ՀՀ բնապահպանության նախարարության կայքում տեղադրվել էր հայտարարություն, համաձայն որի` մայիսի 8-ին, ժամը 12:00-ին «Հ.Հ.Ն.Մ.Ս.» ՍՊԸ-ն Վայոց Ձորի մարզի Գողթանիկի գյուղապետարանում կազմակերպում է «Գողթանիկ» փոքր հիդրոէլեկտրակայանի կառուցման աշխատանքային նախագծի վերաբերյալ հասարակական լսումներ: Հաղորդագրության մեջ նաեւ հեռախոսահամար եւ հասցե էր նշված, որով կարելի էր կապ հաստատել «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ի հետ` լրացուցիչ տեղեկությունների համար: Հայտարարության մեջ նշված հեռախոսահամարով մայիսի 7-ին կապ հաստատեցինք «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ի հետ, որպեսզի ճշտենք` արդյոք փոփոխություններ չե՞ն եղել, լսումները տեղի ունենալո՞ւ են, եւ ՊՈԱԿ-ից ներկայացուցիչ մասնակցելո՞ւ է լսումներին, թե՞ ոչ: Մեր հեռախոսազանգին ի պատասխան` հավաստիացրին, որ լսումները կկայանան, եւ ՊՈԱԿ-ի փորձագետն էլ ներկա կլինի:
Մայիսի 8-ին Գողթանիկում էինք. լսումները տեղի չունեցան, որովհետեւ ոչ հէկ-ը կառուցող «Հ.Հ.Ն.Մ.Ս.» ՍՊԸ-ից, ոչ էլ ՀՀ բնապահպանության նախարարությունից ներկայացուցիչ չկար: Գյուղապետարանի մուտքի ցուցանակը դատարկ էր, լսումների մասին հայտարարություն փակցված չէր: Գյուղապետն էլ ավագանու մի քանի անդամների հետ ջրագծերի հետ կապված գործերով սար էր բարձրացել: Գյուղում բնակիչների հետ զրույցներից պարզ էր, որ «լսումներ» ասվածի մասին նրանք տեղյակ չէին, միայն լսել էին, որ նոր հէկ է կառուցվելու գյուղում: Գողթանիկում արդեն իսկ սկսվել է երկու նոր փոքր հէկ-ի կառուցումը: Արփա-Սեւան ճանապարհին լայն թափով կառուցվում է «Եղեգիս-3» փոքր հէկ-ը, գյուղի ներքեւում` «Եղեգիս-2»-ը: Մինչ սպասում էինք գյուղապետին ու ավագանու անդամներին, գողթանիկցի Արմինեն մեզ տարավ արդեն կառուցվող «Եղեգիս-2» հէկ-ը ցույց տալու: Ճանապարհին պատմեց, որ փոքրիկ ջրվեժ կա գետի վրա, ամռանը զբոսաշրջիկներ են գալիս այնտեղ հանգստանալու: Եղել են դեպքեր, երբ վրաններով մնացել են ջրվեժի մոտ գիշերելու:
Ջրվեժի ապագայի համար գյուղապետ Համբարձում Սամվելյանը չի մտահոգվում: Ասում է` եթե փոքր հէկ կառուցեն, ջրվեժը կմնա, քանի որ ճանապարհին խողովակներից դուրս եկող եւ գետին միացող առու կա: Գուցե ջրի քանակը նվազի հէկ-ի պատճառով, բայց ավագանու անդամները կատակով ավելացնում են, որ ավելի լավ է` ջուրը նվազի, որովհետեւ, երբ ջուրն առատ է, գետում լողալ չի լինում, «տանում կոխում է սալի արանքը, չես կարում լողաս»:
Երեք փոքր հէկ-երը հաջորդելու են իրար. մեկի խողովակաշարի ավարտից սկսվելու է մյուսինը: Ըստ գյուղապետ Համբարձում Սամվելյանի` «Գողթանիկ» հէկ-ը պետք է լինի գյուղի ներքեւի` «Եղեգիս-2» հէկ-ից անմիջապես հետո` Գողթանիկ թեքվող կամրջից ներքեւ, եւ «Եղեգիս-2»-ի ջուրը պետք է վերցնի «Գողթանիկ» հէկ-ը` 1.6 կմ խողովակներ անցկացնելով: «Մինչեւ հիմա ոչ մի պրետենզիա չունենք: Մի քիչ ջրի թողքով ենք մտահոգված ու ձկան պահով (գետում կարմրախայտ, բեղլու եւ կարաս տեսակի ձկներ կան.- Ք.Ա.), բայց դա էլ կլինի, ինձ թվում է: 150 լիտր պետք է թողք լինի»,- ասում է գյուղապետ Սամվելյանը: Նա վստահ է, որ գյուղին հէկ-երը վնաս չեն տա, քանի որ գյուղը գետից գրեթե չի օգտվում, չի ոռոգում գետի ջրով, ընդամենը 2 հա հող կա գետից ոռոգվող: Գյուղապետը կարծում է, որ գետը չի ջրազրկվի, քանի որ Խանջյանի առվից կառավարության որոշմամբ ոռոգման սեզոնին 4 խմ ջուր պետք է բաց թողնվի: «Այսինքն` դոտացիա են տալու, Արփա-Սեւան թունելը մեզնից վերեւ է, խնդիր չենք ունենալու»,- համոզված է Հ. Սամվելյանը: Գյուղապետը նաեւ հավաստիացնում է, որ մյուս երկու հէկ-երի վերաբերյալ գյուղի ավագանու եւ ակտիվիստների հետ հանրային քննարկում եղել է, բնապահպանության նախարարությունից էլ ներկայացուցիչ է եղել, սակայն, երբ խնդրեցինք ցույց տալ որեւէ քննարկման արձանագրություն, Հ. Սամվելյանն ասաց, որ այդ փաստաթղթերն իր մոտ չեն, քարտուղարի մոտ են, ով արդեն չի աշխատում գյուղապետարանում եւ իր հետ տարել է դրանք: «Ճիշտն ասած` էդ գործընթացը սկզբի օրվանից էլ գնում է, ժողովուրդը տեղյակ է, ուրախ են, ողջունում են: Այսօրվա դրությամբ` վերեւի հէկ-երը որ արված են, ժողովուրդն աշխատում է,- ասում է Համբարձում Սամվելյանը: -Այսօր եթե այդ հէկ-երն ամբողջ հզորությամբ աշխատեն, մեր համայնքի ջահելությանը տեղեր չի հերիքելու»: Գյուղից 6 բնակիչ է աշխատում հէկ-ում, նախատեսված է, որ 5 հոգի էլ կառուցվողում կաշխատի, նույնքան էլ` ներքեւի` «Գողթանիկ» հէկ-ում:
– Հիմա որ լսումները չկայացան, ի՞նչ պետք է անեք,- հարցնում ենք գյուղապետին:
– Դե նորից պետք է անենք, օր կփոխենք, ի՞նչ անենք: Գոնե իրենց ներկայացուցիչն էլ լինի, տենանք` ինչ անենք:
– Ձեզ զգուշացրե՞լ էին, որ չեն գալու այսօր:
– Չէ դե, ես սպասում էի:
– Իսկ ընկերության ներկայացուցիչն ինչո՞ւ չկար:
– Դե, պիտի գար, ընկերության ներկայացուցիչն ինքը պիտի շահագրգիռ լիներ: Այստեղ իրենց շահագրգռվածությունն է, ինձ էնքան էլ բան չէ: Եթե էս չեղավ, վաղը իրենք թղթաբանության հետ պրոբլեմ են ունենալու: Ինձ թվում է` օրը կփոխենք, նորից կնշանակենք, կգան:
Մայիսի 8-ից ցայսօր նոր քննարկման մասին հայտարարություն չի տրվել: Գյուղապետից հետաքրքրվեցինք, թե ում է պատկանում «Հ.Հ.Ն.Մ.Ս.»-ն: Ասաց` չգիտեմ: Գյուղացիներն էլ զրույցի ժամանակ ասում էին, որ իրենց գյուղում վարչապետի խնամին է հէկ կառուցում, թե որն է նրանը` չգիտեին: «Գողթանիկ» հէկ-ը կառուցող «Հ.Հ.Ն.Մ.Ս.» ՍՊԸ-ն գրանցվել է 2011թ. հուլիսին: Ըստ ՀՀ ԱՆ պետռեգիստրի տվյալների` հիմնադիրը Հայկ Սուվարյանն է: Հայկ Սուվարյանը վարչապետ Տիգրան Սարգսյանի փեսան է, ավագ դստեր` Նաիրա Սարգսյանի ամուսինը: Հայկ Սուվարյանը «Յունիբանկի» ներքին աուդիտի տնօրենն է: Ճշտելու համար, թե արդյո՞ք ինքն է զբաղվելու հէկ-ի աշխատանքներով, եւ ինչո՞ւ ՍՊԸ-ից լսումներին որեւէ մեկը չի մասնակցել, փորձեցինք կապ հաստատել Հայկ Սուվարյանի հետ: Ֆեյսբուքի միջոցով մայիսի 14-ին մեր գրած նամակին Հայկ Սուվարյանը չպատասխանեց:
Զանգահարեցինք նրա բջջային հեռախոսահամարին եւ ներկայացանք` որպես «Հետքի» լրագրող: Լսելով դա` Հայկ Սուվարյանն անմիջապես անջատեց հեռախոսը եւ հաջորդող զանգերին այլեւս չպատասխանեց:
Քրիստինե ԱՂԱԼԱՐՅԱՆԻ
hetq.am