Արդեն քանի օր է` լրատվամիջոցներն ու սոցիալական ցանցերի օգտատերերը ահազանգեր են հնչեցնում Նալբանդյան 106/1 հասցեում հատուկ տեխնիկայի միջոցով քանդման աշխատանքներ կատարելու վերաբերյալ: Աղմուկը հատկապես թեժացավ, երբ կառուցապատմանը դեմ մի քանի բնակիչների հետ այդ հասցեում հայտնվեցին բնապահպանական հասարակական որոշ կազմակերպությունների (հ/կ) ներկայացուցիչներ, ԱԺ նախկին պատգամավոր Ստեփան Սաֆարյանը: Ծառահատումների գործողությունների ժամանակ ծագած երկու կողմերի բախումից հետո Ոստիկանության միջամտությունն անխուսափելի էր: Բանն այն է, որ մայիսի 30-ին Նալբանդյան 106/1 հասցեում կառուցապատող ընկերությունը շինարարական աշխատանքները մեկնարկելու կապակցությամբ հատուկ տեխնիկայի միջոցով թվով 17 ծառերից 5-ը արմատախիլ է արել` տնկարանային տնտեսության մեջ վերատնկելու նպատակով, իսկ մնացած 12-ը հատել է` հիմնվելով Երեւանի քաղաքապետարանի Աշխատակազմի բնապահպանության վարչության պետ Ա. Մարտիրոսյանի կողմից տրված գրության վրա: Բնապահպաններն ու իրավապաշտպաններն իրենց հաղորդագրությունների մեջ նշում էին, որ ինչպես ծառահատումներն, այնպես էլ` կառուցապատումն ապօրինի է` առանց փաստաթղթային իրավական հիմնավորման: Նման հայտարարություններ հնչում են նաեւ ինտերնետային կայքէջերում տարածվող տեսանյութերում:
Նալբանդյան 106/1 հասցեում գտնվող տարածքի կառուցապատման շուրջ աղմուկը պարբերաբար նոր դրսեւորումներ է ստանում: Փորձեցինք պարզել, թե ինչ է իրականում տեղի ունենում Երեւանի այս հատվածում: Նախ, հիշեցնենք, որ 2003թ. հունիսի 13-ի N 882-Ն որոշման 4-րդ կետի համաձայն` ՀՀ կառավարությունը 2010թ.-ին որոշում կայացրեց` ««ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության ենթակայության «Երեխայի զարգացման կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպությանն ամրացված անշարժ գույքը` համաձայն հավելվածի, հետ վերցնել եւ ուղղակի վաճառքի ձեւով օտարել «Ավագշին» ՍՊԸ-ին տարածքում իր կողմից կառուցվելիք բազմահարկ, բազմաֆունկցիոնալ բնակելի շենքից` 1796.9քմ բարեկարգված եւ ժամանակակից հագեցվածությամբ տարածք վաճառել ՀՀ` ի դեմս ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության»: Բացի այդ, գոյություն ունի կառավարության 2010թ. N-1258 Ն որոշումը` համաձայն որի` Նալբանդյան, Թումանյան, Ավագ Պետրոսյան փողոցներով եւ այլ պողոտայով պարփակված տարածքը ճանաչվել է բացառիկ գերակա հանրային շահ: Այդ որոշման նպատակը, համաձայն փաստաթղթերի` քաղաքաշինական ծրագրեր իրականացնելով Երեւանի կենտրոնից վերացնել խառը, անկանոն կառուցապատումը, որին զուգահեռ հին եւ խարխլված շինություններով, տարերայնորեն տեղադրված մետաղյա եւ քարե ավտոտնակների փոխարեն կառուցվելու է բազմաֆունկցիոնալ կառույց եւ ստորգետնյա ավտոկայանատեղի: Այսինքն` Նալբանդյան 106/1 հասցեն դեռեւս 2010թ.-ին Կառավարության կողմից ճանաչվել է հանրային գերակա շահ, եւ պայմանագիր է կնքվել «Ավագշին» ընկերության հետ: Հաշվի առնելով օրերս տեղի ունեցած երկու կողմերի «հակամարտությունը», բնապահպանների հնչեցրած հայտարարությունները եւ կառուցապատման ապօրինի կարգավիճակի մասին հրապարակումները` փորձեցինք պարզել, թե նախ` ո՞վ է Նալբանդյան 106/1 հասցեի կառուցապատողը եւ ի՞նչ հիմքերով է քանդման, կառուցապատման աշխատանքներն իրականացնում: Կառուցապատողը գործարար Գեւորգ Մարդանյանն է, ով, ասում են` ի սկզբանե տարածքի հանդեպ առանձնահատուկ հետաքրքրություն չի ցուցաբերել, այլ ճիշտ հակառակը` իշխանության որոշ ներկայացուցիչներ իրենք են առաջարկել 106/1 հասցեում ներդրումներ կատարելով` բազմաֆունկցիոնալ բնակելի շենք կառուցել, բարեկարգել տարածքը: Գ. Մարդանյանը չցանկացավ մեզ պարզաբանումներ տալ` հավաստիացնելով, որ իր գործունեությունն օրինական դաշտում է, իսկ այդ հասցեում ապօրինի գործունեություն կատարելու վերաբերյալ մեղադրանքները նա հիմնազուրկ գնահատեց: Այնուամենայնիվ, խնդրեցինք տրամադրել Նալբանդյան 106/1 հասցեում կառուցապատման իրավունքի եւ դրա հետ կապված մի շարք այլ փաստաթղթեր: Կառուցապատողի ներկայացուցիչը մեզ տրամադրեց «Ավագշին» ՍՊԸ-ի կանաչապատման եւ բարեկարգման նախագիծն` այս հասցեի հետ կապված բոլոր փաստաթղթերի փաթեթը (ՀՀ Կառավարության որոշումները, Երեւանի քաղաքապետարանի քանդման թույլտվությունը, անշարժ գույքի սեփականության իրավունքի վկայականները, հատակագիծը, ճարտարապետահատակագծային առաջադրանքները եւ այլն:)
Նշենք, որ այս տարածքում տեղակայված` ՀՀ ոստիկանության հաշվեկշռում գտնվող մանկապարտեզից բացի, Նալբանդյան 106/1 հասցեում եղել են նաեւ բազմաթիվ ավտոտնակներ, որոնցից շատերն ապօրինի են կառուցված եղել: Տարածքում քանդման աշխատանքներ սկսելու թույլտվություն կառուցապատողին տրվել է դեռեւս 2010թ.-ից, սակայն ստեղծված կառավարական միջգերատեսչական հանձնաժողովի քննարկումներից հետո այն չեղյալ է ճանաչվել, քանի որ 16 հարկանի շենք կառուցելու նախագիծը հակասել է քաղաքաշինական նորմերին: Կառուցապատողին, նաեւ հաշվի առնելով հարակից շենքերի բնակիչների բողոքը, 16 հարկանի շենքի փոխարեն առաջարկվել է ներկայացնել ավելի ցածրահարկ շենքի նախագիծ: Կառուցապատողը հետագայում 7 հարկանի բազմաֆունկցիոնալ շենքի կառուցապատման նախագիծ է ներկայացրել, որն առայսօր քննարկման փուլում է, սակայն շուտով կհաստատվի: «Ավագշին» ընկերությունը Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից համապատասխան թույլտվություն ունի տարածքում քանդման աշխատանքները սկսելու վերաբերյալ: Ըստ ընկերության ներկայացուցչի` այն ներկայացվել է նաեւ բնապահպան կազմակերպություններին: Մեր ձեռքի տակ է 2012թ. մայիսի 15-ին քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից տրված փաստաթուղթը, համաձայն որի` քաղաքապետարանը «Ավագշին» ՍՊԸ-ին նշյալ հասցեում քանդման աշխատանքներ իրականացնելու թույլտվություն է տվել: Կառավարության որոշումներից մեկում նշված է Նալբանդյան 106/1 հասցեի նկարագիրը, որտեղ հիմնականում ավտոտնակներ եւ խորդանոցներ են մատնանշվում: Ինչպես նշեցինք` այդ հասցեում բազմաթիվ ավտոտնակներ կան, որոնք մինչ օրս ապօրինի են շահագործվում եւ պետական գրանցում չունեն: Կառուցապատողն այդ ապօրինի ավտոտնակներից յուրաքանչյուրի համար բնակիչներին առաջարկել է 1մլն դրամ փոխհատուցում, սակայն նրանք չեն համաձայնվել: Ընդհանուր 55 ավտոտնակներից մոտ 40-ն է եղել օրինական, եւ ըստ «Ավագշինի»` այդ օրինական ավտոտնակներից յուրաքանչյուրը նրանք սեփականատերերից գնել են 3.5-ից մինչեւ 8.5 միլիոն դրամով, որոնք նախապես գնահատվել են անշարժ գույքի գնահատման գործակալությունների կողմից: Մյուս` ապօրինի կառուցված ավտոտնակների համար էլ հետագայում առաջարկվել է 3.5 միլիոն դրամ: Ուշագրավն այն է, որ քաղաքապետարանը համայնքային սեփականության հողատարածքի վրա անօրինական ճանապարհով կառուցված ավտոտնակներն ապամոնտաժելու գործընթացին չի խառնվում:
Փաստորեն` տարածքն իրացնելով` ներդրող-կառուցապատողը ժառանգել է ապօրինի շինություններ, որի արդյունքում այժմ այս երկու կողմերի միջեւ լուծում չի գտնվում: Այս ամենի արդյունքում` քաղաքապետարանը գործընթացից «չոր» է դուրս գալիս` տեղի բնակիչներին եւ կառուցապատողին իր անփույթ աշխատանքի պատճառով միմյանց դեմ դուրս բերելով: Ըստ «Ավագշինի» կողմից մեզ տրամադրված փաստաթղթերի` օրինական կարգով ավտոտնակ ունեցող բնակիչների մի մասին տրվել է փոխհատուցում, իսկ ոմանք էլ համաձայնության են եկել` այդտեղ կառուցվելիք ստորգետնյա ավտոկայանատեղիից տարածք ձեռք բերել: Ստացվել է այնպես, որ իշխանությունները տարածքի կառուցապատումն առաջարկել են մասնավոր ներդրողի` առանց ուսումնասիրելու եւ լուծելու քաղաքապետարան-բնակիչներ իրավունքների հարցը, որի պատճառով էլ այսօր երկու կողմերը պայքար են մղում միմյանց դեմ: Ընդ որում` Նալբանդյան 106/1 հասցեում նաեւ սեփական տներ են եղել, որոնցից ոմանք կառուցապատողից համարժեք փոխհատուցում ստանալով` ազատել են տարածքը, իսկ ոմանք էլ` բնակարաններ են ստանալու տեղում կառուցվող բազմաֆունկցիոնալ բազմաբնակարան շենքից: Բացի այդ, կառուցապատողը պետք է նախկինում այդ տարածքում գտնվող մանկապարտեզը վերակառուցի: Ավելին, ըստ պայմանագրի` վերակառուցված եւ տեխնիկապես հագեցած մանկապարտեզի շենքը վերադարձնելու է Ոստիկանությանը` 500քմ ավելի տարածքով: Մեզ հետ հեռախոսազրույցի ընթացքում Գ. Մարդանյանն արձագանքելով օրերս բարձրացված աղմուկին` նշեց. «40-ից ավելի ավտոտնակներ մենք գնել ենք պատկառելի գումարներով, 10 ավտոտնակների տերերի հետ պայմանագրեր են կնքվել` ավտոկայանատեղի հատկացնելու վերաբերյալ, գնվել է 3 տուն, որովհետեւ բնակիչներն իրենք են փոխհատուցում ցանկացել, 4 տների բնակիչների հետ տեղում շենքից բնակարան տրամադրելու վերաբերյալ պայմանագրեր են կնքվել: Սեփական տների որոշ տերերի հետ համաձայնության ենք եկել փոխհատուցման կամ բնակարանի տրամադրման հետ կապված: Բոլորին առաջարկներ են արվել` ով որ տարբերակը ցանկացել է` պայմանագիր է կնքվել: Ովքեր փոխհատուցում են ցանկացել` իրենք են բերել գնահատող կազմակերպություններին, իրենց գույքը գնահատվել է, եւ վճարել ենք: Թվով 40-ից ավելի ավտոտնակների տերերն եկան եւ մոտ 6-10 մլն գումար ուզեցին յուրաքանչյուր ավտոտնակի համար: Դա էլ արեցինք, վճարեցինք, եւ դա` այն դեպքում, երբ հողն իրենց չի պատկանում: Շատ հիասթափեցնող երեւույթ է, երբ նրանցից ոմանք, ովքեր իրենց ցանկացած փոխհատուցումը ստացել են` այսօր միացել են այս բողոքավորներին` հայտարարելով, թե մենք ուզում ենք լավ բակ ունենալ, երեխաները խաղալու տեղ չունեն: Սա անբարոյականություն է, երբ մարդիկ վաճառում են իրենց ավտոտնակը, փողը ստանում են, իսկ հետո պահանջում են տարածքն ազատել: Նույն մարդիկ ծառերը կտրել, ավտոտնակներ էին կառուցել, մենք նույնիսկ լուսանկարներ ունենք: Տարածքում երեխաների խաղատեղ չի եղել: Փոխարենը` մենք այսօր ոչ միայն շենք ենք կառուցելու, այլեւ կանաչ գոտիներ, խաղահրապարակներ ենք ստեղծելու, տասնյակ ծառեր ենք տնկելու: Այստեղ` չորս կողմում ավտոտնակներ են եղել եւ մանկապարտեզի կիսափուլ շենքը: Այդ տարածքը փոշու, առնետների մեջ կորած էր, եւ բնակիչներից բոլորն էլ մեզ խնդրում են, որ հնարավորինս արագ բարեկարգենք: Բողոքում են ընդամենը 4-5 հոգի, որոնց հրահրում են այդ ակցիայի մասնակիցները»: Նշենք նաեւ, որ նախագծով նախատեսված է տեղանքում 17-ի փոխարեն տնկել 70-80 ծառ:
Ինչ վերաբերում է ծառահատման խնդրին, ապա կառուցապատողի ներկայացուցիչը մեզ տրամադրեց Երեւանի քաղաքապետարանի Աշխատակազմի Բնապահպանության վարչության պետ Ա. Մարտիրոսյանի գրությունը, որում ասվում է. «Նալբանդյան 106/1 հասցեի բակում Ձեր ընկերության կողմից իրականացվող շինարարական աշխատանքներին խոչընդոտող թվով 17 հատ ծառերից 5 հատը, համաձայն կից մասնագիտական ակտի, ենթակա են վերատնկման տնկարանային տնտեսությունում, իսկ մնացած 12-ի հետագա աճը վտանգված է, ուստի ենթակա են հատման: Շին. աշխատանքների ավարտից հետո կառուցապատողը պարտավորվում է տարածքը կառուցապատել` ըստ հաստատված կանաչապատման նախագծի»: Այս գրությունը նաեւ ներկայացվել էր բնապահպաններին, ովքեր շարունակում են պնդել ծառահատումների անօրինական գործողությունները` հայտարարելով, որ թույլտվությունը պետք է ոչ թե Քաղաքապետարանի Բնապահպանության վարչությունը տրամադրի, այլ Բնապահպանության նախարարությունը: Մենք զանգահարեցինք ՀՀ Բնապահպանության նախարարության լրատվության բաժին, որտեղից հավաստիացրեցին, որ նախ` Նալբանդյան 106/1 հասցեի վերաբերյալ իրենք գրավոր ոչ մի դիմում չեն ստացել: Արձագանքելով բնապահպանների հայտարարությանը` լրատվության բաժնի ներկայացուցիչն, ի պատասխան, ասաց` «Ինչի՞ մասին է խոսքը, երբ Բնապահպանության նախարարությունն իրավունք չունի քաղաքի վերաբերյալ ծառահատման թույլտվություն տալ: Դա միմիայն քաղաքապետարանի Բնապահպանության վարչության գործառույթն է, իսկ քաղաքի կանաչ գոտիները տնօրինվում են քաղաքապետարանի կողմից: Բնապահպանության նախարարության լիազորություններն այդ իմաստով վայրի բնության վրա են միայն տարածվում»: