«Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից վերջերս կազմակերպված հեռուստամարաթոնի ժամանակ հավաքվել է 7,5 մլն դոլար: Այս մասին երեկ հայտնեց հիմնադրամի նախագահ Նաիրա Մելքումյանը: Հիշեցնենք, որ անցյալ տարի հավաքվել էր 11,5 մլն դոլար: Չնայած անցած տարվա համեմատ գումարը զգալի քիչ է հավաքվել, բայց տիկին Մելքումյանն այս տարվա հեռուստամարաթոնի արդյունքներից շատ գոհ էր եւ աննախադեպ էր համարում այն առումով, որ ավելացել էր հանգանակողների թիվը:
«Ես ուզում եմ հատուկ նշել, որ այս հեռուստամարաթոնի ամենակարեւոր առանձնահատկությունը ժողովրդի մասնակցության շատ տպավորիչ թվերն էին,- ասաց տիկին Մելքումյանը: -Ավելացել էր միջին չափի գումարների թիվը,1000-25.000 դոլար հանգանակողների թիվը կտրուկ ավելացել էր: Ավելացել էր երիտասարդների եւ միջին հասակի նվիրատուների թիվը»:
Ի տարբերություն անցյալ տարվա մարաթոնի, այս տարի խոշոր նվիրատուների թիվը քիչ էր: Միակ խոշոր նվիրատուն Լուիզ Սիմոն-Մանուկյանն էր, որը հանգանակել էր 1 մլն դոլար: 250.000 դոլար նվիրել էր Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը: Տիկին Մելքումյանը բացատրեց, որ խոշոր նվիրատուները Հայաստանում այլ ծրագրերի ֆինանսավորմամբ են զբաղված, դրա համար էլ այս տարի մեծ գումարներ չեն հանգանակել:
Իսկ այս տարվա հավաքած գումարներն «Արցախի վերածնունդ» ծրագրի շրջանակներում նպատակ ունի զարգացնել Մարտակերտի շրջանը: Գումարները ծախսվելու են այս շրջանի դպրոցների եւ առողջապահական հիմնարկների խնդիրները լուծելու համար, ինչպես նաեւ` խմելու ջրի շատ կարեւոր հարցի լուծման համար: Ֆինանսավորման ամենամեծ բաժինը հատկացվելու է շրջանի գյուղատնտեսության զարգացմանը: Ն. Մելքումյանը նշեց, որ դոլարի արժեզրկումը բացասաբար է անդրադառնում նաեւ իրենց ծրագրերի իրականացման վրա. «Մենք ծրագրերը կազմելիս 10 տոկոս հավելյալ, միգուցե` անհրաժեշտ, գումար ավելի ենք սահմանում: Բայց տատանումներն ավելի շատ են տանում: Ամենամեծ ազդեցությունը եղել է «Հյուսիս-Հարավ» մայրուղու ծրագրի վրա»,- ասաց նա: