50 գլոբալ հայերը. Արտակ Քալանթարյան

07/06/2012

Արտակ Քալանթարյանը ծնվել է 1963թ. Երեւանում, հանրահայտ գրող-հրապարակախոս, դրամատուրգ Արտաշես Քալանթարյանի ընտանիքում: 1985թ. ավարտել է Պոլիտեխնիկական ինստիտուտի ռադիոտեխնիկայի ֆակուլտետը: 1993թ. աշխատանքի է հրավիրվել ԱՄՆ Բոստոն քաղաք: 10 տարի (1996-2006թթ.) աշխատել է Microsoft կորպորացիայում, այնուհետեւ` Amazon ընկերությունում: 2007թ. հիմնադրել է իր սեփական IT ընկերությունը, որը կոչվում է Burly Marmot Software: Արտակն ամուսնացած է, ունի որդի եւ դուստր, ովքեր եւս գնացել են իր հետքերով եւ աշխատում են, համապատասխանաբար, Apple-ում եւ Microsoft-ում:

«Մեր ընտանիքում բոլորը հումանիտար կրթություն ունեցող մարդիկ էին: Հայրս եւ եղբայրս լրագրողներ էին, քույրս` երաժիշտ: Չգիտեմ` ինչպես ստացվեց, որ ես որոշեցի գնալ լրիվ այլ ուղղությամբ: Տանը Պոլիտեխնիկ ընդունվելու իմ որոշումը բավականին ծանր ընդունեցին, բայց ես իսկապես սիրում էի այդ մասնագիտությունը: Փոքրուց գիտաֆանտաստիկ ժանրի գրքերի հանդեպ մեծ սեր ունեի»,- ասում է նա:

Երբ Արտակը սովորում էր 3-րդ կուրսում, ռադիոտեխնիկայի ամբիոնում տեղադրվեց մի հսկա պահարան` համակարգիչ «Նաիրի 4», որը Արտակի մոտ մեծ ոգեւորություն առաջացրեց: Այն ժամանակ նա գրպանի էլեկտրոնային հաշվիչ ուներ, որի վրա ծրագրեր էր գրում: Դա նկատեց Արտակի դասախոսներից մեկը եւ առաջարկեց նրան աշխատանքի անցնել ամբիոնում: Մինչ օրս էլ Արտակը սիրով է հիշում իր գործունեությունն ամբիոնում եւ Հայաստան այցելելիս միշտ հանդիպում է իր նախկին գործընկերներին: «Այն ժամանակ, բնականաբար, Երեւանում համակարգչից հասկացող ընդամենը 40-50 հոգի կար, եւ բոլորս ճանաչում էինք միմյանց: Հավաքվում էինք «Պոպլավոկում»` մեր «ինտերնետը» դա էր: Մի քանի տեղ էի աշխատում, առանձնապես ապագայի մասին չէի մտածում, ուղղակի զբաղվում էի իմ սիրած գործով եւ կյանք վայելում: Մինչեւ հիմա էլ լավ չեմ հասկանում, թե ինչպես հայտնվեցի արտասահմանում (ծիծաղում է.- Ա.Ա.): Արդեն ամուսնացած էի, երկու երեխա ունեի: Վատ չէի ապրում այդ թվերին, սակայն տեղեկատվության մեծ պակաս էի զգում, նաեւ սովորելու կարիք ունեի, որը մինչեւ հիմա պահպանվում է: Այն ժամանակ Հայաստանում սովորելու եւ մասնագիտական աճի տեղ գրեթե չկար: Օրինակ, եթե ստացվում էր արտասահմանյան ինչ-որ մասնագիտական ամսագիր գտնել, դա շատ մեծ ուրախություն էր մեզ համար, եւ այն ծայրից ծայր կարդում էինք: Այնպես որ, առաջին հերթին, տեղեկատվության ազատության համար ցանկացա գնալ ԱՄՆ: 90-ականների սկզբին ես արդեն աշխատում էի ամերիկյան ընկերությունում: Կարելի է ասել, ես օգնեցի, որպեսզի Հայաստանում հիմնադրվի առաջին ամերիկյան IT ընկերությունը. այն կոչվում էր Boomerang Software: Բավականին հետաքրքիր պատմություն է: 25-26 տարեկան էի, վաճառեցի այն ամենը, ինչ հնարավոր էր, եւ այն ժամանակվա համար հսկայական գումարով մի համակարգիչ գնեցի, որի հիշողությունը 4 MB էր, ու սովորեցի այդ մեքենայով ծրագրեր գրել: Մի օր աշխատում էի, երբ մտավ գործընկերներիցս մեկը եւ ասաց, որ ինչ-որ ամերիկացի է եկել իր մոտ, որը գլուխ է գովում, թե իբր Հայաստանում ծրագրավորողներ չկան: Որոշեցի հանդիպել այդ ամերիկացուն: Նա թերահավատորեն հարցրեց` կարո՞ղ ենք «Basic»-ով գրած ծրագիրը C-ով գրել: Պատասխանեցի, որ այդտեղ ոչ մի բարդ բան չեմ տեսնում, եւ արեցի այդ գործը: Մի որոշ ժամանակ անց մեզ մոտ այդ ամերիկացու կողմից թիմ հավաքելու նպատակով եկավ մի հնդիկ: Այդպես Հայաստանում հիմնադրվեց Boomerang Software ընկերությունը: Ամսական 40 դոլար էինք ստանում, հետո սկսեցինք ստանալ 150 դոլար: Մենք մեզ միլիոնատեր էինք համարում, սակայն չգիտեինք` ինչի վրա ծախսենք այդ փողերը»:

Որոշ ժամանակ անց էլեկտրականության անջատման խնդիրներ սկսվեցին: Պատկերացրեք` մենք ամերիկյան շուկայի համար ծրագրեր ենք գրում եւ էլեկտրականություն չունենք: Երբ Արտակն ու իր ընկերները զգացին, որ չեն հասցնում գործն անել սահմանված ժամկետներում, որոշեցին մի փոքրիկ սենյակ վարձել մետրոյի «Բարեկամություն» կայարանի թունելի մոտ, որտեղ միշտ էլեկտրականություն կար: Երիտասարդ մասնագետները, բնականաբար, վախենում էին ասել, որ աշխատում են արտասահմանյան ընկերության համար եւ, երբ ոստիկանները գալիս էին ստուգման, պատասխանում էին, որ սա հրատարակչություն է…

«Մեզ մոտ իսկապես փայլուն թիմ էր հավաքվել, եւ անգամ այդ ծանր պայմաններում կարողացանք 3-4 ծրագիր գրել: Դրանցից մեկը, որը գրված էր Windows 3-ի համար, մինչեւ վերջերս գործածության մեջ էր: Ծրագիրը կոչվում էր Business Graphics, որն, ըստ մեզ, Excel-ից ավելի լավ էր աշխատում: ԱՄՆ գնացի 1993թ. դեկտեմբերին: Ինձ Boomerang Software-ը հրավիրեց աշխատելու իրենց մոտ` Բոստոն: Մինչ այսօր հիշողությանս մեջ շատ հստակ մնացել է մեկնելուս գիշերվա պատկերը` ահավոր ցուրտ էր եւ մառախուղ: Այն այնքան խիտ էր, որ օդանավակայան գնալու ճանապարհին մի քանի անգամ սխալ խաչմերուկից թեքվեցինք: Երեւի ինչ-որ վախեցնող սիմվոլիզմ կար այդ ամենի մեջ: Երբ բարձրացա օդանավ, մտածում էի, որ այլեւս երբեք չեմ տեսնի Հայրենիքս… Կինս եւ երեխաներս մնացին Հայաստանում: Մի քանի ամիս անց, երբ իրենց վիզաների հարցը լուծվեց, ես ուրախ զանգահարեցի կնոջս եւ ասացի, որ իրենք կարող են գալ ինձ մոտ: Կինս պատասխանեց, որ չեն գալու: Ապշած հարցրեցի, թե ի՞նչն է խնդիրը: Պարզվեց, որ ծնողները վատառողջ են, եւ ինքը չի կարող նրանց միայնակ թողնել: Փառք Աստծո, նրանք ապաքինվեցին, եւ շուտով մենք կարողացանք ընտանիքով միավորվել Բոստոնում: Հետագայում Բոստոնում 2-3 աշխատավայր փոխեցի: Վերջին իմ աշխատավայրը շատ էի սիրում` մի փոքր ընկերություն ունեինք, որտեղ աշխատակիցների մի մասը զբաղվում էր քոնսալթինգով, իսկ մյուսը` ինտերնետ-ծրագրերի ստեղծմամբ: Մի անգամ երեկոյան տնօրենը հավաքեց մեզ եւ հայտնեց, որ վաճառել է ընկերությունը: Ասաց, որ Microsoft-ն այնքան մեծ գումար է առաջարկել, որ չկարողացավ մերժել նրանց: Այդպիսով, պետք է տեղափոխվեինք Սիեթլ»:

Արտակը խոստովանում է, որ գերադասում է փոքր ընկերություններում աշխատել, սակայն ոգեւորված էր Microsoft-ում աշխատելու հնարավորությունից: Շուտով նա հայտնվեց մի թիմում, որը զբաղվում էր Internet Explorer 4-ի մշակմամբ: 2000թ. Արտակը տեղափոխվեց ուրիշ բաժին, սակայն միաժամանակ Microsoft աշխատանքի ընդունվեց նրա կինը` Սյուզանը, որը սկսեց աշխատել… Internet Explorer-ի բաժնում:

«Microsoft-ում աշխատում էի մինչեւ 2006թ., հետո մեկ տարի աշխատեցի Amazon-ում, որտեղ կրկին շատ հետաքրքիր գործ էր ինձ համար: Microsoft-ում դու թիմի մի մասնիկն ես, իսկ Amazon-ում դու ես քո տերը, եւ ազատությունը շատ է: Այնտեղ ես e-mail-ի թիմի տեխնիկական ղեկավարն էի, սարքեցի Amazon-ի նոր e-mail համակարգը, որն օրական մինչեւ 10 միլիոն էլեկտրոնային նամակ էր ուղարկում»:

Արտակը բազմաթիվ հետաքրքրություններ ունի, որոնք պարբերաբար տարբեր ուղղությամբ են տանում իրեն: Amazon-ից դուրս գալուց հետո Արտակը կես տարի զբաղվել է խոհարարական արվեստով: Այնուհետեւ մի օր որոշել է սեփական ձեռքերով կիթառ սարքել: Արտակը հիշում է, որ կինն եւ երեխաները զվարճանում էին իր այդ հետաքրքրության վրա, սակայն 2.5 տարի անց նա, ի վերջո, բավականին պրոֆեսիոնալ կիթառ ստեղծեց: Վերջերս Արտակի մոտ սեր է արթնացել դեպի մոտոցիկլային մարզաձեւը, եւ այսօր նա սովորում է վարել այդ «մետաղյա ձին»: Արտակը նաեւ իր հորը` Արտաշես Քալանթարյանին նվիրված ինտերնետային կայք է ստեղծել եւ թվայնացրել նրա բոլոր ստեղծագործությունները: Մեր հերոսը նաեւ խաշին եւ խինկալուն նվիրված երկու խոհարարական կայք է ստեղծել:

«Այսօր ես ունեմ իմ սեփական ընկերությունը` Burly Marmot Software-ը, եւ ծրագրեր եմ գրում Android-ի համար: Երկար համոզելուց հետո ինձ միացավ նաեւ կինս»,- ասում է նա: Արտակը աշխատում է նաեւ Disney-ի համար, ինչը, նրա կարծիքով, կրկին շատ հետաքրքիր է: Նրա ղեկավարը վարքային հոգեբան է (behavioral psychologist), եւ նրանք Disney-ի տարբեր այգիներում պարբերաբար տարբեր փորձեր են անցկացնում մարդկանց վարքագիծն ուսումնասիրելու նպատակով: Երբ զրուցում էինք Արտակի հետ, նա պատրաստվում էր մեկնել Փարիզ` հենց Disney-ի գործերով:

Արտակի երեխաները նույնպես ինժեներներ են` տղան սովորում է USLA-ում եւ պրակտիկա է անցնում Apple-ում: Արտակի աղջիկն աշխատում է Microsoft-ում: Արտակը կատակում է, որ իր ընտանիքն ընդմիշտ կապված է Microsoft-ի հետ: Երբ Արտակի ընտանիքը տեղափոխվեց ԱՄՆ, դուստրն ընդամենը 8 տարեկան էր, իսկ որդին` 4: Հիմնականում շփվում են անգլերեն լեզվով, սակայն երեխաները հայերեն գրել եւ կարդալ նույնպես գիտեն: Երեխաների հետ Արտակը եղել է Հայաստանում 2007թ.: Այս տարի դուստրը պատրաստվում է արձակուրդն անցկացնել Հայաստանում` իր ամերիկացի ընկերուհու հետ: «Ես ինձ շատ լավ եմ զգում Հայաստանում: Երբ գալիս եմ Երեւան, հաջորդ օրն այնպիսի զգացում ունեմ, որ ընդհանրապես չեմ էլ լքել Հայաստանը: Հայաստանում ինձ իսկապես շատ բան դուր է գալիս: Միգուցե շատ դժվարություններ չեմ նկատում, սակայն ինձ համար դրական բաներն ավելի շատ են, քան բացասականները: Բացի այդ, ինձ շատ է դուր գալիս ժամանակակից հայ երիտասարդությունը»,- ասում է Արտակը:

«Չեմ բացառում, որ որեւէ բան կանեմ Հայաստանի համար: Ենթադրում եմ, որ դա կապված կլինի կրթության ասպարեզի հետ: Ես, անկասկած, չեմ թողնի հայ գրականության հետ կապված իմ աշխատանքները, մասնավորապես, հայ գրողների ստեղծագործությունների թվայնացումը: Հորս կայքը միայն առաջին քայլն է»,- ասում է Արտակ Քալանթարյանը:

Արամ ԱՐԱՐԱՏՅԱՆ
mediamax.am