Երեկ ժամը 8։20-ի սահմաններում ՊԲ հարավ-արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում, դեռեւս չպարզված հանգամանքներում, հրազենային մահացու վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, 1993թ. ծնված Սարո Արտյոմի Սամվելյանը: Ըստ ՊԲ լրատվության բաժնի, միջադեպի հետ կապված մանրամասները պարզելու համար տարվում է քննություն: Եվս մեկ միջադեպ երեկ արձանագրվել է Տավուշի մարզում: Ժամը 8։15-ին, Բերդի հոսպիտալից Ոստիկանության Տավուշի բաժին հաղորդում է ստացվել, որ աջ ազդրի միջանցիկ հրազենային վիրավորումով իրենց մոտ է տեղափոխվել Ներքին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ, 1960 թ. ծնված Վաչիկ Մելքումյանը: Պարզվել է, որ Մելքումյանը նշված վնասվածքը ստացել է նույն օրը, ժամը 7։00-ի սահմաններում, գյուղի խաղողի այգում աշխատելիս` ադրբեջանական հենակետից արձակված կրակոցից: Քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: