Աշխարհահռչակ միլիարդատեր Ջորջ Սորոսն իր հերթական կանխատեսումներն է ներկայացրել եվրոյի վերաբերյալ: Նա ասել է, որ Եվրոպան 3 ամիս ժամանակ ունի եվրոն փրկելու համար: «Երեք ամսից շուկաները կհոգնեն սպասելուց: Էլ ավելին, կսկսեն պահանջել, սակայն իշխանությունները չեն կարողանա բավարարել նրանց պահանջը»,- ասել է Սորոսը: Ըստ նրա կանխատեսման, Հունաստանում ճգնաժամն իր գագաթնակետին կհասնի աշնանը, իսկ հունիսի 17-ի խորհրդարանական ընտրություններն այդ երկրում կանցնեն «Եվրամիությունից վտարվելու վախի տակ», եւ դրանցում կհաղթեն վարկատուների պահանջները կատարելու պատրաստ քաղաքական ուժերը: Չնայած, ըստ Սորոսի, ինչ իշխանություն էլ ստեղծվի Հունաստանում, այն չի կարողանա կատարել այդ պահանջները` դառնալով աշնանային ճգնաժամի պատճառ: Սորոսը հոռետեսական կանխատեսումներ է արել նաեւ Գերմանիայի վերաբերյալ: «Կանցլեր Մերկելին շատ բարդ կլինի գերմանացիներին համոզել իրենց վրա էլի ինչ-որ եվրոպարտավորություններ վերցնել»,- ասել է նա: Այնուամենայնիվ, չնայած բոլոր նշված բարդություններին, Ջորջ Սորոսը լավատեսական արդյունք է կանխատեսել եվրոյի համար: «Եվրոյի գոյատեւման հավանականությունը մեծ է, քանի որ միասնական արժույթի կործանումը բացասական հետեւանքներ կունենա ոչ միայն եվրոգոտու երկրորդական երկրների, այլեւ Գերմանիայի համար»,- ասել է նա: