«Բարաթով»

02/06/2012

ԱՎԾ տվյալների համաձայն, այս տարվա մարտի վերջի դրությամբ Հայաստանի Հանրապետության արտաքին պարտքը կազմում է 3 մլրդ 633.9 մլն ԱՄՆ դոլար։ Տարվա սկզբի համեմատ արտաքին պարտքն ավելացել է 65.8մլն դոլարով։ Արտաքին պարտքի 29.6%-ը երկկողմանի վարկային ծրագրեր են առանձին երկրների հետ, իսկ մնացած 70.4%-ը (2 մլրդ 557 մլն դոլար) բազմակողմանի վարկային ծրագրեր են՝ վարկեր տարբեր միջազգային կառույցներից։ Մարտի 31-ի դրությամբ Հայաստանի ամենախոշոր պարտատերը Համաշխարհային բանկն է։ Այս կառույցին մեր պարտքը կազմում է 1 մլրդ 355 մլն դոլար կամ ընդհանուր արտաքին պարտքի 37.3%-ը։ Երկրորդ տեղում Արժույթի միջազգային հիմնադրամն է՝ 835 մլն դոլար (23%)։ Ասիական զարգացման բանկին պարտք ենք 167.8 մլն դոլար, Եվրախորհրդին՝ 86.3 մլն, Գյուղատնտեսական զարգացման միջազգային հիմնադրամին՝ 66.9 մլն։ Պարտատեր երկրներից առաջին տեղում Ռուսաստանի Դաշնությունն է։ Այս երկրի հանդեպ Հայաստանն ունի 500 մլն դոլարի վարկային պարտավորություն, որը կազմում է արտաքին պարտքի 13.8%-ը։ Խոշոր պարտատեր է նաեւ Ճապոնիան՝ 372.6մլն դոլար (10.3%)։ Ավելացնենք նաեւ, որ այս տարվա առաջին եռամսյակում արտաքին պարտքի գծով որպես տոկոսավճար Հայաստանը վճարել է` 7.3մլն դոլար։ Եվս 8.3 մլն վճարվել է որպես վարկի մարում։ Փոխարենը՝ լրացուցիչ պարտք ենք վերցրել 72.7 մլն դոլար։