Եվրոպական ուսումնական ծրագիր

07/06/2012

Եվրոպայի խորհրդի Քաղաքական դասընթացների երեւանյան դպրոցը (ՔԴԵԴ) ընդունում է հայտեր 2012-2013 ուսումնական տարվա ընթացքում կազմակերպվելիք սեմինարներին մասնակցելու համար: Կազմակերպվելու է մինչեւ մեկ շաբաթ տեւողությամբ քաղաքագիտական տարբեր թեմաներով 3 սեմինար Հայաստանում (սեմինարները տեղի կունենան տարբեր ամիսների), եւ մեկ սեմինար Ստրասբուրգում (Ֆրանսիա): Յուրաքանչյուր հաջորդ սեմինարին կհրավիրվեն միայն ուսումնական գործընթացին պարտաճանաչորեն մասնակցողները: Ստրասբուրգյան սեմինարի ավարտին ՔԴԵԴ-ի շրջանավարտներին կտրվեն դիպլոմներ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի մակագրությամբ: Ստրասբուրգյան սեմինարին կհրավիրվեն միայն արդյունավետությամբ աչքի ընկած մասնակիցները: ՔԴԵԴ-ի նպատակն է` օժանդակել երիտասարդ քաղաքական գործիչների իմացությունների ընդլայնմանը եւ քաղաքական ժողովրդավարական մշակույթի խորացմանը:

ՔԴԵԴ կարող են դիմել խորհրդարանի, ավագանիների անդամները, նախագահի, կառավարության եւ ԱԺ աշխատակազմերում, նախարարություններում, հասարակական կազմակերպություններում (բացառապես քաղաքական ինստիտուտների հետ համագործակցող կամ համատեղ գործունեություն ծավալող), դատաիրավական համակարգում, տարածքային եւ տեղական կառավարման մարմիններում, բանակում, ոստիկանությունում, բիզնեսում եւ տնտեսվարող սուբյեկտներում, ԱԺ-ում ներկայացված կուսակցություններում, նրանց երիտասարդական կառույցներում պատասխանատու դիրքեր զբաղեցնողները, քաղծառայողները, հայեցողական պաշտոն զբաղեցնողները, միջազգային կազմակերպությունների աշխատակիցները, ինչպես նաեւ` լրագրողները, վերլուծաբանները, քաղաքագիտական ոլորտի մասնագետները: Մասնավոր անձանց մասնակցություն ՔԴԵԴ-ի սեմինարներին չի նախատեսվում:

Հայտատուն պետք է`

1. Ունենա նվազագույնը 2-3 տարվա աշխատանքային ստաժ։

2. Լինի մինչեւ 35 տարեկան: Ընտրվելիք մասնակիցների 25 տոկոսի չափով բացառություն կարվի մինչեւ 40 տարեկանների համար:

Ռուսերենի կամ անգլերենի իմացությունը պարտադիր է:

Քաղաքական դասընթացների երեւանյան դպրոցի կազմակերպելիք սեմինարներին մասնակցել ցանկացողները պետք է պարտադիր ներկայացնեն. 

1. Դիմում-հարցաթերթիկ (հատուկ ձեւը)։ 

2. 2 լուսանկար (մեկը փակցնել դիմում-հարցաթերթիկին)։ 

3. Ինքնակենսագրություն (CV)։

4.Շարադրանք «Ինչո՞ւ եմ ցանկանում սովորել ՔԴԵԴ-ում» թեմայով (մեկ տպագիր էջի սահմաններում)։

5. Երաշխավորագիր (պարտադիր կնքված) հայտատուին գործուղող կառույցի ղեկավարից առ այն, թե`

ա) Ինչո՞ւ է հայտատուին երաշխավորում մասնակցել ՔԴԵԴ-ի սեմինարներին: Որո՞նք են սպասելիքները։

բ) Ինչո՞վ են իր կազմակերպության նպատակներն ու ծրագրերը համընկնում ՔԴԵԴ-ի առաքելության հետ:

Երաշխավորող մարմինը պատասխանատվություն է կրում իր կողմից ՔԴԵԴ գործուղվող հայտատուի համար: Երաշխավորողի կողմից հայտատուի երաշխավորագիրն ուժը կորցրած համարելու դեպքում հայտատուն այլեւս չի հրավիրվում ՔԴԵԴ-ի սեմինարներին։

6. Հավաստագիր (պարտադիր կնքված) աշխատավայրից, որ ՔԴԵԴ-ի կազմակերպելիք միջոցառումների ու սեմինարների ընթացքում հայտատուն ազատ կլինի աշխատանքի գնալու պարտականությունից եւ կվճարվի այդ օրերի համար։ 

7. Փաստաթուղթ վերջին 2-3 տարվա (2009-2012) աշխատանքային ստաժի վերաբերյալ։

8.Վկայական օտար լեզվի իմացության մասին (եթե կա):

Ֆաքսով կամ էլ. փոստով ստացված փաստաթղթերը չեն կցվում գործերին: Ներկայացնել միայն բնօրինակները:

Ըստ անհատական դեպքի` կարող են պահանջվել այլ փաստաթղթեր:

Իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն ներկայացրածները, դրանք ի հայտ գալուն պես, կզրկվեն ՔԴԵԴ-ի աշխատանքներին մասնակցելու հնարավորությունից:

Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները պետք է ներկայացնեն իրենց կազմակերպության քաղաքական ինստիտուտների հետ համագործակցությունը փաստող վկայագրեր:

Նախնական մրցույթի փուլը հաղթահարած թեկնածուներին կտրվի քննություններին մասնակցելու հնարավորություն:

ՔԴԵԴ-ի սեմինարներն արտագնա են (Ծաղկաձոր, Ջերմուկ եւ այլն): ՔԴԵԴ-ում սահմանված չէ ուսման վարձ, եւ ուսուցումն անվճար է: Բացի այդ, հայաստանյան սեմինարների մասնակցության ծախսերն ամբողջությամբ հոգում է ՔԴԵԴ-ը: Նրանք, ովքեր կհրավիրվեն ստրասբուրգյան սեմինարին, մասնակիորեն, 360 եվրոյին համարժեք դրամի չափով, հոգում են իրենց մասնակցության հետ կապված ծախսերը:

Եվրոպայի խորհրդի կողմից սեմինարների եւ մյուս միջոցառումների չֆինանսավորման կամ ֆինանսավորման կրճատման պարագայում կարող է կրճատվել սեմինարների ու միջոցառումների քանակը:

Փաստաթղթային փաթեթը ներկայացնել անձամբ` անձնագրի առկայությամբ: Թերի ներկայացված դիմումները ենթակա չեն քննարկման: ՔԴԵԴ հանձնված փաստաթղթերը չեն պատճենահանվում եւ չեն վերադարձվում:

Դիմումներն ընդունվում են հունիսի 19-21-ը, ժամը 12:00-14:00-ը: Հասցե՝ Խորենացու պող. 33, «Տաշիր» կենտրոնի 6-րդ` գրասենյակային հարկ, 31-րդ սենյակ:

Հեռախոս` 51 11 71
Ինտերնետային էջ` www.ysps.am