Երեւանի քաղաքապետարանի եւ Մշակույթի նախարարության համատեղ հանձնաժողովը, որը ստեղծվել էր ուսումնասիրելու «Փակ շուկայի» շուրջ ստեղծված իրավիճակը, երեկ Հանրային խորհրդում կազմակերպված քննարկման ժամանակ հայտարարել է, թե բանավոր համաձայնություն է ձեռք բերվել շինության սեփականատեր Սամվել Ալեքսանյանի հետ, որ աշխատանքները կշարունակվեն բացառապես այն էսքիզային նախագծով, որն առաջիկա շաբաթվա ընթացքում պետք է ներկայացվի մասնագետների դատին: Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը, ով վերոնշյալ հանձնաժողովի ղեկավարն է, երեկ հայտարարել է, թե շուկայում աշխատանքները կվերսկսվեն միայն վարչապետի կողմից նախագծի հաստատումից հետո: «Պայմանավորվածությունն այդպիսին է, եւ ուրիշ բան լինել չի կարող: Հիմա մեր ջանքերը պետք է ուղղված լինեն նրան, որպեսզի մենք սեփականատիրոջից պահանջենք, որպեսզի նա ամրացնի մնացած մասը եւ վերաստեղծի այն մասը, որ քանդվել է»,- ըստ «Ազատության»` ասել է Մ. Մինասյանը` վստահեցնելով, թե շուկան սուպերմարկետ չի դառնա, չի ունենա լրացուցիչ հարկ, կավելանա միայն ստորգետնյա ավտոկայանատեղի, որի կառուցման թույլտվությունը տվել են Երեւանի քաղաքապետարանն ու Մշակույթի նախարարությունը: «Նա սկսել էր անօրինական: Այդտեղ նրան պետք է միանգամից արգելվեր, բայց նա արդեն արել էր այնքան անթույլատրելի բան, որ ստիպված մենք թույլ տվեցինք, որպեսզի տակի այդ «պադոշվան» ինքը անի` գոնե շենքի կայունությունն ապահովելու համար»,- ասել է հանձնաժողովի նախագահը` հավելելով, որ, թեեւ Ս. Ալեքսանյանը չուներ աշխատանքներ իրականացնելու թույլտվություն, սակայն պատասխանատվության հարց չի բարձրացվելու: Նրա խոսքով` իրատեսական է քանդված կամարների ամբողջական վերականգնումը. «Արդեն արել ենք մեր եզրակացությունը, որ այդ եղած կամարները բավականին մեծ ռեսուրս ունեն, կարող են աշխատել, եւ մնում է, որ մնացած մասերը մենք վերականգնենք: Դա արդեն աշխատանքային կարգով կանենք»: