Պասիվ համագործակցություն

04/12/2005 Կարապետ ԹՈՄԻԿՅԱՆ

Ցուցահանդեսին մասնակցում են ավելի քան 30 ընկերություններ, որոնք հնարավորություն են ընձեռում խորացնել 2 երկրների տնտեսական փոխհարաբերությունները: Այսօր տեղի կունենա նաեւ «Ռուսաստան եւ Հայաստան. իրականություն եւ հեռանկարներ» խորագիրը կրող տնտեսական ֆորումը:

Թեեւ ցուցահանդեսի աշխատանքները նախատեսված են մինչեւ ժամը 18:00-ը, այնուամենայնիվ, երեկ ժամը 16:00-ի սահմաններում դահլիճը գրեթե դատարկ էր: Հետաքրքիրն այն է, որ ոչ միայն այցելուներ չկային, այլ նաեւ տաղավարներում էր ամայություն տիրում: Հուսանք, որ այսօրինակ պասիվությունը պայմանավորված չէր ցուցահանդեսի ոչ արդիական լինելով, քանի որ հայ-ռուսական համագործակցությունը մեր երկրի տնտեսության առանցքային տարրերից մեկն է:

Ներկայացնենք ցուցահանդեսի մասնակից մի քանի ընկերություններ: «Մարս» ՓԲԸ-ն, որ զբաղվում է հիմնականում տարբեր դետալների, էլեկտրոնային սարքավորումների արտադրությամբ, այսօր աշխատացնում է իր արտադրական հնարավորությունների ընդամենը 1-2%-ը: Ընկերության ներկայացուցչի խոսքերով, պատվերների առկայության դեպքում իրենք հնարավորություն ունեն մեծ ծավալներով արտադրել եւ արտահանել: Ի դեպ, հիմնական պատվիրատուները ռուսական ընկերություններն են: Տուլայի սարքաշինական գործարանը Հայաստանում ունի ներկայացուցչություն, որը ներմուծում է գործարանի արտադրանք հանդիսացող կշեռքներ, հաշվիչ մեքենաներ եւ այլ ապրանքատեսակներ, այնուհետեւ, պայմանագրային սկզբունքով, սպասարկում տեղական ձեռնարկություններին: Հայկական «Կարկոմավտո» ՍՊԸ-ն արդեն մոտ մեկ տարի է, ինչ համագործակցում է ռուսական «Զիլ» գործարանի հետ եւ հանդիսանում է վերջինիս միակ ներկայացուցիչը Հայաստանում: Իհարկե, դեռ Խորհրդային Միության տարիներից գործող «Զիլ» գործարանի արտադրանքը մեր շուկայում նորություն չէ, սակայն այժմ գործարանը ներկայանում է նորամուծություններով, որի նկատմամբ աճում է նաեւ հայաստանյան պահանջարկը: Ցուցահանդեսում «Կարկոմավտոյի» ներկայացուցչի հավաստմամբ՝ Երեւանի Արաբկիր համայնքի ղեկավար Հովհաննես Շահինյանի ջանքերով արդեն գրավոր համաձայնություն է կնքվել, որի հիման վրա Հայաստան են բերվելու աղբատար մեքենաներ: «Զիլ» գործարանը ներմուծելու է նաեւ ճանապարհաշինական մեքենաներ: Ցուցահանդեսին իրենց արտադրանքը ներկայացնում էին նաեւ «Հրազդան ՋԷԿ» եւ «Մոսկվայի թիվ 17 փայտամշակման կոմբինատ» ընկերությունները: Հատկանշական է, որ բոլոր ձեռնարկությունների ներկայացուցիչները հույս էին հայտնում, որ այս միջոցառումը կնպաստի իրենց արտադրանքի շուկաների ընդլայնմանը:

«ՌԱՕ ԵԷՍ»-ը եւ «ԲԱՄՕ»-ն նույնպես ներկայացված էին ցուցահանդեսում: Հիշեցնենք, որ 1993թ. ստեղծվելով որպես պատուհանների եւ դռների արտադրությամբ զբաղվող ոչ մեծ ֆիրմա՝ այժմ «ԲԱՄՕ»-ն հանդիսանում է խոշորագույն շինարարաարդյունաբերական հոլդինգներից մեկը: Վերջերս «ԲԱՄՕ»-ն գնեց նաեւ Երեւանի Մարզահամերգային համալիրը: Իսկ «ՌԱՕ ԵԷՍ»-ը ոչ միայն «Հայաստանի էլեկտրական ցանցեր» եւ «Սեւան-Հրազդան կասկադ» հիդրոէլեկտրակայանի սեփականատերն է, այլեւ՝ Հայկական ատոմային էներգակայանի՝ պետությանը պատկանող 100% բաժնետոմսերի կառավարող ընկերությունը: