Հունիսի 1-ին փորձեցի պաշտպանել երեխաներիս` իրենց իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ: Դա արեցի ամենատրիվիալ ձեւով` պիցցա` սրճարաններից մեկում, ապա` պաղպաղակ: Միեւնույն է, տուն վերադարձա մեղքի ծանր զգացողությամբ. երեխաները դարձյալ գոհ չէին: Նախ` քայլելուց, պարզվում է, անասելի հոգնել են: Հետո` պաղպաղակը քիչ էր, իսկ պիցցան` մեծ: Եվ, ի վերջո, անտանելի շոգի ողջ պատասխանատվությունն էլ, երեխաներն ուղղակի վստահ են, ծնողների ուսերին է: Կարճ ասած, օրվա վերջում հասցնում ես հասկանալ, որ օրացույցում բաց է մնացել ծնողների իրավունքների պաշտպանության օրը:
Իրո՛ք, երեխաներն իրենց իրավունքների պաշտպանության խնդիր չէին ունենա, եթե պաշտպանված լինեին նրանց ծնողները: Եվ մեր անպաշտպանությունը թաքցնելու ձեւերից մեկն էլ հունիսի 1-ին երեխաների համար պաղպաղակ գնելն է կամ Կենդանաբանական այգի գնալը: Երեկ հեռուստացույցից ուղիղ աչքերիդ նայող հոգեբանը պնդեց. «Ժամանակակից ծնողները չգիտեն երեխաներին պաշտպանելու ձեւը»: Ապա նրանց սիրե՞լը, նրանց մասին հոգ տանե՞լը, լավ կրթություն տա՞լը: Մինչեւ երեկ վստահ էի, որ այդքանը քիչ չէ: Սակայն հոգեբանն անդրդվելի էր. «Հարգելի՛ ծնող, որքա՞ն ժամանակ եք անցկացնում Ձեր երեխաների հետ: Կարողանո՞ւմ եք հասկանալ` ի՞նչն է նրանց հետաքրքիր, ի՞նչն է անհանգստացնում: Ինչո՞ւ չեք փորձում տեղավորվել նրանց հետաքրքրությունների դաշտում»: Ժամանակին նմանատիպ բովանդակությամբ մի հրաշալի սոցիալական հոլովակ կար. փոքրիկ տղան, ակնոցն աչքերին, գուլպա է գործում: «Նա նման է իր տատիկի՞ն: Այո՛: Իսկ Դո՞ւք նրա հետ որքան ժամանակ եք անցկացնում»:
Ծնողներին մեղադրելն էլ արդար չէ. մարդիկ առավոտից երեկո աշխատում են` հանուն իրենց երեխաների: Աշխատանքից հետո ջանում են, շա՜տ են ջանում երեխաներին էլ ժամանակ հատկացնել: Բայց, որպես կանոն, չի ստացվում: Իսկ երեխան, փայլող աչքերով, համակարգչի առաջ է եւ, ո՞վ գիտի, արդյո՞ք մտքում քրքջալով` համացանցում չի տեղադրում տեսանյութ` ինչպես են դպրոցի բակում աղջիկները հարվածում միմյանց ու հայհոյում:
Հիշո՞ւմ եք, օրեր առաջ համացանցում հայտնվեցին միմյանց ծեծող դպրոցահասակ աղջիկների կադրերը: Հայհոյանքներ տեղալով միմյանց հասցեին` աղջիկներն անխնա հարվածում էին միմյանց: Օրեր անց համացանցը «թարմացվեց» արդեն երկրորդ տեսանյութով, ուր սյուժեի հերոսները դարձյալ աշակերտուհիներ էին. նրանք հարվածում էին միմյանց ու հայհոյում: Ընդ որում, երկու դեպքում էլ «իրադարձությունները զարգանում էին» դպրոցի բակում:
Հասկանալի է` իրար անցան Ոստիկանությունում` պարզելու` ե՞րբ եւ ո՞ր դպրոցում է դեպքը տեղի ունեցել, ովքե՞ր են աղջիկները: Հասարակությունից ձայներ լսվեցին` այս ո՞ւր ենք հասել, միմյանց ծեծող եւ հարբած կառապանի պես հայհոյողները դեռահաս աղջիկներ են:
Հասարակության արագ արձագանքն այնքան էլ տեղին չէր այն առումով, որ մանկական դաժանությունը, դպրոցականների ագրեսիան եղել են միշտ: Հիշենք, թեկուզ, խորհրդային հայտնի ֆիլմերը` «Խրտվիլակ», «Թանկագին Ելենա Սերգեեւնա», «Պլյումբում կամ Վտանգավոր խաղ»: Հիշենք Վարդգես Պետրոսյանի «Վերջին ուսուցիչը» վիպակը: Բոլոր ծնողները կարող են վկայել` փոքրիկ երեխան կոնֆետի համար կարող է անմարդկային լաց բարձրացնել կամ հարվածել իր հասակակցին: Երեխաների ագրեսիան իռացիոնալ է: Իսկ եթե նրանք շրջապատված են տգետ մեծահասակներով, իրավիճակն ավելի սուր ձեւեր է առնում: Օրինակ` երբ հրավիրվում ենք ծնունդի` մանկական որեւէ սրճարան, առաջին զգացողությունը շոկն է. «Ամեն ինչ, միայն ոչ դա»: Մեր մանկական սրճարանները, որտեղ եւ ծնողները կազմակերպում են իրենց երեխաների ծննդյան արարողությունները, երեխաներին ավելի ագրեսիվ ու բութ են դարձնում: «Նեպտուն» մանկական սրճարան այցելելն, օրինակ, մեծ փորձություն է ծնողների համար: Կոմպյուտերային խաղերի անընդհատ աղմուկ, բառիս բուն իմաստով` խլացնող երաժշտություն: Իսկ երեխաներին առաջարկվող խաղե՞րը. երեխան պետք է հաջողի անվրեպ եւ արագ հարվածել ջրից դուրս եկող ձկների գլուխներին: Հաջորդը` երեխան մետաղե գնդակով պետք է հարվածի ամեն կերպ հարվածից խուսափող գորտին: Նույնը մյուս սրճարաններում է: Գումարած` ռաբիս երաժշտությունը, որը լսել հնարավոր չէ` անգամ, եթե դրանք կատարում են հանրապետության վաստակավոր արտիստները:
Մեր հայրերի սերունդը` Երկրորդ համաշխարհայինի ընթացքում կամ հետո ծնվածները, ծանր մանկություն են ունեցել: «Երկար ժամանակ ինձ թվում էր, թե մուրաբան լինում է միայն հոնի եւ մեկ լիտրանոց տարաներում»,- պատմում էր հայրս: Երբ 17 տարեկանում նա Նոյեմբերյանի շրջանի Կողբ գյուղից եկավ մայրաքաղաք` բուհ ընդունվելու, նրա ծնողներն անգամ տեղյակ էլ չէին: Հագել է եղբոր` իր ոտքին մի քանի համարով մեծ կոշիկները, քանի որ իրենը չուներ, գնացք է նստել ու եկել Երեւան:
Հետպատերազմական շրջանում ծնված երեխաները` իրենց տարիքի համար չնախատեսված մի շարք պարտականություններ ունեին իրենց վտիտ ուսերին: Նրանք կիսաքաղց, առավոտյան 5-6-ին արթնանում էին` իրենց ծնողներին տնտեսության մեջ օգնելու: Նրանց ծննդյան օրերը երբեւէ չեն նշվել, անգամ չեն էլ հիշվել: Սակայն դա չի խանգարել. նրանք դարձել են լուրջ գիտնականներ, պարկեշտ մարդիկ:
Դրանք տարիներ էին, երբ մարդիկ գլխի չէին ընկնում նշել Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը:
Հ.Գ. Կա՞ սահմանում` որ տարիքից է մարդ դադարում երեխա լինել: Կարծում եմ` մարդիկ այնքան ժամանակ են երեխա, քանի դեռ ծնողներ ունեն, քանի դեռ կա մեկը, ով, անկախ տարիքիցդ ու կարգավիճակիցդ, կարող է անհանգստանալ. «Բալի՛կ ջան, դարձյա՞լ հազում ես»…