Հնդիկների նոր գրոհը

04/12/2005 Նարինե ԱՎԵՏՅԱՆ

Թեեւ նախապես հայտարարվել էր, որ քննարկումը տեղի է ունենալու Բնապահպանության նախարարությունում, սակայն միայն վերջին պահին պարզվեց, որ քննարկման վայրը տեղափոխվել է: Նախարարությունում պարզաբանեցին՝ քանի որ քննարկման նախաձեռնությունն «Արարատ» ոսկու արդյունահանման ձեռնարկությանն (ԱՈԱՁ) է եղել, եւ վերջիններս քննարկմանը նախատեսել են մասնակցել շուրջ 60 հոգանոց խմբով, ուստիեւ հարմար է գտնվել քննարկման վայրը, զուտ մասնակիցների թվի պատճառով, տեղափոխել: ԱՈԱՁ-ի 60 հոգանոց կազմում հիմնականում Գեղարքունիքի մարզի այն համայնքների ներկայացուցիչներն էին, ովքեր շահագրգռված են տարածքում նոր ձեռնարկության կառուցմամբ: Բնապահպանության նախարարության նախաձեռնությամբ, թեեւ քննարկմանը նախատեսվել էր նաեւ մի շարք բնապահպանական հասարակական կազմակերպությունների եւ լրատվամիջոցների մասնակցությունը, սակայն հասարակական կազմակերպություններից (ՀԿ) ոմանց արգելվել էր մուտք գործել քննարկման դահլիճ: ԱՈԱՁ հնդիկ սեփականատեր Սանջեյ Դալմիայի թիկնապահները նրանց ասել են, որ քննարկումն իրենք են նախաձեռնել, եւ ոչ բոլորի ներկայությունն է իրենց համար ցանկալի: Հնդիկ սեփականատիրոջ թիկնապահներն, ի դեպ, ստուգել են նաեւ որոշ լրագրողների վկայականները: Հիշեցնենք, որ Սոթքի ոսկու հանքավայրում նոր ձեռնարկություն կառուցելու ԱՈԱՁ առաջին նախագիծը դեռեւս ապրիլ ամսին քննարկվել եւ մերժվել էր այն պարզ պատճառով, որ Սեւանի ավազանում ոսկու հանքանյութի կորզման ֆաբրիկայի կառուցումն ուղղակի օրենքի խախտում է: Բնապահպանները նման խնդրի քննարկումն իրատեսական են համարում միայն այն դեպքում, եթե կառույցը լճից կլինի առնվազն 30 կմ հեռավորության վրա, հնդիկներն առայժմ բավարար են համարել նաեւ 21 կմ-ն: Քննարկման ներկայացրած նոր առաջարկը նախորդից առանձնապես չէր տարբերվում: Որքան էլ հնդիկները նոր առաջարկի առավելություններից էին համարում կառուցվելիք գործարանի ցիանացման բետոնե բաքերը, գործարանի բետոնե հիմքը կամ ջրահեռացման 3 կմ-անոց թունելը, որն իբր ապահովագրելու է Սեւանը հնարավոր աղտոտումից, առաջարկն, այնուամենայնիվ, միանշանակ չընդունվեց: Հնդիկները պնդում էին, որ նոր ձեռնարկության կառուցումը բնապահպանական խնդիրներ չի հարուցի եւ վկայակոչում էին խնդրի շուրջ ուսումնասիրություններ իրականացրած բրիտանացի գիտնականների դրական եզրահանգումները: Ըստ ներկայացված առաջարկի` ոսկու արդյունահանման ծավալներն աճելու են 5-6 անգամ: «Բնականաբար, նույնքան կշատանան նաեւ բնապահպանական խնդիրները»,- նկատեց Բնապահպանության նախարար Վարդան Այվազյանը: Հնդիկներն այս մասին, սակայն, ոչ մի հիշատակում իրենց նոր առաջարկում չէին արել: Փոխարենը` խոստացան առաջարկվելիք նոր նախագծում մանրամասն հաշվարկել բնապահպանական խնդիրներին հատկացվելիք գումարային չափերը: Նոր առաջարկը նախատեսում է 80 մլն դոլար ներդրում, տարեկան շրջանառությունը հաշվարկվել է 100 մլն դոլար, մարզի բնակիչներին գայթակղում են 3000 նոր աշխատատեղերով: Թերեւս այս վերջին հանգամանքով էր պայմանավորված մարզի ավելի քան 10 համայնքների ներկայացուցիչների շահագրգռությունը գործարանի կառուցման խնդրում, որոնք, այնուամենայնիվ, պնդում էին, որ առաջարկին կողմ կլինեն միայն այն դեպքում, եթե գիտականորեն ապացուցվի, որ դրանով չի վտանգվում Սեւանը: Թե ինչու են հնդիկները կառուցվելիք գործարանի կարեւորությունը հիմնավորելիս հետին պլան մղել բնապահպանական խնդիրները, մնաց օրակարգի հիմնական հարցականը: Ուստի բնավ զարմանալի չէ նաեւ այն հանգամանքը, որ հնդիկ սեփականատերերը քննարկման մասնակիցների ցուցակը կազմել էին ըստ հայեցողության՝ տեղ տալով ձեռնարկության կառուցմանը շահագրգիռ այն անձանց, որոնք հիմնականում համայնքների բնակիչներ էին եւ ֆաբրիկայի կառուցման մեջ իրենց սոցիալական խնդիրների լուծումն են տեսնում: Քննարկմանը մասնակից եւ Բնապահպանության նախարարության, եւ ՀԿ-ների ներկայացուցիչները բացասաբար էին տրամադրված հնդիկների «թարմացված» առաջարկին: «Մենք առայժմ քննարկելու բան չունենք, եթե իրենք ներկայացնեն նոր նախագիծ, մենք դա էլ կքննարկենք»,- շեշտեց բնապահպանության նախարարը: Ի դեպ, հանդիպման ավարտին, «Մարիոթից» դուրս գալիս, ԱՈԱՁ նախագահ Սանջեյ Դալմիան ճաշելու հրավիրեց նախարար Վ. Այվազյանին՝ հավանաբար նպատակ ունենալով մերոնց «բերանի գոլը» ճշտել նաեւ ճաշի սեղանի շուրջ: Հրավերը մերժվեց: