«Ուժը պետք է բացառվի»

05/06/2012 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի եւ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի երեկվա ասուլիսում, ինչպես եւ սպասվում էր, հատուկ անդրադարձ եղավ նախօրեին հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարեւելյան հատվածում ադրբեջանական դիվերսիային, որին զոհ էր գնացել 3 հայ զինծառայող, եւս մի քանիսն էլ վիրավորվել էին։

«Ես տխրեցի վերջին զարգացումների հետ կապված: Ինձ մտահոգում է զինվորների անմիտ, անիմաստ մահը: Ուժի կիրառումը չի կարող լուծել ղարաբաղյան հակամարտության խնդիրը, ուժը պետք է բացառվի»,- հայտարարեց Հ. Քլինթոնը՝ ավելացնելով, որ 2 օր անց լինելու է Բաքվում եւ լուրջ հարցեր ունի՝ ուղղված Ադրբեջանի ղեկավարին։ «Վաղը չէ մյուս օրը կլինեմ Բաքվում եւ լուրջ հարցեր ունեմ տալու Ադրբեջանի ղեկավարին»,- ասաց նա։

«Ես եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հավատացած ենք, որ ԼՂ հարցի լուծումը հնարավոր է միայն խաղաղ ճանապարհով, եւ այդ ուղղությամբ ճանապարհ պետք է գտնվի»,- հայտարարեց ԱՄՆ պետքարտուղարը: Նա հորդորեց կողմերին զերծ մնալ ուժի կիրառումից, քանի որ ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի, եւ որ լուծումը հնարավոր է միայն բանակցային սեղանի շուրջ:

Էդ. Նալբանդյանն էլ իր խոսքում դատապարտեց ադրբեջանական հերթական սադրանքը՝ նշելով, որ այն վտանգում է բանակցային գործընթացն ու տարածաշրջանային կայունությունը, եւ, որ դրա բոլոր հետեւանքների պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի վրա։

Իսկ տարածաշրջանային կայունության եւ ռազմական գործողությունների վերսկսման վտանգը գնալով ավելի է ուրվագծվում։ «Գոյություն ունի լարվածության էսկալացիայի վտանգ, ինչը կարող է ավելի լայն հակամարտության վերաճել` աղետալի հետեւանքներով»,- երեկվա ասուլիսում զգուշացրեց տիկին Քլինթոնը։ Վերջինս նշեց, որ ուժի կիրառումից խուսափելու կոչ է անելու նաեւ Ադրբեջանում։

Ինչ վերաբերում է հիմնախնդրի դիվանագիտական լուծմանը, ապա ԼՂ հակամարտությունը, ըստ Քլինթոնի, պետք է կարգավորվի Հելսինկյան եզրափակիչ ակտի 3 սկզբունքների (ուժի չկիրառում, տարածքային ամբողջականություն, ինքնորոշման իրավունք) միասնական կիրառմամբ։

Նշենք, որ Քլինթոնի այցի եւ տարածաշրջանում ռազմական գործողությունների վերսկսման վտանգի մասին նախօրեին ծավալուն հրապարակում էր լույս տեսել «New York Times»-ում։ «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ նոր ռազմական գործողությունների մեծ հավանականություն կա` Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայկական անկլավի շուրջ»,- գրել էր թերթը՝ ավելացնելով, որ Վլադիմիր Պուտինի վերադարձը Ռուսաստանի նախագահի պաշտոնին մեծացնում է իրավիճակի բարդությունը. «Նա ձգտում է մեծացնել Ռուսաստանի ազդեցությունը նախկին խորհրդային հարեւանների վրա` հակակշիռ ստեղծելով ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության գրավչությանըգ Ռուսաստանը զինում է Հայաստանին եւ այնտեղ ռազմական բազա ունի: Ադրբեջանն օգտագործում է իր նավթային հարստությունը սպառազինությունների կուտակման համար, իսկ դրա դաշնակից Թուրքիան, ավելի քան մեկ տասնամյակ է` փակել է Հայաստանի հետ սահմանը: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող է հանկարծակի ապասառեցվել»:

Այս առումով, ըստ «New York Times»-ի, Հիլարի Քլինթոնի այցը Հայաստան, Ադրբեջան եւ Վրաստան ճիշտ ժամանակին է: «Կովկասում առճակատման վտանգ կա, որը կարող է ազդել ամերիկյան ու եվրոպական շահերի վրա, եւ դա կանոնավոր ու բարձր մակարդակի ուշադրության կարիք է զգում: Ամերիկան եւ Եվրոպան այլեւս չեն կարող Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցությունները հետին պլանում պահել: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն իր երկրում ճնշումներ է իրականացնում, սակայն Եվրոպան եւ Ամերիկան նրան պետք է նախազգուշացնեն անբարենպաստ հետեւանքների, մասնավորապես` ավելի ընդգրկուն տարածաշրջանային պատերազմի մասին: Էներգետիկ ներդրումները Ադրբեջանում եւ դեպի Եվրոպա նոր խոշոր գազամուղը` «Նաբուկոն», կարող են զոհաբերվել այդ վտանգներին»,- գրել էր թերթն՝ ավելացնելով, որ իր այցով պետքարտուղար Քլինթոնը պետք է ուշադրություն հրավիրի այս լարված իրավիճակի վրա եւ վերահաստատի, որ Արեւմուտքը ակտիվորեն կաշխատի բախումներն ու հակամարտությունները կանխելու ուղղությամբ:

Կարճ ասած՝ Քլիթոնի այցելության հիմնական նպատակը կրքերը հանդարտեցնելն է։ Որքանո՞վ դա նրան կհաջողվի, դժվար է ասել։ Փաստն այն է, որ առայժմ տեղի է ունենում հակառակը, եւ այցից անմիջապես առաջ Ադրբեջանը լայնածավալ դիվերսիոն գործողություններ է իրականացնում։

Երեկվա ասուլիսի ընթացքում, ինչպես եւ սպասվում էր, անդրադարձ եղավ նաեւ հայ-թուրքական հարաբերություններին։ Թե՛ Հիլարի Քլինթոնը, թե՛ Էդվարդ Նալբանդյանը վերահաստատեցին, որ իրենց մոտեցումը չի փոխվել։ Այն է՝ հարաբերությունների կարգավորում` առանց նախապայմանների։ ԱՄՆ պետքարտուղարը նշեց, որ գնդակն այժմ գտնվում է Թուրքիայի դաշտում։ Նա նաեւ մեկ անգամ եւս շեշտեց, որ ԼՂ կարգավորումը եւ հայ-թուրքական հարաբերությունները փոխկապակցված գործընթացներ չեն, թեպետ իրենք երկու ուղղությամբ են ցանկանում առաջընթացի հասնել։ Էդ. Նալբանդյանն էլ հերքեց մամուլում շրջանառվող այն լուրերը, որ ներկայումս Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ բանակցություններ են ընթանում՝ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ։ «Բանակցություններ չկան եւ չեն կարող լինել։ Բանակցություններն ավարտվել են, եւ դրանց արդյունքում ստորագրվել են արձանագրություններ»,- նշեց ԱԳ նախարարը՝ հիշեցնելով, որ Թուրքիան մինչ օրս չի վավերականացրել դրանք։