Արդեն քանի օր է` մեր խմբագրություն է այցելում Վանաձոր քաղաքի բնակչուհի Ալվարդ Քալաշյանը եւ անդադար լաց լինելով` խնդրում է իրեն լսել: 57-ամյա այս կինը Վանաձորից Երեւան դժվարությամբ է կարողանում գալ, քանի որ 2-րդ կարգի հաշմանդամ է, բայց ստիպված է թակել խմբագրությունների դռները, քանի որ ուզում է փրկել ապրելու իր վերջին հնարավորությունը: «Ես էլ չեմ կարողանում ապրել, այլեւս անհնար է: Ես ուզում եմ մեռնել ու, եթե իմ էս վերջին քայլն էլ անօգուտ լինի` ես խոստանում եմ կախվել: Էս իշխանությունները ստախոսներ են, ասում էին` հավատացեք, բայց ո՞նց, էլ ապրելու ոչ մի ձեւ չունեմ, ինքնասպանություն եմ գործելու ու, եթե հարցնեն` ինչի՞ ա էս կինն էս քայլը կատարել, կասեք, որ չէր կարում ապրեր, սովից մեռնում էր, ու դա արել ա, որովհետեւ էս երկրի ղեկավարները ստախոսներ են»,- ասում է Ա. Քալաշյանը` միեւնույն ժամանակ նկատելով, թե մեր երկրում արդեն մշտական դարձած ինքնասպանությունների դրդապատճառները սոցիալական են եւ ապրել չկարողանալու պատճառով են: Նույն վիճակում ներկայումս գտնվում է միայնակ այս կինը, ով, բացի ֆիզիկապես անառողջ լինելուց, նաեւ հոգեբանորեն շատ ծանր վիճակում է: Նրա հետ զրույցից կարող ենք եզրակացնել, որ այլեւս ելք չտեսնելով նման իրավիճակից, այս տիկինն իսկապես կարող է նման անկանխատեսելի քայլ կատարել: Բանն այն է, որ միայնակ, հաշմանդամ այս կինը` լինելով աղետի գոտու բնակիչ, այսօր ապրում է հարազատների, ծանոթների տանը: Նա ՀՀ իշխանություններին կոչ է անում հայացք նետել Վանաձոր քաղաք. «Վանաձորում սով ա, մարդիկ մի կտոր հացի կարոտ են: Նույնիսկ պատերազմների ժամանակ մարդիկ էդ վիճակում չեն հայտնվում: Էսօր մեծից փոքր հացի կռիվ են տալիս, ոչ աշխատանք կա, ոչ էլ պետության տված թոշակով են կարում ապրեն»: Ա. Քալաշյանն ասում է, որ առողջապահական հաստատություններին չդիմելու պատճառով, այսօր հազար ու մի հիվանդություն է կրում` ծանր բարդություններով` բրոնխիալ (ինֆեկցիոն, ալերգիկ) ասթմա, հայմորիտ, ողնաշարի վնասվածք, վահանաձեւ գեղձի բորբոքում, սրտանոթային անբավարարություն, թոքերի բորբոքում եւ այլն: «Ես անաշխատունակ, առանց ժառանգի մարդ եմ: Թոշակիս տարիքն էլ չի լրացել, որ գոնե թոշակ ստանամ: Հասկանո՞ւմ եք, գումար չունենալու պատճառով առողջությանս չհետեւեցի, չէի գնում բուժման, վախենում էի անկոպեկ բժշկի գնամ, որի պատճառով ներքին օրգաններս հերթով ախտահարվում են: Հիմա առավոտից իրիկուն անթիվ դեղեր եմ խմում, որ կարողանամ շնչել: Էնքան դեղ եմ խմել, որ գիրացել, այտուցվել եմ: Հիվանդանոցում բուժվելուց հետո ինձ երկրորդ կարգի հաշմանդամություն տվեցին, որի համար ստանում եմ 23.000 դրամ թոշակ»,- ասում է նա` հավելելով, որ հաշմանդամության «փաստաթուղթն» ունենալով` ամեն անգամ բուժհաստատություն ոտք դնելուց հետո բուժաշխատողների հետ վիճաբանության մեջ է մտնում: Նա վստահեցնում է, որ 2-րդ կարգի հաշմանդամության համար թեեւ մեր պետությունը պետպատվերի շրջանակներում անվճար բուժօգնություն ստանալու հնարավորություն է ընձեռել, այդուհանդերձ, դա անհնարին է. «Հենց իմանում են անվճարի տակ պիտի բուժվես` մի մուննաթ, մի արհամարհանք: Մեկն ուղարկում ա մյուսի մոտ, էն մյուսը` ուրիշ հիվանդանոց, ու գլխառադ են անում: Սա ի՞նչ պետություն ա, սրանք ի՞նչ օրենքներ են, եթե ուժ չունեն: Բժիշկները նենց են վերաբերվում, կարծես վերջին սորտի մարդ ես: Վերջին անգամ նյարդային համակարգս էնպիսի վիճակի հասցրին, որ կռվել` թողել, դուրս եմ եկել: Հիմա ասեք խնդրեմ` ես ի՞նչ անեմ, ո՞նց սենց ապրեմ, եթե ինձ բուժում ա պետք, եթե ես խեղդվում, շնչահեղձ եմ լինում ու օգնության կարիք ունեմ: Թող տպավորություն չլինի, թե ես անշնորհակալ մարդ եմ, որովհետեւ լավ, հոգատար բժիշկներ էլ կան, որոնց ես մշտապես նույնիսկ գրավոր շնորհակալագրեր եմ ուղարկում: Բայց հիմնականում, երբ տեսնում են պետպատվեր է` մատների արանքով են նայում, առանց բուժելու դուրս են գրում: Էլ չեմ ասում, որ բժիշկների մեծ մասը դեղորայքը հիվանդից է պահանջում, իսկ հետո առանց բուժելու, անխղճաբար դուրս գրելով` էպիկրիզի մեջ գրում են, թե` հիվանդը համապատասխան բուժումը ստացել է եւ գտնվում է լավ վիճակում: Հեռուստատեսությամբ նախարարը եւ բժիշկները խոսում են մարդասիրության, խղճի եւ պետպատվերի շրջանակներում անվճար բուժօգնության մասին: Հայաստանում խայտառակ անխղճություն է տիրում»,- ասում է նա: 23.000 դրամ հաշմանդամության թոշակ ստացող այս կինը նշյալ գումարի մեծ մասը ծախսում է դեղորայքի վրա: Նրա խոսքով` պոլիկլինիկան անվճար տրամադրում է ընդամենը «մի երկու անուն ամենաէժան դեղերը»: Այնուամենայնիվ, ծայրահեղ վիճակում գտնվող այս կինն այլեւս չդիմանալով այն բազմաթիվ անարդարություններին, որոնց հետ ամեն քայլին բախվում է, խնդրում է իր բողոքի ձայնը հասցնել Կառավարության անդամներին: Նա մեր միջոցով խնդրեց իր հարցն ուղղել հատկապես ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին. «Պրն Սարգսյան, Դուք կարո՞ղ եք 23.000 դրամով մեկ ամիս ապրել: Արդյո՞ք պատկերացնում եք` ինձ նման հիվանդ մարդու վիճակը, որը համարվում է անաշխատունակ, անժառանգ է, ու որը որեւէ այլ եկամուտ չունի: Ես ինչպե՞ս կարող եմ 23.000 դրամով հազար ու մի դեղորայք գնել, կոմունալ վճարները կատարել ու ինձ թույլ տալ սնվել: Պարզվում է` Կառավարությունը հաշմանդամներին այդ աղքատիկ թոշակը տալիս է նրա համար, որպեսզի պետական վարձավճարները մուծենք: Իսկ եթե փորձես մի օր ուշացնել էներգիայի վճարը` առանց խղճի խայթի քեզ կթողնեն մութ ու սառը սենյակում: Պրն վարչապետ, Հայաստանում խայտառակ, ծայրաստիճան աղքատություն է: Եվ այս խայտառակ իրավիճակում, Դուք եւ նախագահ Սերժ Սարգսյանն ամբիոններից հայտարարում եք, թե ՀՀ-ում աղքատությունը հաղթահարված է: Սուտ է, 3 տարին մեկ անգամ 3000 դրամ եք ավելացնում` ապրանքների թանկացման հետ մեկտեղ»,- անխնա լաց լինելով` հայտարարում է հաշմանդամ կինը` կոչ անելով ՀՀ նախագահին եւ վարչապետին մեկ ամիս ծախսել ընդամենը 23.000 դրամ, որից հետո իրենք էլ կախաղան փնտրելու ելքեր կորոնեն: Նա նաեւ նրանց հորդորում է իրենց «աչքերը լայն բացել, մեկ-մեկ ոտք դնել մարզեր», ականատես լինել մարդկանց կենսակերպին: «Իսկ երբ հաղթահարված աղքատության մասին պաշտոնական հայտարարություններ են անում, ուզում եմ հեռուստացույցը պայթեցնել: Ու դեռ մի բան էլ զարմանում են, թե գնալով ինչո՞ւ է աճում աղքատների, ամուսնալուծությունների, սոցիալական որբերի թիվը. զարմանում են, թե ինչո՞ւ երիտասարդները չեն ամուսնանում, ինչո՞ւ է ծնելիության մակարդակը նվազել, թե ինչո՞ւ է ինքնասպանությունների թիվն աներեւակայելի աճել, թե ինչո՞ւ է գողությունը, խարդախությունն ու մարդասպանությունը սովորական երեւույթ դարձել»: Ա. Քալաշյանը ՀՀ իշխանություններին նաեւ կոչ է անում հնարավորինս քիչ բարձրաձայնել թուրքերին ուղղված քննադատությունները եւ մասնավորապես` Հայոց ցեղասպանության թեման, քանի որ, ըստ նրա` նույն ոճրագործությունը սեփական ժողովրդի նկատմամբ ներկայումս կատարում են իրենք: «Ի տարբերություն թուրքերի` մերոնք ժողովրդին բնաջնջում են դանդաղ մահով, տանջելով»,- ասում է նա: Ինչեւէ, 2-րդ կարգի հաշմանդամ Ա. Քալաշյանը, ով իսկապես հոգեբանական ծանր սթրես է ապրում, մեզ նաեւ ներկայացրեց բավականին ծավալուն նամակ, որը չենք կարող հրապարակել զուտ ծավալի պատճառով: Սակայն ցանկության դեպքում այդ նամակը կտրամադրենք ցանկացած մեկի, ով հետաքրքրված է ծայրաստիճան վատ վիճակում գտնվող այս կնոջ ճակատագրով: Վերջինս անընդհատ կրկնում էր, որ ինքը արժանապատվություն եւ ինքնասիրություն ունեցող մարդ է եւ մեզ դիմելուց առաջ երկար է մտածել: Թերթի միջոցով իր ասելիքի` արձագանք չստանալու դեպքում` նա սպառնում է վերջ տալ կյանքին, իսկ երկրի ղեկավարներին խորհուրդ է տալիս. «Հետո թող չասեն` ի՞նչ պատճառով արեց: Կանեմ, որովհետեւ մի երկրում, որտեղ մարդուն ազատություն են տվել, մարդուն նաեւ զրկել են ապրելուց: Ինչ ունեմ-չունեմ, հիվանդ, քայքայված ա, մենակ ուղեղս ա առողջ, իսկ ուղեղս ասում ա` գնա կախվի»: