Հանուն գաղափարի

05/06/2012

Լեռնային Ղարաբաղում հուլիսի 19-ին կայանալիք նախագահական ընտրություններում մրցակցությունն ընթանալու է հիմնականում ԼՂՀ պաշտպանության նախկին փոխնախարար, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի եւ ներկայիս նախագահ Բակո Սահակյանի միջեւ: Այս մասին երեկ կայացած ասուլիսում հայտարարել է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը, ով վերջերս է վերադարձել Արցախի Հանրապետությունից: Ըստ նրա, բացի Վիտալի Բալասանյանից, կառաջադրվի եւս երկու թեկնածու` ՀՀ ագրարային համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղի փոխտնօրեն Արկադի Սողոմոնյանը եւ գործազուրկ Վալերի Խաչատրյանը: «Ընտրության շեմին թփերի տակից հայտնվում է մի թեկնածու: Երկրորդ թեկնածուի առաջադրման մասին տեղյակ է արցախցիներից յուրաքանչյուր երրորդը: Մարդիկ են հաjտնվում, որոնք տարիների ընթացքում չեն երեւացել, ելույթներ չեն ունեցել, եւ հանրությունը իրենց չի ճանաչում»,- ասել է Ադիբեկյանը: Ըստ նրա, առաջադրվելուց գոնե երկու տարի առաջ թեկնածուն պետք է աշխատանք տանի, հանդես գա հանրության առջեւ: Սոցիոլոգն Արցախում առկա ներքաղաքական իրավիճակը համեմատելով հայաստանյան նախընտրական իրավիճակի հետ` նշել է, որ ի տարբերություն Հայաստանի` ԼՂ-ում միմյանց հասցեին չեն հնչում պիտակավորումներ ու վիրավորանքներ: Մինչդեռ Հայաստանում` «Հաճախ Կոնդի ու Մասիվի կռիվները գալիս-հասնում են քաղաքական մակարդակի»: Ըստ Ադիբեկյանի, ղարաբաղցիները հանուն աթոռի չեն կռվի, փոխարենը` կպայքարեն հանուն գաղափարի: