Նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 5-7-ը պաշտոնական այցով կմեկնի Ճապոնիա: Ինչպես տեղեկացնում է նախագահի մամլո գրասենյակը, Սերժ Սարգսյանը Տոկիոյում հանդիպումներ կունենա Ճապոնիայի բարձրագույն ղեկավարության հետ, կքննարկի հայ-ճապոնական հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր: Նախագահը հանդիպում կունենա նաեւ Ճապոնիայի գործարար համայնքի ներկայացուցիչների հետ: Սենդայ քաղաքում Սերժ Սարգսյանը կայցելի «Յուրիագ»-Հիյորիյամա» հուշահամալիր, հարգանքի տուրք կմատուցի ցունամիի զոհերի հիշատակին, կծանոթանա աղետի հետեւանքների վերացման ուղղությամբ կատարված աշխատանքներին: Հանրապետության ղեկավարը հունիսի 8-ին պաշտոնական այցով կմեկնի Վիետնամի Սոցիալիստական Հանրապետություն: Վիետնամում Սերժ Սարգսյանը հանդիպումներ եւ քննարկումներ կունենա երկրի բարձրագույն ղեկավարության հետ: Նախատեսվում է նաեւ հայ-վիետնամական երկկողմ հարաբերությունների զարգացմանն ուղղված փաստաթղթերի ստորագրման արարողություն: Հանոյում Ս. Սարգսյանը հանդիպում կունենա նաեւ հայկական բուհերի շրջանավարտների հետ: Թե որքանով են հայ-ճապոնական եւ հայ-վիետնամական հարաբերությունները օրակարգային Հայաստանի համար, որ այս խառը ժամանակներում Ս. Սարգսյանը մեկնում է այդ երկրներ, նախագահականից չեն մանրամասնում: