Ներամփոփ եւ գեղարվեստորեն սադրիչ քանդակներ

07/06/2012 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Մայիսի 30-ին «Ակադեմիա» պատկերասրահում կայացավ քանդակագործ Աշոտ Հարությունյանի անհատական ցուցահանդեսը, որը կշարունակի ցուցադրվել մինչեւ հունիսի 16-ը:

«Anti stangnation» խորագրով ցուցահանդեսի թե՛ նրբանկատորեն արված էքսպոզիցիան, թե՛ հեղինակի աշխարհայացքն ու արվեստի ընկալումն առաջ են քաշում այսօրվա համար բավականին ակտուալ, բազմաշերտ հարցադրումներ: «Anti stangnation» խորագիրն ունի փիլիսոփայական ուշագրավ ուղենիշ: Այն մեր հոգնած իրականությանն ու հասարակությանն առաջարկում է հակալճացման այլընտրանք: Նույնաբովանդակ հուշարձանների ու քանդակների տարափի ֆոնին` մեծ գերեզմանատան վերածված քաղաքի մեջ մի փոքրիկ գալերեայում հեղինակն ինքը` քանդակի, աբստրակտ արվեստի իր պատկերացումները խտացնելով, ներկայացրել է գեղագիտական ընկալման մի նոր որակ, որտեղ հեղինակն ու գործերն ազատագրված են ամեն տեսակ մատերիալիստական ու մարդկային մանիպուլյացիաներից: Ինքը` հեղինակը, վստահեցնում է, որ ցուցահանդեսի խորագիրը ոչ լճացման դեմ պայքարի ձեռնոց նետելու միտում է, ոչ էլ դիմադրություն է ինչ-որ գաղափարի: «Այս ցուցահանդեսը մեր իրականության համատարած լճացման ֆոնին` ազատության փաստի արձանագրությունն է: Ես ոչ մեկի դեմ դուրս չեմ եկել, ոչ մեկի դեմ պայքար չեմ մղում, պարզապես ազատության փաստն եմ արձանագրում»,- ասում է Ա. Հարությունյանը, ում ծավալային, երկաթե քանդակները տեղադրված են նաեւ բաց երկնքի տակ` Գիտությունների ազգային ակադեմիայի շենքի դիմաց: Ցուցահանդեսի այս ֆորմատը բավականին արտառոց է այն իմաստով, որ քանդակները ոչ թե փակված են գալերեայի պատերի ներսում, այլ` սփռված են նաեւ անընդհատ շարժման մեջ գտնվող մարդկանց տիրույթում` գիտնականների, համալսարանականների, արվեստասերների, պատգամավորների («Ակադեմիա» գալերեան գտնվում է ԱԺ շենքի դիմաց) միջավայրում: Այսինքն` որոշ քանդակներ իրենք են գնացել մարդկանց միջավայր: Ի դեպ, էքսպոզիցիայի շեշտադրումները կատարվել են նկարիչ, արվեստաբան Արա Հայթայանի միջամտությամբ, ով վստահ է, որ Աշոտ Հարությունյանի քանդակը, թարմ հարցադրումներով, մուտք է գործում ժամանակակից հանրային միջավայր: Ընդ որում, այն գիտակցաբար շրջանցում է ավանդական քաղաքային քանդակը, ուր օգտագործվող նյութը (քար, մետաղ, փայտ եւ այլն)` հարմարվելով հումքային մարմին, ենթարկվում է հիմնավոր փոփոխության` զրկվելով մայր նյութի հատկանիշներից: Վերլուծելով Ա. Հարությունյանի արվեստն ու, մասնավորապես, նյութը, որով նա աշխատում է` Արա Հայթայանը նշում է. «Ա. Հարությունյանն ընտրում է իր նյութն այն բանից հետո, երբ վերջինս արդեն ապրել է իրեն նախասահմանված «գործառութային առաքելության» կիրառման եւ օտարման փուլերը: Դա ժամանակակից արդյունաբերական ջարդոնն է, որը հանդես եկավ որպես վերջին տասնամյակների արժեհամակարգային ցնցումների եւ տնտեսական կաթվածի տեղային փաստացի վավերագիր: Անթաքույց հրապուրված այս անծայրածիր նյութի կիրառական դաջվածքով Ա. Հարությունյանը բծախնդրորեն պեղում է վերջինիս պատմական իրողությունը, կենսագրական շեշտերը: Այսինքն` ժամանակակից մարդն իր ստեղծած նեոբնության փշրանքներն օգտագործում է սեփական ներաշխարհի արխիտեկտոնիկ մարմնավորմանը հասնելու ճանապարհին»: Փաստորեն, ըստ Ա. Հայթայանի` ժամանակակից քանդակն արդյունաբերական հումքի միջոցով պատռելով արտաքին ձեւի շուրջ խոսելու տեղային ավանդական լեզուն, տեսանելիության ոլորտ է բերում ծավալային մոտեցումների այլընտրանքային քերականություն: Հետեւաբար` մերկ փաստացիության կնիքը կրելով հանդերձ` այն միաժամանակ մուտք է գործում պայմանականության ու խորհրդանիշի ընդարձակ տարածքից ներս: «Ա. Հարությունյանի քանդակային արարքները` կոչվեն դրանք իրական կյանքից ուղղակի մեջբերումներ կամ իրականության հետքերի կրկնակի սրբագրումներ, իրենց վերջնական, ավարտված ձեւի մեջ խորապես կերպարային են, ներամփոփ եւ գեղարվեստորեն սադրիչ»,- ասում է Ա. Հայթայանը: Նշենք նաեւ, որ Ա. Հարությունյանն իր մեծածավալ գործերից մեկը նվիրելու է Հարություն Գալենցի տուն-թանգարանին, եւ այն ցուցադրությունից հետո կտեղափոխվի տուն-թանգարան: Նա նաեւ առաջարկել է իր գործերից տեղափոխել` Փարաջանովի տուն-թանգարանի եւ Մատենադարանի տարածքում ցուցադրելու:

Ցուցահանդեսում ներկայացված են Ա. Հարությունյանի վերջին 1-2 տարվա գործերը, իսկ ծավալային աշխատանքներից ամեն մեկն ունի իր պատմությունը, որի շուրջ մենք զրուցեցինք հեղինակի հետ:

– Աշխատում եմ երկաթով, որը չափազանց հետաքրքիր է իր` մեկ անգամ արդեն օգտագործված լինելու բնույթով: Ներկայացված գործերից բոլոր մետաղները նախկին Խորհրդային տարիների շինարարության հումքն են, որոնք ենթարկվել են քանդման: Սրանք ազատագրվել են բետոնից, դուրս են եկել հողի տակից, նախկինում ջրագծեր, կառույցներ են եղել: Այս ամենն ավերվել, քանդվել եւ տոննաներով հանձնվել է մետաղի ջարդոնների բազաներին: Ես հիմնականում գնում եմ այդ տարածքներ, ժամերով փնտրում, ընտրում եմ, որից հետո իրենք դնում են կշեռքին ու ասում են` մեր արվեստագետին էժան կհաշվենք (ծիծաղում է.- Լ.Ս.): Ինքը` նյութը, շատ հետաքրքիր է, որովհետեւ մեկ անգամ օգտագործված է, եւ մարդիկ իր հետ անգիտակցաբար դաժանորեն են վերաբերվել: Քանդել, ջարդել են, որպեսզի երկաթն ազատագրվի այլ նյութերից, դրա համար նմանատիպ ծռվածքներ է ստացել: Երկաթն ինքնին դարձել է կախարդանք, հեքիաթ, որի մեջ ես հայտնվել եմ:

– Երկաթե ջարդոններից ամեն մեկն ունի իր պատմությունը: Մտավախություն չկա՞, որ դրանք կարող են պահպանել Խորհրդային ժամանակաշրջանի շունչը, ձեւը, մանավանդ, որ մենք ենթագիտակցորեն ժխտում ենք Սովետի գաղափարախոսությունն ու արվեստի տարածքում Սովետական իշխանության պարտադրած տաբուները:

– Խորհրդային շունչն ու ձեւն, իհարկե, չի պահպանվել: Պահպանվել է միայն Խորհրդային որակը, իսկ այդ ժամանակների ռուսական երկաթը շատ բարձր որակ ուներ: Կտրելուց, մշակելուց, գործողություններ կատարելուց, բնականաբար, մեծ դժվարություն եմ ունենում: Խորհրդային որակի անկախ մատերիալ է, որը հանձնման կետ հասնելու ճանապարհին մեծ պրոցեսներ է հաղթահարել: Մարդկային մսաղացի միջով անցնելով` երկաթն այնպիսի ծռվածքներ է ստացել, որն ինձ թույլ է տալիս իրեն ընտրելու: Բնականաբար, շատ մեծ աշխատանք եմ տանում` կտրվածքներ, մշակումներ, ֆակտուրաների, գույների լուծումներ, տեղ-տեղ հղկումներ, փայլեցումներ, ժանգի ֆակտուրայի ընդգծումներ եւ այլն: Երկաթն ինձ համար անվերջ հետաքրքիր է: Քանդակներից որոշների ժանգի պահպանումն էլ ինձ համար շատ կարեւոր է, որովհետեւ, բացի իր գունային գամմայից, որը ես շատ հետաքրքիր գույն եմ համարում, նաեւ շատ հետաքրքիր է ժանգի ֆակտուրան. երկաթը շատ դանդաղ ծակծկվում, մաշվում է եւ գնալով կոշտանում, խորանում է ֆակտուրան: Երկաթի առանձնահատկությունը նաեւ այդ տարիների մեջ իր ազատությունը պահպանելու ուժն է: Այսինքն` ինքը անտերության պայմաններում հանգիստ, ազատ է մնացել եւ բնության հետ` հողի, անձրեւի, ձյան մեջ եկել է ժանգի ֆակտուրային: Օրինակ, երբ ծառը կտրում են, ասում են` վրայի օղակները խորհրդանշում են ծառի տարիքը: Երկաթի դեպքում էլ` փոքրիկ, մանր փոսիկներ կան, որոնք ցույց են տալիս, թե այն քանի տարի է հողերի, ջրերի մեջ «ապրել»: Երկաթի այդ ազատության, անկախության, մենակության ուժը իր այդ ժանգի, խորհրդավոր նյութ լինելու մեջ է: Դա ինձ շատ է դուրս գալիս:

– Ինչո՞ւ եք ընտրել «Anti stangnation» խորագիրը:

– «Anti stangnation» այլաբանորեն հակալճացման, հակաճահճացման, հակակարծրացման իմաստ ունի: Այսինքն` խոսում են մի երեւույթի մասին, որը վաղուց վերափոխվելու, վերանայելու կարիք ունի: Դա մասնավորապես վերաբերում է այսօրվա քանդակագործությանը, մեզ շրջապատող քանդակներին: Նախորդ 20 տարին թեեւ խորհրդային էր, բայց գոնե համակարգված ձեւ ուներ` մրցույթների, հանձնաժողովների, նախարարների խորհուրդների հրահանգով պահպանվում էր որոշակի ձեւ: Իսկ եկող 20 տարին, որի ընթացքում, թվում էր, ավելի ազատ, անկաշկանդ ու պրոգրեսիվ պիտի լինեինք` արվում է` ինչպես ուզես, ոնց ուզես, որտեղ ուզես: Այսինքն` քանդակներն ու հուշարձանները ստեղծվում են թաղապետերի, պատգամավորների թելադրանքով, իրենց նախընտրական մակարդակով ու պատկերացումներով: Քանդակագործության զարկերակն այսօր չինովնիկների թելադրանքով է բաբախում: Հուշարձանը կառուցելու, քանդակը ստեղծելու եւ դրանք իրացնելու, հասցեագրելու պրոցեսը կատարվում է պատվիրատուի «գեղագիտական» իմացությամբ, փողի կշռին համահունչ: Վճարողը թելադրում է, իսկ քանդակագործն էլ` կոտրվելով, ճմրթվելով` վերջում ստանում է մի բան, որը միայն հավանում է այդ թաղապետը կամ հովանավորող մեծահարուստը: Արդյունքում` քաղաքը դարձել է մի մեծ գերեզմանատուն: Ցուցահանդեսի հակաճահճացման փիլիոսոփայությամբ բնավ դիմադրության ձեռնոց չեմ նետում մեր իրականությանը: Ես ընդամենն ունեմ փաստեր, թե ինչ է տեղի ունենում: Դրանից բխող բազմաթիվ հանգամանքներ կան, որտեղ ազատության փաստի ամրագրումը նոր շեշտադրումներ է առաջ քաշում, օրինակ` ազատություն ինչի՞ց, դեպի ո՞ւր կամ ինչպե՞ս: Աբստրակտ արվեստում, որը շատերի կողմից որակվում է` որպես վերացական, իմ որոնումներն ինձ համոզեցին, որ այն շատ ռեալ, շոշափելի, զգայական արվեստ է: Աբստրակցիան քեզ ուղեկցում է դեպի ազատություն, որտեղ կանգառ չկա: Չես կարող ասել, որ ես տեղ եմ հասել, դա խորը գաղափար է` անսահմանություն, որտեղ արվեստագետն անվերջ թաքուն էջեր է բացահայտում:

– Բացի «Ակադեմիա» գալերեայի ներսում գտնվող գործերից` որոշ ծավալային աշխատանքներ տեղադրված են նաեւ դրսում, օրինակ` Գիտությունների ազգային ակադեմիայի շենքի հարակից տարածքում: Հետաքրքիր է` ի՞նչ արձագանքներ են լինում, արդյո՞ք մարդիկ հետաքրքրված են նոր ի հայտ եկած այդ «մարմիններով»:

– Շատ քիչ է նայելու պրոցեսը: Անցորդները շատ են, նայողները` քիչ, իսկ տեսնողներն ավելի քիչ են: Ես պատրաստ եմ լսել այն մարդուն, ով քանդակները տեսնելիս` ուզում է հայհոյել, անիծել կամ որեւէ կերպ արտահայտվել: Պատրաստ եմ նաեւ լսել այն մարդուն, ով ասում է` ես չեմ հասկանում, բայց հետաքրքիր է: Ամեն ինչ այդտեղից է սկսվում: