«Ռոմանտիկներին չեմ սիրում»

02/06/2012

Վանո Սիրադեղյանի հետ այս հարցազրույցը տպագրվել է 1994թ. մայիսին` ռուսալեզու «Մաքսիմում» շաբաթաթերթում: Հաշվի առնելով այն փաստը, որ «Մեդիամաքսի» «Persona» խորագրում Վանո Սիրադեղյանի հետ նոր հարցազրույց անել հնարավոր չէ, որոշեցինք ներկայացնել այս մեկը` հաշվի առնելով, որ այն տպագրվել է շատ վաղուց ու միայն ռուսերեն:

– Պատմեք Ձեր մանկության մասին:

– Բնականաբար, լավագույն հիշողություններս մանկությունից են: Ես ծնվել եմ Նոյեմբերյանի շրջանում, Դեբեդ գետի ափին, Վրաստանի հետ սահմանին: Մեր ընտանիքը մեծ էր` 9 երեխա էինք: Մինչեւ իմ ծնվելը ծնողներս արդեն չորս երեխա ունեին, ինձանից հետո ծնվեցին երեք եղբայրներս եւ քույրերս: Ես եւ քույրս երկվորյակներ ենք: Գրեթե 6-7 ամիս «ազատության մեջ» էինք ապրում` սնվելով բնության բարիքներով, չհաշված, իհարկե, ձմեռային պահածոները: Իմ ծննդավայրը ներքնաշխարհը զարգացնելու հիասքանչ հնարավորություն էր տալիս:

– Իսկ ի՞նչ երազանքներ ունեիք այդ տարիներին:

– Մանկությանս առաջին երազանքը ՊԱՏ տեսուչ դառնալն է եղել: Բանն այն է, որ երկու եղբայրներս եւ քավորս վարորդներ էին, եւ ՊԱՏ տեսուչը միաժամանակ ամենաահավոր եւ ամենահեղինակավոր մարդն էր իրենց համար:

– Ի՞նչ պատճառով էիք մանուկ ժամանակ լաց լինում:

– Լացում էի, երբ ավագ եղբայրս թույլ չէր տալիս ավտոմեքենա վարել: Դա իսկապես ծանր ապրում էր ինձ համար:

– Այսօրվա դրությամբ Դուք հասե՞լ եք այն ամենին, ինչին ձգտում էիք, թե՞ դեռեւս կան չիրագործված նպատակներ, խնդիրներ:

– Նպատակներս վերլուծելով` բավականին տհաճ զգացողություն եմ ունենում, քանի որ հասկանում եմ, որ ապրելու քիչ ժամանակ ունեմ: Երբ մտածում եմ այն մասին, որ կուզենայի նորմալ տուն ունենալ, այգի, ինչը նորմալ է յուրաքանչյուր մարդու համար, իսկ առավել եւս` գյուղում ծնվածի, մարմնովս տհաճ սարսուռ է անցնում, որը հիշեցնում է, որ ժամանակն անվերադարձ գնում է: Վերջին տարիներին նորմալ կյանքի տեմպն այնքան է արագացել, որ ես, բնականաբար, զգում եմ, որ այդ ժամանակն այլեւս չունեմ:

– Այսինքն, Դուք կարծում եք, որ չե՞ք կարողացել կյանքի կոչել հայտնի առակն այն մասին, որ յուրաքանչյուր տղամարդ պետք է զավակ մեծացնի, ծառ տնկի եւ տուն կառուցի:

– Զգում եմ, որ վերջին 5-6 տարիների ընթացքում ես բաց եմ թողել զավակներով նորմալ զբաղվելու հնարավորությունը: Բնականաբար, զավակներս չեն ստացել այն ամենը, ինչ պետք է ստանային հորից: Տուն կառուցել եւս չկարողացա:

– Իսկ ոչ բառացիորեն ասած` Ձեզ համարո՞ւմ եք տուն կառուցած եւ ծառ տնկած տղամարդ:

– Այո, ես գոհ եմ: Գիտեք, ես երբեք որեւէ գլոբալ բանի չեմ ձգտել, դա իմ անձին հատուկ չէ: Սակայն ստացվեց այնպես, որ, միեւնույն է, ես հսկայական իրադարձությունների մասնակիցը դարձա: Եթե դա չլիներ, ես կրկին կյանքիցս գոհ կլինեի` գրական աշխատանքից, երեխաներիցս: Հիմա առավել գոհ եմ: Այնպես որ, կարող եք համարել, որ ես կայացել եմ:

– Ասում են, որ ամեն երիտասարդի հոգում Համլետից մասնիկ կա: Իսկ ինչպե՞ս է այն Ձեր մեջ դրսեւորվել:

– Երեւի թե այնպես, ինչպես եւ բոլորի մոտ այդ տարիքում, քանի որ այդ ժամանակ զգացմունքները, ապրումները չափազանց խորն են: Որեւէ մի բան առանձնացնել չեմ կարող, ամեն օր լի է ներքին դրամատիզմով:

– Նկարագրեք այն արարքը, որը Դուք ինքներդ Ձեզանից չէիք սպասում…

– Դա 15 տարեկանում էր, երբ ես առաջին անգամ սիրահարվեցի: Այդ տարիքում տղաների միջեւ հարաբերությունների պարզաբանումը սովորական երեւույթ է: Սակայն մենք ապրում էինք ադրբեջանցիների հետ կողք կողքի, նրանք մեզ բավականին «նեղում» էին: Առօրյա վեճերում միշտ մենք էինք տուժում, քանի որ նրանք անհամեմատ ավելի շատ էին: Իսկ երբ սիրահարվեցի, մի անգամ ինքս վեճ նախաձեռնեցի, ինչն ինձ ընդհանրապես բնորոշ չէր, եւ ես իսկապես զարմացած էի իմ այդ քայլով: Ուղղակի չէի կարող թույլ տալ, որ Երեւանից մեզ մոտ եկած աղջիկը, ում ես սիրահարվել էի, տեսնի, որ մեզ նեղում են: Մանկուց տանել չեմ կարողանում ատելության մթնոլորտը: Կռիվները, հայհոյանքները, «ռազբորկաները» ընդհանրապես իմ սրտով չէին: Ես ավելի պոետիկ էություն ունեի: Սակայն այդ ժամանակ այդ ամենը հօդս ցնդեց, անգամ վախը: Այդ ժամանակվանից` տղամարդ դառնալուն պես, իմ կյանքում նոր փուլ սկսվեց: Իսկ պատճառը սերը եղավ:

– Պատմեք Ձեր գրական գործունեության մասին: Ձեզ հաճախ են հիշատակում` որպես գրող, սակայն շատ քչերը գիտեն, թե ինչպիսի գրող է Վանո Սիրադեղյանը…

– Իմ մասին քիչ գիտեն կամ ընդհանրապես չգիտեն նրանք, ովքեր հայերեն չեն կարդում: Ես տպագրվում եմ 1978 թվականից, եւ Երեւանի գրական շրջանակները լավ գիտեն, թե ինչպիսի գրող է Վանո Սիրադեղյանը: Իսկ մարդիկ, ովքեր ժամանակին աշխատել են Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեում կամ Համամիութենական լենինյան կոմունիստական երիտասարդական միությունում (ՀԼԿԵՄ), իսկ ներկա պահին գրական շրջանակներում են հայտնվել եւ իրենց գրականության ոլորտում առաջատար են համարում, ինձ չեն կարդացել: Իսկ եթե անգամ կարդային, չէին հասկանա, քանի որ Հրանտ Մաթեւոսյանի գլխավորած հոսքը, որը շարունակեցինք ես եւ այլ երիտասարդ գրողներ, չի կարելի ընկալել հայոց այբուբենի սովորական տիրապետմամբ: Հարկավոր է տեղյակ լինել, ընդհանուր առմամբ, գրականությանը: Ինձ` որպես գրող, չի ճանաչում նաեւ վերջին 5-6 տարիների ընթացքում ձեւավորված սերունդը, որն ուղղակի չի հասցրել…

– Ե՞րբ եք գրել Ձեր վերջին գրական ստեղծագործությունը:

– Երբ սկսվեց շարժումը, ես դեռեւս մեկ անավարտ ստեղծագործություն ունեի, որն ավարտել եմ 1988-ի մայիսին` Սումգայիթյան իրադարձություններից հետո, այսինքն` այդ ժամանակ դեռեւս վերջնականապես չէի դուրս եկել գրականությունից:

– Իսկ ա՞յժմ, թե՞ ցանկություն չկա:

– Իհարկե, որոշ թախիծ կա: Բայց հիմա մտածում եմ գրականության մասին այնքան, որքան, օրինակ, բանկի կառավարիչը կամ գնացքի վարորդը, որը կարծում է, որ երբեւէ մի բան կգրի: Այսօր ես անցյալը բոլորովին այլ կերպ եմ ընկալում: Գրելու համար մարդը մանկուց պետք է աշխարհի որոշակի գեղագիտական ընկալում ունենա: Իսկ հիմա ինձ մոտ 5-6 տարի լիովին ձախողում է այդ տեսանկյունից, եւ կրկին գրել սկսելու համար ես պետք է «դուրս» գամ այս կյանքից, մի քանի տարի նախկին կյանքով ապրեմ, միջավայրը գեղարվեստական տեսանկյունից ընկալելու նպատակով:

– Այսինքն, ստացվում է, որ այսօր Դուք այդ կյանքից «դուրս գալու» ցանկություն չունե՞ք:

– Այսօր այդ ցանկությունն ինձնից կախված չէ: Անգամ, եթե ես նման հնարավորություն ունենայի, դեռ կմտածեի: Ինձ վրա որոշակի պատասխանատվություն կա. այն, ինչ սկսել ենք, պետք է արժանի ավարտ ունենա: Ես ի նկատի ունեմ Ղարաբաղյան պատերազմի ավարտը եւ հանրապետության նորմալ գոյությունը մինչեւ մյուս նախագահական ընտրությունները: Ես դա համարում եմ իմ ամենակարեւոր խնդիրներից մեկը` անկախ նրանից, թե ով կհաղթի ընտրություններում: Ես պարտավոր եմ ընկերներիս հետ հասնել դրան: Իսկ հետո կմտածենք: Իհարկե, գրականությամբ զբաղվելն անհամեմատ ավելի հաճելի զբաղմունք է: Չնայած, ես վախենում եմ, արդյոք կստացվի՞ 5-6 տարիներից հետո: Մեկ էլ ու չստացվի…

– Իսկ որքա՞ն է տարբերվում Վանո Սիրադեղյան գրողի եւ Վանո Սիրադեղյան քաղաքական գործչի աշխարհայացքը:

– Շատ է տարբերվում: Դրանք բոլորովին տարբեր մարդիկ են: Պարզաբանեմ. սովորական մարդը բառացիորեն է ընկալում պատը, անցնող ավտոմեքենան: Եթե մարդը շրջակա միջավայրը գեղագիտական հայացքով դիտարկելու ընդունակ չէ, դա դժբախտություն չէ, ուղղակի դա նրան տրված չէ: Իսկ արվեստի մարդկանց ոչ այդքան ինքնին պատն է հետաքրքրում, այլ ավելի շատ այն, թե ինչ կարող է թաքնված լինել դրա ետեւում: Երբ ես գրում էի, ուղեղս լարված բռնում էր յուրաքանչյուր տեղեկատվություն, պատկեր եւ ֆիլտրում դրանք: Այսօր ես այնքան եմ զբաղված այլ խնդիրներով, որ, բնականաբար, իմ աշխարհայացքը փոխվել է:

– Իսկ այդ դեպքում ո՞րն է մարդու դժբախտությունը: Ե՞րբ է մարդը դադարում մարդ լինել:

– Մարդը դադարում է մարդ լինել, երբ լուրջ հիվանդ է լինում: Նույնիսկ, եթե մարդը հանցագործ է, կամ էլ շահութամոլ, այսպես թե այնպես, ինչ-որ պահերին մարդկային ամեն ինչն էլ նրա համար խորթ է: Իսկ ցավն ամբողջովին խավարում է մարդու աչքերը, ոչնչացնում միտքը:

– Ինչպե՞ս եք անցկացնում ազատ ժամանակը, երբ տանն եք լինում: Սիրո՞ւմ եք տուն վերադառնալ:

– Ես չհոգնելու համար ահռելի ջանքեր եմ գործադրում, ինչն իր հերթին` ինձ եւս հոգնեցնում է: Իսկ տունը, իհարկե, հանգստացնում է, սակայն մինչեւ քուն այնքան քիչ ժամանակ է մնում: Հանգստի լավագույն տարբերակն ինձ համար միշտ թերթերի ընթերցումն է եղել, ինչը, իհարկե, չի կարող դուր գալ տնեցիքին: Սակայն, հիմա ես զուրկ եմ նաեւ այդ հնարավորությունից, քանի որ միշտ սիրել եմ մոսկովյան թերթեր կարդալ, իսկ հիմա մենք դրանք չենք ստանում…

– Ձեր կարծիքը հայաստանյան մամուլի մասին: Կարելի՞ է այն «չորրորդ իշխանություն» անվանել:

– Ես կուսակցական մամուլ չեմ սիրում, իսկ նման անցումային շրջաններում ամեն ինչն էլ քաղաքականացված է, այդ թվում` մամուլը: Ներկայումս «ազատ մամուլ» հասկացություն գոյություն չունի, սակայն ես կարծում եմ, որ 3-4 տարիների ընթացքում այն կլինի, եւ բոլոր թերթերը կսկսեն այս կամ այն սոցիալական խմբի շահերը հետապնդել: Ներկայումս մեր մամուլը դժվարությամբ եմ կարդում, չնայած արդեն այսօր կարող եմ առանձնացնել թերթեր, որոնք մոտիկ են ազատ մամուլ կոչվելուն` «Լրագիր», «Մաքսիմում», «Բրավո», «Այսօր»:

– Իսկ հիմա խոսենք հեռուստատեսության մասին…

– Ես, կարելի է ասել, երբեք չեմ դիտել հայկական հեռուստատեսություն` ոչ շարժումից առաջ, ոչ էլ հիմա` նախընտրելով մոսկովյան ալիքները: Ես գավառական հեռուստատեսություն չեմ սիրում` լինի դա վրացական, մոլդովական թե հայկական: Հնարավոր է, որ ապագայում որեւէ բան լինի, իսկ անորակ հեռուստատեսություն չեմ սիրում:

– Հնում ասում էին` «In vino veritas» («Ճշմարտությունը գինու մեջ է»): Իսկ ի՞նչ կասեք Դուք:

– Ես այդպես չեմ կարծում: Գինին ուղեղը լուսավորում է շատ կարճ ժամանակով, իսկ մթագնում` շատ երկար ժամանակով: Կյանքին սթափ հայացքը (բառացիորեն) ճշմարտությունն իմանալու լավագույն տարբերակն է: Ես դա գիտակցել եմ մինչեւ 25 տարեկանս, երբ բանակից վերադառնալուն պես դեռեւս ոչ ծխում էի, ոչ էլ խմում:

– Դուք վարո՞ւմ եք առողջ ապրելակերպ: Սպորտով զբաղվո՞ւմ եք:

– Իհարկե, ոչ այնքան առողջ, ինչպես մինչեւ 25 տարեկանը, սակայն, հասկանում եք, նման լարված կյանքի դեպքում առողջ ապրելակերպ չվարելն ուղղակի հնարավոր չէ: Նոյեմբերյանում, ցավոք, սպորտով լավ զբաղվելու հնարավորություն չունեինք: Սակայն, ես սիրել եմ սպորտը: Միակ սպորտային նվաճումս` համալսարանի վոլեյբոլի չեմպիոն` բանասիրական ֆակուլտետի հավաքականի կազմում:

– Ի՞նչն եք սիրում Ձեր Հայրենիքում եւ ինչի՞ համար: Չէ՞ որ այն այնքան հեռու է կատարյալ լինելուց…

– Դա բացատրության ենթակա չէ: Մի անգամ գրել եմ, որ Հայաստանը պետք է մանրամասն սիրել, քանի որ այն շատ է: Ինչպե՞ս չսիրել Հայրենիքը…

– Շարունակեք արտահայտությունը. «Վանո Սիրադեղյանը…»: Ո՞վ է նա` Վանո Սիրադեղյանը:

– Վանո Սիրադեղյանը բարի չէ, բայց չար էլ չէ:

– Ինչո՞ւ այսօր Ձեզ չեն ընդունում` որպես ուղղակի Ներքին գործերի նախարար, այլ` որպես յուրատեսակ կուռք:

– Կփորձեմ այս կերպ բացատրել. ժողովուրդը, եթե կարելի է նման կերպ արտահայտվել, բաշխում է դերերը եւ յուրաքանչյուր քաղաքական գործչի մեջ կենտրոնացնում որեւէ հատկանիշ, որն առանձին բնորոշ է բոլոր մնացածներին: Նախագահը վստահություն եւ հանգստություն է մարմնավորում, Վազգեն Սարգսյանը` անձնազոհություն… Իսկ ինձ որոշակի հակասություն է բաժին ընկել…

– Ձեր կողմից հիշատակված անձինք շարունակո՞ւմ են Ձեր ընկերները մնալ: Եվ, ընդհանրապես, վերջին տարիների ընթացքում ավելի շատ ընկերներ ձե՞ռք եք բերել, թե՞ կորցրել եք:

– Իմ կյանքն այնպես է դասավորվել, որ կյանքիս որոշ փուլերում կորցնում էի հին ընկերներիս: Իհարկե, վատ է մոռանալ հին ընկերներին, սակայն այդ առումով ես իմ տեսությունն ունեմ, որի իմաստը հետեւյալն է. երբ բարձրանում ես սոցիալական տեսանկյունից, այն մարդկանց քանակը, որոնց հետ շփվում ես, բնականաբար, աճում է: Սակայն իմ տեսակի մարդու շփման էներգիան սահմանափակ է: Շարժման սկզբում ես դեմքով շուրջ 20.000 մարդ էի ճանաչում: Անուններով` մի քանի հարյուր, սակայն նման կերպ երկար չէր կարող շարունակվել: Այդ ժամանակահատվածում ես մոռացա կամ ինձանից հեռու գնացին իմ մանկության ընկերները, համակուրսեցիները: Ես ուղղակի չէի կարող նման լարվածության դիմանալ: Ժամանակին գրական շրջապատի ընկերներս երկրորդ պլան մղեցին մանկությանս ընկերներին, իսկ Շարժման տարիներին` Շարժման ընկերները ետ մղեցին գրող-ընկերներիս: Այո, ես այդ մարդկանց իմ ընկերներ եմ համարում, սակայն ոչ մեկին խորհուրդ չեմ տալիս եւ ինքս նախագահին ընկեր չեմ համարում, քանի որ «նախագահ» հասկացությունը շատ բարձր է: Ժողովրդի կողմից ընտրված նախագահը պետք է դադարի ընկեր, եղբայր, տեգր լինել… Իսկ մնացածների հետ մենք ընկերներ ենք, եւ ես ուզում եմ հուսալ, որ ոչ մեկս մինչ օրս չի փոշմանել այդ ընկերության մասին: Ամեն դեպքում, ես շատ կուզենայի, որպեսզի, պետության շահերից ելնելով, մեր հարաբերությունները դադարեին ընկերական լինել` առանց փոխադարձ վստահության միջավայրը կորցնելու:

– Հեռանանք լուրջ հարցերից: Ֆրանսիացիներն ասում են` «Շեղշե լյա ֆամ»: Դուք Ձեզ համարո՞ւմ եք այդ փնտրողներից մեկը, եւ ինչպիսի՞ կանայք են Ձեզ ավելի դուր գալիս` շիկահերնե՞րը, թե՞ սեւահերները:

– Շիկահերներին հաճելի է դիտել ֆիլմերում եւ ամսագրերում, սակայն հոգով ես կնոջ հայկական կերպարին եմ հավանություն տալիս:

– Եղե՞լ է արդյոք Ձեր կյանքում այնպիսի պահ, որ Դուք զգացել եք Ազատության համը:

– Ոչ: Եվ, երեւի թե, այլեւս չի լինի:

– Արվեստի մարդիկ հիմնականում ռոմանտիկներ են: Իսկ Դո՞ւք:

– Ես երբեք ռոմանտիկ չեմ եղել, եւ ինձ համար ռոմանտիզմը երբեք սիրո առարկա չի եղել: Ես կարող եմ համակերպվել ռոմանտիկի հետ միայն այն դեպքում, եթե նա այլ գերորակներ ունենա: Ես ռոմանտիկներին չեմ սիրում եւ անգամ կարծում եմ, որ ինչ-որ չափով ռոմանտիզմը խելքի բացակայության նշան է: Ես երբեք, անգամ մանուկ ժամանակ, հեքիաթներ չեմ կարդացել: Թող ռոմանտիկները լինեն, բայց ինձանից հեռու:

– Ձեր չիրագործված երազանքը…

– Սեփական տուն ունենալը:

– Պատմեք Ձեր ընտանիքի, երեխաների մասին:

– Երեխաներս բավականին մեծ են, ես արդեն թոռներ ունեմ: Որդիս տեխնիկայով է հետաքրքրվում, չցանկացավ բուհ ընդունվել, 2 տարի ներքին գործերում է ծառայել: Նա իր պլաններն ունի: Նա մի քիչ ինձ նման է, քանի որ ես էլ եմ ուշ հասունացել: Փոքր տղաս 15 տարեկան է: Առաջ նկարում էր, հիմա` ոչ: Ես հույս ունեմ, որ նրանց թերությունները ժամանակի հետ կանհետանան, ինձ մոտ էլ է այդպես եղել: Ես երիտասարդ, գեղեցիկ կին ունեմ: Ամենայն հավանականությամբ, մենք երեխա կունենանք: Ապրում ենք պետական առանձնատանը, մեր տունը չունենք, չնայած Քաղխորհուրդը խոստացել է…

– Ինչպե՞ս եք կարծում, որպես հայր, որը թեկուզ եւ զբաղված է պետական կարեւորության գործերով, Դուք Ձեր երեխաներին տվե՞լ եք այն ամենը, ինչ պետք է տայիք:

– Վերջին տարիների ընթացքում ժամանակ չեմ ունեցել լրջորեն զբաղվելու երեխաներով: Միգուցե այդ տաղանդը չունեմ… Ըստ իս, տվյալ հարցերով պետք է մայրը զբաղվի, քանի որ հույս դնել այն հոր վրա, ով գրող է եղել, ապա քաղաքական գործիչ դարձել, այնքան էլ հեռանկարային չէ:

– Ինչպիսի՞ գրականություն եք սիրում:

– Ներկա պահին ոչինչ չեմ կարդում: Ամենասիրած հեղինակներս Ֆոլքները, Չեխովը, Շերվուդ Անդերսոնն են:

– Ինչպիսի՞ն են Ձեր երաժշտական նախասիրությունները:

– Տարբեր են, այդ թվում` նաեւ դասական երաժշտություն: Սակայն վերջին 4 տարիների ընթացքում ես զրկված էի երաժշտություն լսելու հնարավորությունից: Միայն հիմա, երբ ինքս մեքենա եմ վարում, կարողանում եմ երաժշտություն լսել:

– Ի՞նչ եք սիրում ըմպել եւ ուտել:

– Ուտելիքի հարցում բացարձակապես պահանջկոտ չեմ: Ուսանողական եւ գրական տարիներին գարեջուր էի շատ սիրում, սակայն, ցավոք, այն վնասակար է առողջության համար: Առիթից առիթ սիրում եմ օղի, կոնյակ, վիսկի խմել, ինչպես եւ բոլոր հայերը, ռուսները…

– Թվարկեք այն հատկանիշները, որոնք ձգտում եք սերմանել Ձեր երեխաների մեջ:

– Կպատասխանեմ հոր եւ որդու դիրքից: Առաջին հերթին շատ կցանկանայի, որ նրանք տղամարդ լինեն: Ես այդ հասկացության մեջ ընդգրկում եմ անկեղծությունը, ազնվությունը, ուժը, պատիվը…

– Չե՞ք հոգնել ներկայիս ապրելակերպից: Մշտական հեռախոսազանգեր, չնորմավորված աշխատանքային օր, թիկնապահներ…

– Այն ինձ ուղղակի անչափ է հոգնեցրել: Իսկ թիկնապահներն ինձ հարկավոր են, որպեսզի, օրինակ, երբ ես գնում եմ որեւէ տեղ ավտոմեքենայով, նրանք մեքենայի կողքին մնան, որպեսզի մեքենային բան չպատահի, քանի որ, եթե մի բան լինի, առաջին հերթին պետության հեղինակությունը կտուժի: Ուղղակի որպես կայունության գործոն` մարդիկ պետք է գիտակցեն, որ ներքին գործերի նախարարն անձեռնմխելի է: Ծիծաղելի դեպքերն էլ ավելի են վարկաբեկում մարդուն: Փաստացի, ես անձնական կյանք չունեմ: Շաբաթ եւ կիրակի օրերին ես թողնում եմ թիկնապահներին եւ որոշ ժամանակ «փախչում» ավտոմեքենայով: Ճիշտ է, «գաիշնիկները», միեւնույն է` «բռնացնում են»… Վերջերս մեկ շաբաթով Սանկտ Պետերբուրգ էի մեկնել` մեկ ու կես տարվա ընթացքում առաջին անգամ ինձ թույլ տալով հանգստանալ: Չեք պատկերացնի, թե ինչ հաճույք էր` ուղղակի նստել սրճարանում եւ սուրճ ըմպել` գիտակցելով, որ ոչ ոք քեզ չի ճանաչում եւ չի բղավի` «Վայ, Վանոն»:

– Ինչի՞ց է վախենում Վանո Սիրադեղյանը եւ ո՞ւմ առջեւ է զգում ամենամեծ պատասխանատվությունը:

– Վախենում եմ անհեթեթ մահից: Մահից ընդհանրապես չեմ վախենում, նման խնդիր չկա: Սակայն, երբ պատկերացնում եմ, որ կարելի է փողոցով քայլել եւ մահանալ պատահաբար գլխիդ ընկած քարից, տհաճ զգացողություն եմ ունենում: Իսկ առավել պատասխանատվություն զգում եմ Շարժման ընկերներիս առջեւ:

Արա ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Աստղիկ ԻՍԱԲԵԿՅԱՆ
«Մաքսիմում», 1994թ., մայիս