Ի տարբերություն Մթնաձորի` Թաիրով ավանի տարածքով դեպի «Զվարթնոց» օդանավակայանի բեռնային համալիր տանող ճանապարհը միայն առաջին ձյան հետ չէ, որ փակվում է: Այն հավասարաչափ անանցանելի է տարվա բոլո՛ր եղանակներին: Ինքս այդ ճանապարհով անցնում եմ արդեն երեք տարի: Բազմաթիվ խորը փոսեր ու խորդուբորդություններ, որոնց ամեն սանտիմետրն արդեն գրեթե հարազատ է թաղամասի բնակիչներին: Հնաբնակներն ասում են, որ իրենք այդ ճանապարհը երբեւէ հարթ չեն տեսել:
Տաքսիստ-ուղեւոր հարաբերությունները ճանապարհի այդ հատվածում կտրուկ լարվում են: Կարող եմ անձամբ վկայել` յուրաքանչյուր փոսից դժվարությամբ դուրս գալուց հետո տաքսու վարորդներն անթաքույց թշնամանքով են նայում դիմացի հայելուն, ուր արտացոլվում է անհարմարությունից շփոթված ուղեւորի դեմքը: Ինքս ճանապարհի այդ հատվածում միշտ ձեւացնում եմ, թե կարեւոր հաղորդագրություն եմ ստացել, եւ հայացքս չեմ բարձրացնում հեռախոսից` մինչեւ «Անգելինա» հարսանյաց սրահ: Այդուհանդերձ` դեռ ճանապարհի սկզբից վարորդները հետաքրքրվում են. «Այստեղ ընտրություններ չեղա՞ն, դիմեիք ձեր պատգամավորին: Այս ի՞նչ վիճակ է. մեքենան քանդվում է` այստեղով անցնելիս»: Կարելի է եւ կարճառոտ ելույթ ունենալ, վարորդին բացատրել, որ ԱԺ պատգամավորի գործառույթներն այլ են, փողոցի ասֆալտապատումը նրա լիազորություններից դուրս է: Սակայն տարաբախտ վարորդին սպասում է հաջորդ փորձությունը` դուրս գալ ամենախոր փոսից: Այնպես որ` ուղեւորի նրբանկատ լռությունն այս դեպքում ամենաճիշտ որոշումն է: Սակայն խորհրդարանական ա՛յս ընտրություններից հետո վերանայեցի դիրքորոշումս: Կան պատգամավորներ, ովքեր իրենց գործունեության ողջ ընթացքում բառ չեն թոթվել խորհրդարանում` հետեւելով, թերեւս, հին իմաստնությանը` խոսքը արծաթ է, լռությունը` ոսկի: Եվ հետո, երբ տեսակների բազմազանությունը ակտուալ դարձավ նաեւ մեր հասարակությունում, խորհրդարան անցած մեր շատ պատգամավորների ներկայությունն աշխարհագրական այդ վայրում այլեւս սկսեց չանհանգստացնել ու չնյարդայնացնել: Ոմանք տգետ են, ոմանք` անկիրթ, ոմանք` խարդախ: Հանդիպում են անգամ լավ ընտանիքներից գրագետ պատգամավորներ: Խորհրդարանը հենց այս բազմազանությամբ է գեղեցիկ:
Մեր ընտրատարածքից այս անգամ խորհրդարան է գործուղվել պատգամավոր Սեդրակ Սարոյանը: Գուցե Սեյրան Սարոյանին դժվար է պատկերացնել խորհրդարանում, կամ ամբիոնի մոտ, դիցուք, հայտարարություն անելիս: Սակայն սփոփում է մի հիշողություն` ժամանակին Սեյրան Սարոյանի օգտին` որպես պատգամավորի, քվեարկել էր Էջմիածնում տեղակայված մեր ողջ հոգեւոր էլիտան: Անգամ Ամենայն Հայոց կաթողիկոսը:
Սկզբում որոշեցի նամակ գրել մեր պատգամավորին: Սակայն տարտամ (բայց` ոչ անհիմն) զգացողությունը հուշեց, որ նամակս դժվար թե ընթերցվի: Հետեւաբար, գրում եմ այսպես` հրապարակային, վստահ, որ ինչ-որ մեկը ԱԺ պատգամավորին կփոխանցի Թաիրով ավանի բնակիչների օգնության աղաղակը` ասֆալտապատե՛լ օդանավակայանի բեռնահամալիր տանող ճանապարհը: Այն ավելի հայտնի է որպես դեպի «Կարգո տերմինալ» տանող ճանապարհ:
Առհասարակ, ողջ Հայաստանում քաղաքական վերնախավից ակնկալիքներն իջել են կենցաղային հարթություն: Իշխանությունից որեւէ մեկը վաղուց չի ակնկալում մասնակցել աշխարհաքաղաքական գործընթացներին` որպես կողմ, սեփական խոսքն ասել միջազգային այս կամ այն խնդրի, օրինակ, Սիրիայի դեպքերի կապակցությամբ: Այն պարագայում, երբ այդ երկրում ունենք բազմահազարանոց համայնք: Չենք ասում, որքան արժանապատվությամբ կլցվեինք, եթե Հայաստանը փորձեր դառնալ ինքնուրույն խաղացող: Սրանք դատարկ ու անլուրջ խնդիրներ են: Ո՞ւմ շնորհել այս կամ այն ապրանքը ներմուծելու մենաշնորհը, ո՞ւմ թույլ տալ գազալցակայան ունենալ մայրաքաղաքում, ո՞ր օլիգարխին որչա՞փ ազատել հարկային բեռից: Այս եւ նմանատիպ խնդիրներ են առավել հուզում երկրի ղեկավարությանը: Եվ ՀՀ քաղաքացիների ակնկալիքներն էլ երկրի ղեկավարից, համապատասխանաբար, կենցաղային մակարդակում են:
Տակավին երեկ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը չզլացավ եւ ներկայացրեց իր ղեկավարած «Սոցիոմետր» կենտրոնի հերթական սոցիոլոգիական հարցման արդյունքները: Հուլիսի 19-ին Լեռնային Ղարաբաղում նախագահական ընտրություններ են: Պարոն Ադիբեկյանի կենտրոնը փորձել էր պարզել` ի՞նչ ակնկալիքներ ունեն արցախցիներն իրենց թեկնածուներից` նախեւառաջ: Ըստ հարցման արդյունքների` մարդկանց առաջին հերթին հետաքրքրում է աշխատատեղերի հարցը. Արցախում գործազուրկ է բնակչության մոտ 25 տոկոսը: Հաջորդը բնակարանային խնդրի լուծումն է: Երրորդ խնդիրը, որն առավել անհանգստացնում է արցախցիներին, գյուղական համայնքների ճանապարհների հարցն է: Այսինքն` մարդիկ երկրի նախագահից ուղղակի ակնկալում են բարեկարգել ճանապարհները: Կարճ ասած` ասֆալտապատել: Այն, ինչ Սեյրան Սարոյանից ակնկալում են Թաիրով ավանի բնակիչները: Քանի որ Ահարոն Ադիբեկյանին չվստահելու հիմքերգ չունենք, ապա ստիպված ենք հավատալ նրա բերած թվերին. հարցվածների 5,8 տոկոսն է միայն առաջնային համարել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի լուծման հարցը:
2013 թ.-ին նախագահի ընտրության խնդիրը կբարձրանա նաեւ Հայաստանի քաղաքացիների առաջ: Եթե պատգամավոր Սեյրան Սարոյանը չլուծի Թաիրով ավանի վերոնշյալ փողոցի ասֆալտապատման խնդիրը, ստիպված կլինեմ նամակով դիմել արդեն նախագահի թեկնածուներին: Սա ակնհայտորեն նախագահի «բարձր հովանու» ներքո լուծվելիք հարց է: