6000-ից ավելի ընտանիքներ մնացել են երկաթյա դոմիկներում։ Նրանցից մոտ 1000-ը բնակվում են նշյալ թաղամասում: Տիկին Ամալյայի ընտանիքը դրանցից մեկն էր:
Տուն տանող ճանապարհին միայն լսվում էին նրա հողաթափերի քըստքըստոցները: Խիտ բնակեցված դոմիկներն այնքան միաձույլ էին իրար, ինչպես հարեւանների կենցաղը: «Երկրաշարժից հետո եկանք էստեղ: Ամուսնացա, ու տենց ապրում ենք, էլի»,- ասաց տիկին Ամալյան: Փոքրիկ երկաթյա տնակում ապրում է 3 ընտանիք` 14 հոգով: Դոմիկն ընդամենը մեկ սենյակ է, որի կենցաղին վաղուց հարմարվել են: «Դոշակները կգցենք պոլին, կքնենք, էլի: Ի՞նչ անենք: 3 երեխան իմն է, 2-ը` տեգորինս, երկուսն էլ` էն մյուս տեգորինս»,- ասաց տիկին Ամալյան` նայելով սենյակում վազվզող երեխաներին: Դոմիկը, որտեղ նրանք ապրում էին, 1 սենյակ էր, որը ծառայում էր թե՛ որպես հյուրասենյակ, թե՛ ննջասենյակ, թե՛ խոհանոց: Մեր զրույցին մերթընդմերթ միջամտում էր նաեւ տիկին Ամալյայի ամուսնու մայրը` տիկին Սվետլանան, ով հանգամանորեն ներկայացնում էր իրենց ապրելաձեւը: Երկրաշարժից հետո իրենք բնակարան էին ստացել, որը, սակայն, վաճառել էին:
«Կարիքից դրդված` վաճառեցինք: Էն ժամանակ ամուսինս հիվանդ էր, հիվանդանոցում պառկեցրեցինք, ու տենց տունը ծախեցինք 5000 դոլարով»,- նշեց տիկին Սվետլանան` շոյելով փոքրիկ Մհերի գլուխը: «Էս ձմեռը կռիսները խազել էին, կրծել էին մեր Մհերիկի գլխից: Ամռանն էդքան չեն երեւում էդ կռիսները, ավելի շատ ձմռանն են երեւում: Շոգը կզոռե, կռիսները չեն գա, բայց երբ արդեն ցուրտ է լինում, գալիս-լցվում են տուն»,- ասաց նա: Փոքրիկ Մհերը, լսելով մեր զրույցը, սկսեց ճպճպացնել աչքերը: «Կռիսները կծել… գլուխ…»,- հազիվ շաղկապելով բառերը` խոսում էր Մհերը: Երեխայի գլխի վրա դեռ մնացել է առնետների «ձեռագիրը», որի զգայական ցավը նա փորձում էր թարգմանել: «Կռիսներն էնպես էին կծել էրեխու գլխից, ոնց որ մարդ մորթած լինեին: Էնքան արյուն եկավ»,- ասաց տիկին Սվետլանան: Նրա խոսքով` դա միակ դեպքն էր այս տարիների ընթացքում, ինչը, սակայն, նրանք չեն կարողանում մոռանալ:
Ընտանիքի մյուս երեխաներին իրենց կենցաղը հետաքրքրում է այնքան, ինչքան հեռուստատեսային լուրերը: Թվում էր` նրանց երազանքները պտտվում էին այն սեղանի շուրջ, որի վրա ինչ-որ մեկն անխնամ կտրտել էր կաղամբը: Երեխաները մեկ` վազում էին, մեկ` աչքի «պոչով» նայում դրան: «Ի՞նչ անենք, արդեն հարմարվել ենք մեր կյանքին: Ես բարձր ճնշում ունեմ, տղես էլ` Ամալիկի մարդը, երեւանյան հիվանդություն nւնի: Դե ապրում ենք, էլի: Նպաստ ենք ստանում, տղերքս էլ են աշխատում…»,- պատմում էր տիկին Սվետլանան: Վերջինս իրենց կյանքի ամենադժվար պահերի մասին էլ խոսում էր առանց դժգոհությունների` իրեն առանձնահատուկ ժպիտով: Կնոջ ասելով` իրենք կրկին դիմել են համատիրությանը` բնակարան ստանալու համար, բայց գիտեն, որ պետք է սպասել: «Դե, մենք մի անգամ ստացել ենք, բա մարդ կա, որ վաբշե չի ստացել: Դե, հիմիկ իրենք պիտի ստանան, հետո` մենք…»,- տան «ստվարաթուղթ» հիշեցնող պատերին նայելով` խոսում էր տիկին Սվետլանան: «Ինչի՞ց պիտի բողոքեմ, ո՞ւմ բողոքեմ: Ում էլ բողոքեմ` նույնը պիտի էղնի: Ի՞նչ անեմ»,- շարունակեց նա: Դոմիկի պատերը «գծագրված» էին անձրեւի հետքերով: Կնոջ ասելով` անձրեւային եղանակներին սովորել են դիմակայել անձրեւաջրերին, ու նույնիսկ երեխաներն են օգնում տաշտեր տանել-բերելու հարցում: Տան թախտին նստած տիկին Ամալյան մի տեսակ ամոթխածությամբ էր լսում այս ամենը, հետո աննկատ սկսեց քորել ձեռքերը, որոնց վրա մեծ վերքեր կային: Տիկին Ամալյայի խոսքով` դրանք առաջացել էին լվացքի փոշու պատճառով: Սենյակի օդն աստիճանաբար խեղդող էր դառնում, երկաթյա տնակը, կարծես, կուլ էր տալիս արեւի ջերմության վերջին «կաթիլը»:
Հետաքրքիր է` այս տանն ապրող երեխաներն էլ նույնքան քչախոս էին, նույնքան լրջմիտ, որքան մեծերը: Նրանք հարցերի չէին պատասխանում, անթարթ նայում էին աչքերիդ` այդտեղ ինչ-որ պատասխան գտնելու պահանջով: Լուսանկարչական սարքս հանելուն պես` թույլ ժպտում էին, նայում իրար ու միանգամից շարք կազմում: Միայն փոքրիկ Նարեկն էր փախչում անծանոթներից: Նա ելումուտ էր անում տուն` չհասկանալով անծանոթների հայտնվելն իրենց տանը: Նրան հասցրեցի լուսանկարել միայն գնալու պահին, երբ տան սենյակից հետեւում էր անցուդարձին: Տիկին Ամալյան դա տեսնելով` միայն թարթեց աչքերը… Վերջինս սպասում էր իր չորրորդ զավակին, որի ապագայի ուրվագծերը փորձում էր գտնել բակի կնճռոտ բետոնին…