Եկավ, տեսավ, աջակցեց

05/06/2012

Թե ինչ ուղերձներ էր բերել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ՀՀ իշխանություններին` պարզ կդառնա առաջիկա զարգացումներից: Հ. Քլինթոնի ժամանումից րոպեներ առաջ Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը մեծ հանդիսավորությամբ մրցանակներ հանձնվեցին հիմնականում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, ապա ԱՄՆ պետքարտուղարը կարճ ելույթ ունեցավ, որում կրկին կարեւորեց քաղաքացիական հասարակության դերը երկրի ժողովրդավարացման գործում եւ ուղեւորվեց հանդիպելու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ, որին, ինչպես նշված է այդ հանդիպման մասին պատմող պաշտոնական հաղորդագրության մեջ, որակեց` որպես «հիանալի առաջնորդ»: Եթե շատ հակիրճ, գոնե մակերեսային տպավորությամբ բնութագրենք Քլինթոնի երեւանյան այցի հիմնական շեշտադրումները, ապա կարելի է արձանագրել` ԱՄՆ-ը` որպես գործընկեր, աշխատում է ՀՀ իշխանությունների հետ, միաժամանակ` քաջալերելով քաղաքացիական հասարակության կայացումը: Սա, ըստ էության, այն քաղաքականությունն է, որն ամերիկյան կողմը հետեւողականորեն վարում է վերջին տարիներին Հայաստանում: Քաղաքացիական հասարակության ակտիվացումը վերջին տարիներին իսկապես կարելի է համարել Հայաստանի ամենակարեւոր ձեռքբերումներից մեկը: Սակայն, մյուս կողմից, քաղաքացիական հասարակությունը ներկայացնող խմբերի, անհատների գործունեությունը վերջին շրջանում սկսել են դիտարկել այլ պրիզմայով: Խոսքը մասնավորապես քաղաքականության` «քաղաքացիական» դառնալու մասին է: Այդ գաղափարը հետեւողականորեն զարգացվում է տարբեր վերլուծաբանների, քաղաքագետների, հանրային գործիչների կողմից, եւ դրա իմաստն այն է, որ քաղաքական ուժերը` կտրված լինելով քաղաքացուց, անհատից, պետք է գնան քաղաքացիական շարժումների հետեւից, տրանսֆորմացվեն քաղաքացիական հասարակության պահանջներին համապատասխան: Ամենեւին չթերագնահատելով քաղաքացիական հասարակության դերը, եւս մեկ անգամ արժեւորելով նրանց գործունեությունը, այդուհանդերձ, կարծում ենք` սխալ, անթույլատրելի է քաղաքական համակարգը քաղաքացիական միավորներով փոխարինելու մտայնությունը, որն, ըստ էության, թաքնված է այդ գաղափարի հեղինակների փաստարկների հետեւում: Այո, Հայաստանում քաղաքական համակարգը թերեւս բոլոր համակարգերից ամենաանկատարն է, ինչն էլ, ըստ էության, ներկայիս դեգրադացված իրավիճակը ծնող հիմնական պատճառներից մեկն է: Ընդ որում, որքան ավելի է լղոզվում քաղաքական համակարգը, որքան կուսակցություններն ավելի են խրվում այդ ճահճի մեջ, այնքան քաղաքացիական հասարակությունը կայանում է, ավելի առողջ է դառնում: Ընդ որում, քաղաքական համակարգի ներկայիս վիճակն ամենաշատը ձեռնտու է իշխանություններին, քանի որ, հակառակ դեպքում, նրանք չէին կարողանա անել այն, ինչ հնարավոր եղավ, օրինակ` մայիսի 6-ի ընտրություններում: Այնպես որ, Հայաստանին` կայացած քաղաքացիական հասարակության հետ միասին, օդ ու ջրի պես անհրաժեշտ է նաեւ կայացած քաղաքական համակարգ: Այս պահին կարելի է արձանագրել, որ դա ամենաքիչը ձեռնտու է իշխանություններին, ներկայիս կուսակցական վերնախավերին ու քաղաքացիական հասարակությունը ներկայացնող գործիչներին: Իհարկե, այս օրերին նման պնդումները պոպուլյար չեն, բայց գոնե վերջին շերտի ներկայացուցիչները երեկ մրցանակներ էին ստանում նաեւ ոչ պոպուլյար գաղափարներ արտահայտելու համար: