Տիգրան Պասկեւիչյանն իրեն համարում է պարզ քաղաքացի, ով ուզում է ապրել նորմալ երկրում, որտեղ ժամանակ առ ժամանակ տեղի են ունենում ընտրություններ: Հաճախ նրան ներկայացնում են որպես գրող, հրապարակախոս, սակայն իր ինքնադրսեւորման լավագույն ձեւը համարում է լրագրությունը եւ բարձր է գնահատում լավ լրագրությունը: Վերջերս ավելի շատ զբաղվում է ֆիլմեր նկարահանելով, որոնք եւս լրագրողական պրպտումների արդյունք են: Վերջին ֆիլմը մեծ նախագծի մաս է, որ կոչվում է «Դարձ ի շրջանս յուր» եւ նվիրված է 1946-49 թվականների մեծ հայրենադարձությանը: Եռագրության առաջին ֆիլմը, որն արդեն ցուցադրվել է մի քանի անգամ, կոչվում է «Անծանոթ իմ Հայրենիք»: Այն ընդգրկում է 1945-49 թվականները` հետպատերազմյան աշխարհաքաղաքական իրողությունները, ինչով պայմանավորված էր նաեւ հայրենադարձության կազմակերպումը: Հաջորդ մասում ներկայացվելու է 1949-ի աքսորը եւ հայրենադարձների ադապտացիան: Եվ երրորդ մասը նվիրված է լինելու արտագաղթին, որը սկիզբ առավ 1950-ականների վերջին, շարունակվեց մինչեւ Խորհրդային Միության փլուզումը եւ այսօր էլ կա:
– Ինչո՞ւ եք անդրադարձել այդ թեմային:
– Մի քանի պատճառով, բայց ամենակարեւորն այսօր թափ հավաքող, ահագնացող արտագաղթն է, որը շատերը սխալմամբ կապում են սոցիալ-տնտեսական իրավիճակի, գործազրկության հետ: Կարծում եմ, որ այդ ծրագիրը մեզ հնարավորություն կտա արտագաղթի պատճառները բացահայտելու ճանապարհին ավելի հեռուն գնացող եզրակացությունների հանգել: Այսինքն` դրանք անհատի եւ պետության, անհատի եւ հասարակարգի հարաբերությունների հետ կապված եզրակացություններ են, որոնք հետագայում, երբ ֆիլմի երրորդ մասը նկարահանվի, ձեւակերպված կլինեն:
– Իսկ Դուք ինչի՞ հետ եք կապում արտագաղթի մեծ թափը:
– Եթե մի բառով ու ավելի պատկերավոր ասելու լինեմ, կապում եմ այն հեղձուկի հետ, որը գոյություն ունի այսօր եւ շնչարգելություն է առաջացնում մարդկանց մեջ: Հայաստանից ոչ անպայմանորեն են հեռանում մարդիկ, ովքեր հացի խնդիր ունեն: Հեռացողների մեծ մասը խնդիրներ ունեն պետության, իշխանության, արդարության հետ։ Այդպես եղել է առաջ, այդպես է այսօր, եւ կարծում եմ, որ հայրենադարձության թեմայի արծարծումը կարող է բավականին հետաքրքիր եզրահանգումների բերել։ Գիտե՞ք, հայրենադարձության քարավաններում արձանագրված մարդկանց համար Հայաստանն Ավետյաց երկիր էր, Դրախտ, իսկ Դրախտում, ինչպես ասում են տեղյակ մարդիկ՝ խնդիրներ չկան, առավել եւս՝ անլուծելի խնդիրներ։ Մինչդեռ հայրենադարձը ոտքը դնում էր Հայրենիքի հողին եւ պարզում, որ այն ոչ միայն Ավետյաց երկիր չէ, այլեւ բավական կոշտ ու անհյուրընկալ մի վայր է, որտեղ բազմաթիվ խնդիրներ կան, որոնց լուծումը ոչ մեկի հոգսը չէ։ Այդ խնդիրներից ամենակարեւորն այսօր, իմ կարծիքով, ինքնադրսեւորման անհնարինությունն է։ Խոսքը մեզանից հետո եկող սերնդի մասին է, քանի որ մենք ինքնադրսեւորվել ենք ժամանակի եւ իրադարձությունների պարտադրանքով։ Կարճ ասած՝ չէինք կարող չինքնադրսեւորվել։ Սակայն այսօր այս ճահճացած իրականության մեջ ես չգիտեմ` 18 տարեկանն ի՞նչ ճանապարհ ունի ինքնադրսեւորվելու: Շատ հետաքրքիր կլինի (կարծում եմ՝ սոցիոլոգների գործն է) մի ուսումնասիրություն անցկացնել պարզելու համար, թե ո՞ւր են գնում համալսարաններ ավարտած երիտասարդները, ո՞րն է քսան տարեկան մարդու ճանապարհի շարունակությունը։
– Վերջին մեկ ամսվա իրադարձություններն ինչպե՞ս են անդրադարձել իրավիճակի վրա:
– Եթե նկատի ունեք ընտրությունները, դրանք խայտառակություն էին: DIY ակումբի հետ կապված աղմուկը համարում եմ հատուկ ծառայությունների կողմից հետընտրական ժամանակահատվածում հրահրված մի բան: Ցավում եմ, որ մեր քաղաքացիական խմբերի որոշ անդամներ տուրք են տալիս դրան: Պետք է արհամարհել հրահրիչներին, ուղղակի ժամանակավորապես մի մեծ կողպեք կախել DIY ակումբի վրա եւ առժամանակ հեռանալ այնտեղից, ոչ թե դառնալ նախագահի PR-շչիկների, անվտանգության ոլորտի մասնագետների խաղերի գործիքը: Քաղաքացիական խմբերի ներկայացուցիչները պետք է ինչ-որ պահի հետ քաշվեին` ասելով` ուզում եք աղմուկ հանել, ինքնե՛րդ արեք այդ աղմուկը: Թող իրենց նացիոնալիստ հռչակած «լածիրակները» գնային եւ աղմուկ բարձրացնեին: Հակառակ կողմը պետք է այնտեղ կանգնած չլիներ, քանի որ այնտեղ խնդիրներ չուներ լուծելու, որեւէ բան չուներ ապացուցելու: Բազմազանությունն էլ, կրոնական, սեռական փոքրամասնությունների հանդեպ հանդուրժողականությունն էլ վաղուց ամբողջ աշխարհում հաստատված արժեքներ են, եւ կարիք չկա, որ դա այսօր խմոր դառնա այս իշխանությունների ձեռքին եւ անընդհատ հունցվի։
– Քաղաքացիական հասարակությունը որքանո՞վ է կարողանում ինքնադրսեւորվել:
– Կարծում եմ, որ քաղաքացիական դրսեւորումները պետք է լինեին շատ ավելի հետեւողական եւ զգույշ։ Մաշտոցի պուրակի խնդրի հանգուցալուծումը դրա ակնառու օրինակն էր: Ես մեծագույն հարգանքով եմ վերաբերվում բոլոր խմբերին, բայց չեմ կարող չասել, որ նրանք հիմնականում մոլորության մեջ են եւ այդ մոլորությունն էլ ճարպկորեն օգտագործում են իշխանությունները։
– Փակ շուկայի շուրջը ստեղծվածին ի՞նչ բնորոշում կտաք:
– Փակ շուկայի համար պայքարողները կհաղթեն, այսինքն՝ շուտով կհասնեն փոխըմբռնման։ Դա տեղի կունենա ոչ այն պատճառով, որ ինչ-որ մեկը կհասկանա ճարտարապետական հուշարձանի նշանակությունը, այլ որովհետեւ հին Էրեւանը, ցավոք սրտի, քաղքենական արժեք է։ Իսկ քաղքենիները գերիշխող դիրք ունեն մեր հասարակության մեջ։ Երբ պայքար էր գնում «Մոսկվա» կինոթատրոնի բացօթյա դահլիճը պահպանելու համար, ընկերներս (պայքարի ակտիվիստներ) ինձ հարցնում էին՝ ինչո՞ւ չես միանում։ Ես չէի միանում այդ եւ նմանատիպ այլ շարժումների, որովհետեւ կանխորոշված ելքով պայքարները սրտովս չեն։ Քաղաքացիական խմբերը պետք է լինեն, անշուշտ։ Քաղաքացիական շարժումը միշտ պետք է թեժ լինի, բայց դրա բնորոշիչը չպետք է լինի մանկամտությունը։ Այդ շարժումները պետք է հանգեցնեն քաղաքական եզրակացությունների: Եթե չի հանգեցնում դրան, պայքարն անվերջ եւ անիմաստ կարող է լինել: Օրինակ` Մաշտոցի պուրակում կրպակները հանեցին: Ենթադրենք` այդ ձեւով չէին հանում, մի օր բողոքի արդյունքում հանում-տանում էին, ասենք, Մանկական երկաթուղու մոտ, էդ խումբը վազելու էր Մանկական երկաթուղու մոտ բողոքի՞: Հասկանալի չէ՞, որ պետք է հիմքից փոխել այս ամենը` հիմնահատակ: Այսինքն՝ հակաժողովրդավարական իշխանությունը պետք է փոխել: Ես զարմանում եմ, որ շատ մարդիկ հրաժարվում են արմատական պայքարից միայն այն պատճառով, որ Հայ ազգային կոնգրեսը կամ նրա առաջնորդն իրենց դուր չի գալիս։ Դուր չի գալիս, ինքդ հասիր արմատական փոփոխությունների, ոչ թե գլուխդ ջայլամի պես ավազի մեջ մտցրու՝ թե բա, գիտե՞ք, հանկարծ մեզ չքաղաքականացնեք։
– Իսկ Ձեր գործունեության արդյունքում որեւէ փոփոխություն նկատե՞լ եք:
– Ներկա պայմաններում համակերպվել եմ այն մտքի հետ, որ պետք է աշխատեմ մի հոգու համար: Եթե մի հոգու վրա ազդում է, ես դա արդեն համարում եմ հաղթանակ: Եթե հզոր գործիքներ լինեն, ինչպիսին հեռուստատեսությունն է, կարելի է շուտ եւ շատ մարդկանց վրա ազդել, բայց այդ հնարավորությունը չկա: Մյուս կողմից` հասարակական մթնոլորտը, հարթակները, շփումները չկան, որպեսզի այդ մեկը, որը տեղեկատվություն է ստանում, իր հերթին ուրիշներին փոխանցի, շարժը լինի անընդհատ: Հասարակական ֆորում չկա: Շատերը փորձում են ստեղծել, բայց նախ պետք է մտածել դրա նախապայմանները ստեղծելու մասին` ինչպես անել, որ մարդիկ մտնեն այդ ֆորումի մեջ: Օրինակ` ինտերնետը, որը Հայաստանում շատ օգտատերեր չունի, բայց համեմատած մի քանի տարի առաջվա հետ` ավելի շատ է, քլիք պոկելու ճանապարհով է գնում: Գուցե գոյատեւման խնդի՞րն է: Չգիտեմ: Այդ ֆորումը պետք է լինի ինտերնետում, փողոցում, բուհերում: Տարբեր բուհերից մարդիկ գալիս էին Մաշտոցի պուրակ, բայց ի՞նչ էին անում այդ մարդիկ իրենց միջավայրում այդ թեմաները քննարկելու, ընկալելի դարձնելու համար: Գիտեմ, որ բուհական միջավայրը շատ ստերիլացված է. հավաքվում են համախոհներով, արդյունքում` դառնում է աղանդի նման մի բան: Իսկ քննարկումները պետք է հասանելի լինեն, որքան հնարավոր է, շատ մարդկանց: Միակ խնդիրը, որ այս իշխանությունը գոյատեւում է, ո՛չ բանակն է, ո՛չ ՆԳՆ-ն, ո՛չ փողը, ո՛չ տնտեսությունը, այլ` հեռուստատեսությունը: Միակ բանը, որ պահում է, հեռուստատեսության փակ լինելն է: Հեռուստատեսությունը հասարակությանն ամենահասանելի միջոցն է: Աշխարհում հեռուստատեսությունը վաղուց արդեն կորցնում է իր դերը: Հայաստանում դեռ շարունակում է, եւ, իմ հաշվարկներով, եւս մի 10-15 տարի կլինի ամենահասանելի եւ ամենալեգիտիմ միջոցը: Խորհրդային տարիներին, երբ կար ընդամենը մեկ ալիք, գոյություն ուներ այսպիսի հասկացություն` «տելեվիզրի մարդ», «գազեթի մարդ»: Դա ամենալեգիտիմ, ամենավստահելի, ամենահավաստի մարդն էր: Հիմա էլ այդպես է, բայց դեռ չկա «ինտերնետի մարդը»: Դե այս «գազեթներն» էլ այնքան են նեղացրել իրենց շրջանակը, որ «գազեթի մարդն» արժեզրկվել է: Միակ արժանահավատ մարդը մնացել է «տելեվիզրի մարդը»: Եթե իշխանությունը մի ալիք զիջի հասարակությանը, մի տարի հետո գոյություն չի ունենա: Ամեն ինչ կարող են զիջել, բայց ամենավերջինը կզիջեն հեռուստատեսությունը: Ռոբերտ Քոչարյանը հիմար չէր, որ փակեց «Ա1+» ՀԸ-ն: Նրա հիմնական ձեռքբերումն այն էր, որ ստեղծեց մի հասարակարգ, որը դրսից ժողովրդավարականի տպավորություն է թողնում, բոլոր բաղկացուցիչները կան` խորհրդարան, Սահմանադրական դատարան, հեռուստաընկերություններ` իրենց սեփականատերերով, ամեն ինչ կա, բայց երբ ներսից նայում ես, ոչինչ չկա…
– Երբեւէ մտածե՞լ եք Հայաստանից գնալու մասին:
– Կներեք, բայց ես այս հարցը չեմ հասկանում։ Չեմ հասկանում, թե ինչո՞ւ է գնալու մասին մտածելը դարձել կենցաղի անբաժանելի մաս։ Կարծում եմ, ցանկացած քաղաքացու համար այս հարցը վիրավորական է հնչում։