Խորհրդարանական ընտրություններից հետո իշխանության վերնախավում կադրային փոփոխությունների հարցը մասամբ լուծվեց:
Հաստատվեց, թե ովքեր են լինելու օրենսդիր իշխանության 131 պատգամավորները, իսկ մայիսի 31-ին էլ նրանք ընտրեցին նոր խորհրդարանի նախագահին ու փոխնախագահներին: Իշխանության կազմավորման գործընթացը վերջնական տեսքի կգա առաջիկա 10 օրերին ու դրան հաջորդող երկու շաբաթներին, երբ նախագահ Սերժ Սարգսյանն իրենց պաշտոններում հաստատի վարչապետին ու կառավարության անդամներին: Թվում է, թե այսպիսով իշխանության վերաձեւումն ավարտվում է առաջիկա 5 տարիների համար, քանի որ այն հիմնականում ձեւավորվում է խորհրդարանական ընտրությունների արդյունքում: Հատկապես այս դեպքում, երբ իշխող Հանրապետական կուսակցությունը նորից ձեռք է բերել մեծամասնություն: Այսինքն` այդ ուժն առաջիկա 5 տարիներին իրավունք ունի միանձնյա ձեւավորել կառավարություն ու ԱԺ ղեկավարությունը: Իսկ 2013թ. նախագահական ընտրություններից հետո կարող է ընդամենը նախագահը փոխվել: Եվ եթե նույնիսկ նախագահ դառնա այլ կուսակցության ներկայացուցիչ, միեւնույն է, ՀՀԿ-ն` որպես մեծամասնություն ստացած ուժ, մնում է կառավարությունը ձեւավորող կուսակցություն: Եթե, իհարկե, արտահերթ խորհրդարանական ընտրություններ տեղի չունենան: Սակայն պարզվում է, որ մեր երկրում այդ նշանակումներն արվելու են կարճ ժամանակահատվածի համար` մինչեւ 2013թ. նախագահական ընտրությունները: Համենայնդեպս, այդպիսի մթնոլորտ է տիրում նույն իշխանական համակարգում: Իսկ նախագահական ընտրություններից հետո արդեն կառավարության կազմը վարչապետի գլխավորությամբ կփոխվի: Իհարկե, չի բացառվում, որ որոշ նախարարներ դրանից հետո էլ շարունակեն պաշտոնավարել: Նաեւ չի բացառվում, որ ԱԺ ղեկավարությունն այս կազմով նույնպես փոխվի: Եվ իզուր չէր նախօրեին ԱԺ նորանշանակ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարել, թե նախագահական ընտրություններից հետո ուժերի նոր դասավորություն է լինելու: Ի՞նչ է նշանակում այս հայտարարությունը, ի՞նչ ուժերի դասավորության մասին է ակնարկում ԱԺ նախագահը: Արդյո՞ք սա նշանակում է, որ ՀՀԿ-ն ընդամենը նոր կառավարություն է ձեւավորելու նոր վարչապետի գլխավորությամբ, թե՞, իսկապես, քաղաքական դաշտի հիմնական ուժերի դերակատարների վերադասավորություն է լինելու: Ամեն դեպքում, Հ.Աբրահամյանը դժվար թե չտարբերեր այս երկու փոփոխությունների նշանակությունը: Նա, փաստորեն, իրադարձություններից առաջ է ընկել եւ ակնարկներ է անում, թե ինչ կարող է տեղի ունենալ ընդամենը 8 ամիս հետո:
Մեր տեղեկություններով` մայիսի 6-ի ընտրություններից հետո կոալիցիա կազմելու շուրջ Ս.Սարգսյանի եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ԲՀԿ-ն նախագահական ընտրություններին կպաշտպանի գործող նախագահի թեկնածությունը, փոխարենը` կստանա վարչապետի պաշտոնը: Այսինքն` նախագահական ընտրություններից հետո կկազմվի կոալիցիոն կառավարություն` արդեն ԲՀԿ-ի գլխավորությամբ: Պարզապես կողմերը պայմանավորվել են այս մասին առայժմ հայտարարություն չանել: Այս պայմանավորվածության իրագործման դեպքում արդեն ԲՀԿ-ն կվերցնի նաեւ մեծ թվով նախարարություններ: Հիշեցնենք, որ Հ.Աբրահամյանը` Ս.Սարգսյանի ու Գ.Ծառուկյանի հետ, մասնակցել է այդ բոլոր բանակցություններին: Չէ՞ որ դրանց արդյունքում, շատերի գնահատմամբ, ԲՀԿ-ի ճնշմամբ որոշվեց նաեւ Աբրահամյանի` ԱԺ նախագահի պաշտոնին վերադառնալու հարցը: Այնպես որ, նա բոլորովին էլ պատահաբար չի ակնարկել «ուժերի նոր դասավորության» մասին, պարզապես ժամանակից առաջ է ընկել:
Ի դեպ, նախագահական ընտրություններում Ս.Սարգսյանին պաշտպանելու դիմաց վարչապետի պորտֆելը վերցնելու մասին երեկ հայտարարություն է արել նաեւ Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը, ով ԲՀԿ համամասնական ցուցակի 9-րդ հորիզոնականում էր, եւ ում Գ.Ծառուկյանը` Ս.Սարգսյանի պնդմամբ, ստիպեց ինքնաբացարկ ներկայացնել: Պատգամավորի մանդատից զրկվելուց հետո Հ.Հովհաննիսյանը ջրի երես է հանում վերջիններիս այն քննարկումներն ու պայմանավորվածությունները, որոնք հասանելի են եղել իրեն: «ԲՀԿ-ն առաջ կքաշի հակաճգնաժամային իր մշակած փաթեթը, որտեղ կա նաեւ վարչապետի փոփոխության հարց»,- հայտարարել է Հ.Հովհաննիսյանը:
«Ճիշտն ասած, ես նման տեղեկատվության չեմ տիրապետում, նման խնդիր չի էլ քննարկվում այսօր»,- երեկ ասաց ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը` անդրադառնալով նախագահական ընտրություններից հետո վարչապետի պաշտոնը ԲՀԿ-ին հանձնելու մասին տեղեկություններին:
Այդ դեպքում` «ուժերի նոր դասավորություն» ասելով` ի՞նչ էր ակնարկում Հ.Աբրահամյանը:
«Նախագահական ընտրությունները հենց իրավիճակի փոփոխություն է, ուժերի վերադասավորություն: Նախագահական ընտրություններից հետո, ըստ Սահմանադրության, նորից կառավարության փոփոխություն է տեղի ունենում: Բնական չէ՞, որ իրավիճակի, ուժերի դասավորության փոփոխություն է լինելու»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ վերջերս մամուլում արտահոսք էր եղել, թե բանակցությունների ժամանակ Գ.Ծառուկյանը Ս.Սարգսյանին է ներկայացրել 8 կետից բաղկացած իրենց «հակաճգնաժամային ծրագիրը», որի առաջին պայմանը վարչապետի փոփոխությունն է: Ի դեպ, կրկին հիշեցնենք, որ այդ բանակցություններին մասնակցում էր ընդամենը երեք հոգի` Ս.Սարգսյանը, Հ.Աբրահամյանը եւ Գ.Ծառուկյանը: Իսկ այդ ծրագրի մասին արտահոսքը, ամենայն հավանականությամբ, արվել է ԲՀԿ-ի կամ Հ.Աբրահամյանի կողմից: Դժվար թե Ս.Սարգսյանը ցանկանար, որ ԲՀԿ-ի կողմից իրեն ներկայացված պահանջը հայտնի դառնա: Իսկ ինչ վերաբերում է ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի հարաբերություններին, կամ ավելի շուտ` քաղաքականության մեջ Ս.Սարգսյանի ու նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ունեցած դերակատարությանը, ապա վերջին իրադարձությունների, տեղեկատվական արտահոսքի եւ ընդհանրապես մայիսի 6-ի ընտրությունների արդյունքում տպավորություն կա, որ գործող նախագահը նահանջում է: Եվ երկրորդ փուլում նախագահ ընտրվելու համար կարծես թե նա իր ու ՀՀԿ-ի համար վտանգավոր զիջումների է գնում: Նա գնաց ԲՀԿ-ի ճնշումներին եւ վերջին պահին ԱԺ նախագահի պաշտոնին վերադարձրեց Հ.Աբրահամյանին, ում պաշտոնանկ էր արել նույն կուսակցության հետ ստվերային հարաբերություններ ունենալու պատճառով: Նույն ճնշումների արդյունքում` նա խոստացել է ԲՀԿ-ին տրամադրել նաեւ վարչապետի պաշտոնը: Իսկ ի՞նչ է սա նշանակում, արդյո՞ք Ս.Սարգսյանը կկարողանա իրեն լիարժեք նախագահ համարել (եթե, իհարկե, ընտրվի), եթե մրցակից կուսակցությանն է հանձնելու գործադիր եւ օրենսդիր մարմինների ղեկը: Եվ ընդհանրապես, նորից նախագահ դառնալու մտահոգությունից` արդյո՞ք նա չափից շատ զոհողություններ չի անում: Բոլոր դեպքերում, նման մտահոգություններ կան հենց իշխանության ՀՀԿ-ական թեւի ներսում, ովքեր, թեեւ բարձրաձայն չեն համարձակվում դրանց մասին հայտնել Ս. Սարգսյանին, այդուհանդերձ, վերջին իրադարձությունների համադրման արդյունքում` նման եզրակացությունների են հանգում: Ի դեպ, տեղին է հիշեցնել Ռ.Քոչարյանի վերջին հարցազրույցի մի հատվածը, որտեղ նա անդրադառնալով Ս.Սարգսյանի` «շախմատային քաղաքականությանը»` ասում է. «Շախմատում խաղի իմաստն է` ամեն գնով պաշտպանել թագավորի «գլուխը»: Հանուն այդ նպատակի` կարելի է զոհաբերել նույնիսկ «թագավորության» կեսը: Չեմ կարծում, որ այսպիսի շախմատային համեմատությունը երկրի ղեկավարման գործընթացի հետ կարող է ոգեւորել որեւէ մեկին (բացի թագավորից): Այնպես որ, լավ կլինի հանգիստ թողնենք շախմատը: Թող այն պարզապես ինտելեկտուալ խաղ մնա, եւ լավ է, որ այն ժողովրդականություն է վայելում Հայաստանում»: