Ինչո՞վ է հարվածել

02/06/2012

«Խորհրդարանը չի ընտրվել, այլ կազմավորվել է, կազմավորվել է որոշակի չափանիշներով, եւ դրանք հարիր չեն իմ կերպարին եւ ինձ` որպես հրապարակային քաղաքական գործչի: Եվ շատ տրամաբանական է, որ ես, ընտրվելով 5-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր, հրաժարվեցի մանդատից»,- երեկ կայացած ասուլիսում` անդրադառնալով պատգամավորական մանդատից հրաժարվելու իր քայլին` ասել է Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը: «Մանդատը չի, որ ինձ պետք է գեղեցկացնի»,- իրեն մխիթարել է նա, ով, փաստորեն, ընտրությունների արդյունքների հրապարակումից ավելի քան երկու շաբաթ անց հասկացավ, որ «խորհրդարանը չի ընտրվել, այլ կազմավորվել է»: Անդրադառնալով լուրերին, թե իրեն ստիպել են մանդատը վայր դնել, ինչպես նաեւ` ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի իրեն ուղղված արտահայտությանը, թե` «ով քցող չի, նա քցվող է», Հ.Հովհաննիսյանն ասել է. «Ես երբեք քցող չեմ եղել, ո՛չ քցվել եմ, ո՛չ քցող եմ: Եթե թիկունքից հարվածը համարում եք քցել, իսկ թիկունքից հարված ստացողին` քցված, դա ձեր իրավունքն է»: Իսկ թիկունքից Հ. Հովհաննիսյանին, իր խոսքերով, հարվածել են հանգամանքները: «Հանգամանքների» ազգանունները նա չի մասնավորեցրել: