Վայոց Ձորի Եղեգիս գյուղի վարչատարածքում Վայոց Ձորի մարզպետ Սերգեյ Բագրատյանը փոքր հէկ է կառուցում: Մարզպետի անվամբ գրանցված «ԲիԷսԲի» ՍՊԸ-ն արդեն ավարտին է հասցնում հէկ-ի շինարարությունը, սակայն` առանց բնապահպանական փորձաքննության եզրակացության:
Բնապահպանության նախարարության «Բնապահպանական փորձաքննության» ՊՈԱԿ-ը մի քանի օր առաջ է հայտարարություն տեղադրել ԲՆ-ի կայքում` մայիսի 11-ին «ԲիԷսԲի» ՍՊԸ-ի կողմից Եղեգիսի գյուղապետարանում կազմակերպվելիք հասարակական լսումների մասին` «Խաչի քար» ՓՀԷԿ-ի կառուցման աշխատանքային նախագծի վերաբերյալ:
Հէկ-ի տարածքը հսկող պահակ Աղասին պատմեց, որ մինչ այս պահը շարժանիվն ու գեներատորը դրվել են, խողովակաշարի մի հատվածն` անցկացվել, իսկ հիդրոհանգույցն ամբողջությամբ պատրաստ է: Մարզպետ Սերգեյ Բագրատյանը մեզ հետ հեռախոսազրույցում ասաց, որ անհրաժեշտ բոլոր փաստաթղթերն իր մոտ են, կարող ենք գնալ ու ծանոթանալ: Նա նաեւ հայտնեց, որ նախատեսել է հէկ-ը գործարկել երկու ամսից: Սերգեյ Բագրատյանն այն կառուցում է KfW բանկի վարկային ծրագրով` 10,5 տոկոս դրույքաչափով: Փորձելու են օգտվել նաեւ Կիոտոյի համաձայնագրի քվոտաներից: Այս հէկ-ը Վայոց Ձորի մարզպետի` հէկ կառուցելու հերթական փորձն է:
Հիշեցնենք, որ նախորդ անգամ Սերգեյ Բագրատյանին այդպես էլ չհաջողվեց ավարտին հասցնել մեկ այլ հէկի կառուցման նախագիծը. «ՎՏՎ էներջի» եւ «ԱլՌուբ» ընկերությունների հակամարտությունն ավարտվեց նրանով, որ Բնապահպանության նախարարությունը երկուսին էլ կառուցման թույլտվություն չտվեց` հիմնավորելով, որ երկու ընկերություններն էլ չեն անցել բնապահպանական փորձաքննությունը: Մարզպետը, սակայն, կանգ չի առել: Նրա «ԲիԷսԲի» ընկերությունը ստացել է փոքր հէկ կառուցելու լիցենզիա: Սակայն, կրկին փորձաքննության եզրակացություն չստանալով, սկսել է շինաշխատանքներ իրականացնել:
«Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Հենրիկ Գրիգորյանը հաստատեց, որ իրենք հէկ-ի կառուցման փորձաքննության եզրակացություն դեռ չեն տվել, ուստի հէկ կառուցելու եւ շինաշխատանքներ սկսելու իրավունք ընկերությունը չուներ: Նա նաեւ ասաց, որ մայիսի 11-ին հէկ-ի վերաբերյալ առաջին լսումներն էին, թեեւ մարզպետը մեզ ասում էր, որ երկրորդ լսումն է եղել մայիսի 11-ին: «Եթե կառուցվել է առանց թույլատրության, բնականաբար, խախտում է: Էդ խախտման համար պատիժ է սահմանված, էդ պատիժ տվողը մենք չենք: Դա տարածքային քաղաքաշինական եւ բնապահպանական տեսչությունը կարող էր գնալ, եւ 1 մլրդ է կամ տրիլիոն է, տուգանեին»,- ասաց Հենրիկ Գրիգորյանը: Նրա խոսքով` փորձաքննության եզրակացության տրամադրումը գործընթացի մեջ է, որը կարող է երկար տեւել` մինչեւ կամ ավելի, քան մեկ ամիս:
Բնապահպանության նախարարության Բնապահպանական պետական տեսչության ջրերի վերահսկողության բաժնի պետ Հրաչ Սարգսյանն էլ տեղեկացրեց, որ Բնապահպանական պետական տեսչությունը «ԲիԷսԲի» ՍՊԸ-ի հէկ-ի նախագծին բացասական եզրակացություն է տվել: «Մեր տեսանկյունից ներկայացված նյութերը բավարար չէին, որ նույնիսկ ստանար շինարարության թույլտվություն»,- ասաց Հրաչ Սարգսյանը: «Ինչո՞ւ են հանրային լսումները կազմակերպվել ավելի ուշ, քան սկսվել է շինարարությունը» հարցին մարզպետ Բագրատյանը պատասխանեց, որ հանրային լսումներ լինում են նախնական եւ վերջնական` բնապահպանական. «Փորձաքննության եզրակացությունը, լսումներից հետո, երբ որ պիտի շահագործենք, պիտի դրվի վերջնական եզրակացությունը: Այսինքն` մենք որեւէ բան չխախտեցինք այս ընթացքում, եւ իրենք թույլ են տալիս»: «Բնապահպանության նախարարությունից մեզ հավաստիացրին, որ Դուք հէկ-ի կառուցումը սկսելու իրավունք չունեք դեռ»` մեր այս դիտարկմանն էլ մարզպետը հետեւյալ կերպ պատասխանեց. «Իրենք սխալ են բացատրել, դա երկու փուլով է, սկզբից Բնապահպանության նախարարությունն իր ՊՈԱԿ-ների միջոցով տալիս է, որ իրենք որեւէ առարկություն չունեն, որովհետեւ ուսումնասիրում են նախագիծը, շինարարության ընթացքում (իրենք չգիտեն` շինարարությունը ոնց է սկսվելու) պետք է սկսվի որոշ բան, որ իրենք սկսեն փորձաքննությունը, երբ որ իրենք սկսել են, դեռ մենք խողովակաշարն էլ չենք ավարտել, մասնակի արել ենք, բայց դեռ ամբողջովին չի ավարտվել, մնացել է մոտ 700 մետրի կարգի»: Մեկ անգամ եւս նշենք, որ նախարարության կայքում հանրային լսումները վերաբերում էին փոքր հէկ-ի կառուցման աշխատանքային նախագծին:
Մարզպետ Բագրատյանը մեր երկրորդ` արդեն դեմ առ դեմ զրույցի ժամանակ եւս մեկ անգամ հաստատեց, որ ունեն փորձաքննության եզրակացություն: Երբ խնդրեցինք այն ցույց տալ, ասաց, որ փաստաթուղթն ընկերության Երեւանի գրասենյակում է: «ԲիԷսԲի» ՍՊԸ-ի Երեւանի գրասենյակից ճշտեցինք, որ իրենց ձեռքում ոչ թե փորձաքննության վերջնական եզրակացությունն է, այլ լսումների արդյունքները: Բնապահպանական պետական տեսչության տեսուչները չե՞ն «նկատել», թե ինչպես է մարզպետ Բագրատյանը շինաշխատանքներ սկսել, թե՞ Վայոց Ձորում մարզպետին ամեն ինչ թույլատրվում է:
Քրիսռինե ԱՂԱԼԱՐՅԱՆԻ
hetq.am