Հմայակի տարբերակները

02/06/2012

«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հայտարարության մեջ չկար կետ, ըստ որի` կուսակցությունն ընտրություններին մասնակցելու է սեփական թեկնածուով»,- երեկ կայացած ասուլիսում հայտարարել է Քաղաքագետների միության նախագահ, ԲՀԿ համամասնական ցուցակի 9-րդ համարը զբաղեցնող, ապա պատգամավորական մանդատից հրաժարված Հմայակ Հովհաննիսյանը: Այդ պատճառով, ըստ նրա, նախագահական ընտրություններում ԲՀԿ մասնակցության հարցն առկախվում է, առաջանում են տարբերակներ, եւ, ըստ էության, այս հարցում անորոշություն պահպանելը, ԲՀԿ հայտարարություններում այս հարցը շրջանցելը նշանակում է` ինտրիգ ստեղծել, որը պահպանվելու է առաջիկա ամիսներին: «ԲՀԿ-ն նախագահական ընտրությունների մասնակցության երկու տարբերակ ունի, որոնցից մեկը կոշտ` Ռոբերտ Քոչարյանի առաջադրմամբ,- ասել է նա` ավելացնելով,- Երկրորդ տարբերակը սեփական թեկնածուն է. մեկը փափուկ տարբերակն է եւ հնարավորություն է տալիս սեփական ծրագրերը կյանքի կոչել»:

Ռ. Քոչարյանի առաջադրման դեպքում, ըստ Հովհաննիսյանի, կընթանա կոշտ մրցակցություն: Իսկ «փափուկ տարբերակի» դեպքում կառաջադրվի Վարդան Օսկանյանը, եւ կլինի պայքար` կանխատեսելի արդյունքներով: Երեկվա ասուլիսում Հովհաննիսյանն անդրադարձել է նաեւ Ռոբերտ Քոչարյանի կերպարի նկարագրությանը: «Ռոբերտ Քոչարյանը 1998 թվականին եւ այսօր տարբեր գործիչներ են,- հայտարարել է նա` ավելացնելով,- Ասում են, որ մարդը փոխվում է յուրաքանչյուր օր: Ռ. Քոչարյանն այն ժամանակ ուրիշ գործիչ էր: Այսօր հնարավոր չէ կանխատեսել, թե ինչ արձագանքներ կլինեն, եթե այդ տարբերակը կյանքի կոչվի, բայց այն, որ այսօր դա տարբերակներից մեկն է, պետք է գիտակցել»: Այդուհանդերձ, Հ. Հովհաննիսյանը հավանական է համարել նաեւ, որ ԲՀԿ-ն 2013 թ.կարող է սատարել Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Ըստ նրա, այդ ընտրություններում կառաջադրվի նաեւ «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը, իսկ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջադրման հարցը, Հովհաննիսյանի կարծիքով, մշուշոտ է` պայմանավորված այն հանգամանքով, որ ՀԱԿ-ը կորցրեց իր քաղաքական մարտավարության նախաձեռնողականությունը:

«Եթե քաղաքական ուժը իր ծրագրերը կամ հեռանկարները փորձում է կառուցել ոչ թե ապավինելով սեփական անելիքի վրա, այլ ապավինելով իշխանական դաշտում հնարավոր կնճիռների առաջացման, գուցեեւ` հնարավոր բաժանարար գծերի առաջացման վրա, նա իր սեփական խաղից իրեն զրկում է եւ հույսը դնում ուրիշի խաղի վրա. պարզ է, որ այդ դեպքում երբեք չես հաղթի: ՀԱԿ-ը կամ կտրուկ քայլեր պետք է ձեռնարկի, կամ իրենք ստիպված կլինեն ներքաշվել խորհրդարանական ճահճի մեջ` դրանից բխող բոլոր հետեւանքներով, մոտավորապես այնպես, ինչպես եղավ 99 թվականին ԱԺՄ-ի հետ»,- ասել է Հովհաննիսյանը: