ՖԱՖ-ը հավատաց, մեր ֆուտբոլիստներն էլ հաղթեցին

07/06/2012

Երեւանում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը հունիսի 5-ին փայլուն հաղթանակ է տարել Ղազախստանի ընտրանու հետ ընկերական խաղում: 3:0` հօգուտ մեր թիմի արդյունքն անչափ ոգեւորել եւ մեծ ուրախություն է պարգեւել, իհարկե, նաեւ ՖԱՖ-ին:

Հայկական ֆուտբոլի երկրպագուների միավորումը, ձեւավորված լավ ավանդույթի համաձայն, խաղից առաջ երթ էր կազմակերպել, որի ուղին հետեւյալն էր` Օպերա-Թումանյան փողոց-Հյուսիսային պողոտա-Հանրապետության հրապարակ-Վերնիսաժ-Վարդան Մամիկոնյանի արձան-Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտ:

Հայկական առաջին ճակատը, ի դեպ, տոնելու եւս մեկ առիթ ունի. 2007թ. հունիսի 6-ին կազմավորված ՖԱՖ-ը նշում է իր կազմավորման 5-ամյակը։ «Խաղի ժամանակ շատ մասշտաբային նշեցինք: Բազմաթիվ մարդիկ էին ներգրավվել մեր շարքերը: Դրոշները փոփոխելով` տարբեր նկարներ ենք ստացել, մեծ պաստառներով ենք ներկայացել»,- տեղեկացրել է ՖԱՖ-ի ղեկավար խորհրդի անդամ, PR պատասխանատու Արման Մկրտչյանը:

Հայկական ֆուտբոլի երկրպագուների ակումբը ստեղծման օրվանից ներկա է լինում Հայաստանի ֆուտբոլի ազգային եւ տարբեր տարիքային հավաքականների` Հայաստանում անցկացրած հանդիպումներին: Այժմ ՖԱՖ-ում գրանցված է մոտ 400 երկրպագու, բայց, ինչպես նշել է Արման Մկրտչյանը, համախոհների թիվը հասնում է 1200-ի. «Նաեւ Եվրոպայում ունենք մոտ 200 ֆաֆ-ականներ, որոնք եվրոպական տարբեր երկրներում են ապրում եւ իրենց ընկերների հետ գնում են այն խաղերին, որոնց մեր երկրի հավաքականը մասնակցում է»:

Ֆուտբոլի երկրպագուները տարբեր առիթներով հավաքվում, մարզադաշտում փորձեր են անում ու փորձում են Հայաստանում զարգացնել ֆուտբոլի երկրպագման մշակույթը: ՖԱՖ-ը պարբերաբար ընդունում է 16 տարեկանից բարձր նոր անդամների, բացի Երեւանից, ընդգրկում է մարզերում ապրող ֆուտբոլի երկրպագուներին: «Երեւանցիները եւ սփյուռքահայերն ավելի ակտիվ են, հիմա փորձում ենք մարզերի մասնաճյուղերը զարգացնել, որ խաղերի օրերին գան մայրաքաղաք ու մեզ միանան: Մեր շարքերում շատերը ընտանիքներով են գրանցված, երեխաների հետ են գալիս, աղջիկ երկրպագուներն էլ միշտ ակտիվ են»,- ասել է Արման Մկրտչյանը:

Արդեն 5 տարեկան ՖԱՖ-ն իր կանոնադրությունն ու երգացանկն ունի: Յուրաքանչյուր խաղի հետ էլ ծնվում են նոր երգեր ու կարգախոսներ: «Ունենք պատասխանատուներ, որոնք մշակում են տեքստերը, համախոհների կարծիքները հաշվի են առնում, հետո փորձերին սովորում ենք ու խաղին ոգեւորում մեր ֆուտբոլիստներին»,- հայտնել է PR պատասխանատուն: «Դե, տղերք ջան, մի հատ գոլ խփեք, գոլ խփեք, գոլ խփեք». այսպիսի վանկարկումներով ֆան-ակումբի անդամները ոտքի վրա մինչեւ վերջ երկրպագել են մեր ֆուտբոլիստներին:

Լիանա ՄԵՅԹԱՐՋՅԱՆ
Bravo.am