«Արամ սրբազանի հետ համայնքը հարցեր ունի»,- ասում է «Ակօս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիրը

07/06/2012 Մարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

«Ակօս» շաբաթաթերթի խմբագրությունը, կարծես, դարձել է հայրական օջախ Ստամբուլ ժամանող հայ լրագրողների համար (նշենք, որ այս օրերին Հայաստանից լրագրողները Թուրքիա են այցելել «Աջակցություն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավման» ծրագրի շրջանակներում): Այստեղ փնտրում ես այնպիսի հարցերի պատասխաններ, որոնք, ենթադրաբար, գիտես, բայցեւ շարունակում ես հետաքրքրվել: Խմբագրության բացօթյա պատշգամբը նույնպես հարազատ է դարձել, որտեղ մեկ բաժակ թեյի շուրջ սկսում է հետաքրքիր զրույց ծավալվել: Ամեն անգամվա պես նախ հիշվում են նախորդ հանդիպումներն ու տպավորությունները, եւ վերապրվում են գրեթե նույն րոպեները, ու թվում է` ուր որ է, բացվելու է պատշգամբի դուռը, եւ ներս է մտնելու թերթի նախկին խմբագիրը` Հրանտ Դինքը…

Խմբագրությունում մենք նախ հանդիպեցինք «Հրանտ Դինք» հիմնադրամի կոորդինատորի հետ, ով հանգամանորեն ներկայացնում էր իրենց կատարած աշխատանքն ու ծրագրերը, որից հետո հանդիպեցինք նաեւ թերթի ներկայիս գլխավոր խմբագիր Ռոբեր Քոփթաշին: Չնայած վերջինս չէր ցանկանում, որպեսզի զրույցը ձայնագրվեր, բայցեւ շատ արագ զրույցը վերածվեց, այսպես ասած` մամուլի ասուլիսի: 50.000 ստամբուլահայ համայնքի կարեւոր խնդիրներից մեկը խմբագիրը համարեց Կ.Պոլսի հայոց պատրիարքարանում ստեղծված իրավիճակը:

«Պատրիարքարանի մեջ հարցեր ունենք: Համայնքն ուզում է նոր պատրիարք ընտրի, բայց պատրիարքարա՞նը, թե՞ պետությունը չուզեցին: Հիմա փոխանորդ պատրիարքով կգոհանանք: Արամ սրբազանի (Կ.Պոլսի հայոց պատրիարքության պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյան.- Մ.Մ.) հետ էլ համայնքը հարցեր ունի, մենք էլ հարցեր ունենք: Հարկավ, նրանք էլ իրենց դիրքն ունեն, որոնց հարգում ենք: Բայց կարող եմ ասել, որ ընդհանուր առմամբ հարցն այն է, որ Թուրքիան փոխվում է, ավելի ժողովրդավար երկիր է դառնում: Կան մեծ հարցեր, եւ հնի համեմատ` ամեն բան ավելի լավ է, ավելի բաց է, ավելի ժողովրդավար է, մարդկանց իրավունքների նկատմամբ հարգանք կա, եւ այսպես պետք է շարունակվի: Այդպես ենք տեսնում»,- ասաց Ռ. Քոփթաշը: Նրա փոխանցմամբ` գլխավոր հարցերից մեկն այն է, թե ինչպես պետք է համայնքը կառավարվի, եւ արդյո՞ք կրոնականներն են որոշումներ ընդունելու: Տվյալ պարագայում, սակայն, որեւէ որոշում չի կայացվել, եւ դա իրենք հրապարակավ չեն քննարկում: Ռոբեր Քոփթաշի խոսքով` նախկին տարիների համեմատ` իրավիճակը խիստ փոխվել է: «Այսինքն` հիմա դժվարությունները երկուսն են դարձել. պետության հետ հարցերը, որոնք միշտ ունենք, բայց որոնք թեթեւ են դարձել, եւ մեր ներսի հարցերը, որոնք պայմանավորված են կրոնականների կամ հիմնարկների, ատենապետերի հետ, որն ավելի դժվար, անլուծելի է դարձնում, որովհետեւ մենք, համայնք լինելով, պետք է որոշումներ տանք, որից հետո պահանջատեր լինենք` դիմելով պետությանը»,- նշեց Ռ. Քոփթաշը:

Իսկ հարցին, թե ի՞նչն է խանգարում, որպեսզի ստամբուլահայ համայնքը հանդես գա պահանջներ ներկայացնելով, նա պատասխանեց. «Այս հարյուր տարվա ընթացքում համայնքի պետերը վարժվեցին գոց դռների ետեւում, առանց հաշիվ տալու գործելու, եւ սա իրենց համար լավ է: Խոսքը թե՛ կրոնավորների, թե՛ որոշ ատենապետերի մասին է»: Խմբագրի դիտարկմամբ` ստամբուլահայ համայնքը ցանկություն հայտնեց աթոռակից պատրիարքի ընտրություն կազմակերպելու, ինչին համամիտ էր նաեւ պատրիարքարանի կրոնական ժողովը` նշյալ հարցով դիմելով Թուրքիայի իշխանություններին: «Բայց, իմ կարծիքով, երբ հասկացվեց, որ Արամ սրբազանը չի կարողանալու ընտրվել, այսինքն` ժողովուրդը քվե չէր տա նրան, այդ ժամանակ իրենց` աթոռակից պատրիարքի որոշումից ետ կանգնեցին, եւ այդպիսով պետությունն էլ շատ չուզեց, որովհետեւ այս վիճակից գոհ է: Արամ սրբազանից գոհ է, չէր ուզում, որ հարցման նշանով իրեն անծանոթ մեկն ընտրվի աթոռակից պատրիարք: Պետությունն ու պատրիարքարանը գլուխ գլխի տվին եւ այսպիսի լուծում տվին: Եթե` ոչ, պատրիարքարանը կարող էր ճնշել եւ ասել, որ կրոնական նոր ժողովի ժամանակ որոշել են աթոռակից պատրիարք ընտրել: Բայց, վստահ եղեք, ժողովուրդը համամիտ կլիներ: Այսինքն` կարեւորը աթոռակից պատրիարքի հարցը չէր, այլ այն, որ ընտրություն լիներ, այսինքն` ընտրված աթոռակալ լիներ, որ Արամ սրբազանն ինքը պարզապես չուզեց»,- ասաց Ռ. Քոփթաշը:

Նրա գնահատմամբ` այսօրվա ստամբուլահայ համայնքում նկատելի է անկազմակերպվածություն, ինչն ավելի, քան բարդացնում է հայկական հարցի լուծումը: Այս իմաստով «Ակօսի» խմբագիրը որեւէ հույս չի կապում Թուրքիայի վրա արտաքին ճնշումների հետ` համոզված լինելով, որ տվյալ հարցի լուծմանը կարելի է հասնել միայն Թուրքիայի` ժողովրդավար երկիր դառնալու ճանապարհով: «Եթե հայերն ավելի ազգայնամոլ, ավելի թշնամական դառնան թուրքերի հետ, ապա Թուրքիայի վրա նեգատիվ ազդեցությունն ավելի շատ կլինի»,- նկատեց Ռ. Քոփթաշը, ում դիտարկմամբ` հայ-թուրքական սահմանի բացման մասին արձանագրությունները հույս էին իրենց համար, եւ մտածում էին, որ երկու ժողովուրդները սկսելու էին «ճանաչել իրար խաղաղ ճանապարհով»: «Բայց, դժբախտաբար, Թուրքիան փոխեց իր դիրքը: Կարծես, Դավութօղլուի եւ Գյուլի ընտրած մի ճանապարհ կար, բայց Էրդողանը միջամտեց եւ ուրիշ ճանապարհ ընդունեց` կտրելով Դավութօղլուի եւ Գյուլի ձայնը: Այստեղ Հայաստանի որոշումն ավելի երկրորդական եղավ, որովհետեւ ավելի ուժեղը` Թուրքիան է պարտադրում: Իրականությունը սա է: Եվ ի՞նչ արեց Էրդողանը. սահմանների բացման հարցը կապեց Արցախի հարցի հետ: Եվ հույս չունեմ, որ սահմանները կբացվեն` առանց Արցախի հարցի լուծման, որովհետեւ Էրդողանն իր քաղաքական ուժը դրեց այդ գծին, եւ դժվար է արդեն»,- նշեց Ռ. Քոփթաշը:

Վերջինս անդրադարձավ նաեւ Թուրքիա-Ֆրանսիա հարաբերություններին` խնդիրը դիտարկելով Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը քրեականացնող օրինագծի ընդունումից հետո Թուրքիայում ստեղծված իրավիճակի տեսանկյունից: Մեր հարցին, թե արդյո՞ք հիշյալ օրինագծի չընդունվելը փոխեց Ֆրանսիա-Թուրքիա հարաբերությունների որակը, խմբագիրը պատասխանեց. «Եթե Թուրքիայի եւ Ֆրանսիայի աջ կողմը նայենք, ապա մեծ վտանգ կար, որն այսօր մասամբ ոչնչացված է, բայց դարձյալ կարող է վտանգ գալ: Այդպիսի փուլ կարող է մտնել, եւ դարձյալ պետք է տեսնել` ինչ կլինի: Բայց ես այն համոզումն ունեմ, որ ընդհանուր առմամբ Ֆրանսիան չի ուզում կորցնել Թուրքիան, եւ ԱՄՆ-ը եւս չի ցանկանում կորցնել Թուրքիան»: Ռ. Քոփթաշի խոսքով` Թուրքիային ձեռնտու է նաեւ լավ հարաբերություններ պահպանել Հայաստանի հետ, քանի որ, ըստ նրա, «մի փոքրիկ, աղքատ երկրի» հետ պատմական հարց չլուծելը հնարավորություն չի տալիս Թուրքիային պահանջատեր լինել, ձայն ունենալ մեծ հարցերում:

Ստամբուլ-Երեւան