– «Հայկական ծրագրեր» ընկերությունը մայիսի 31-ին հայտարարություն է հրապարակել, ըստ որի` Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանում կործանման եզրին է: Համամի՞տ եք:
– Կարծում եմ` հուզական հայտարարություն է: Ցանկացած հայտարարություն պետք է հիմնվի փաստերի վրա: Փաստը հետեւյալն է. ոլորտը 2011թ. ընթացքում 30 տոկոսով աճ է ունեցել, նախորդ` ճգնաժամի տարում` 17 տոկոս աճ, այն դեպքում, երբ մնացած ոլորտները 30-40 տոկոսով անկում են ունեցել: Այդ պայմաններում ասել, որ ոլորտը գտնվում է կործանման եզրին, կարծում եմ, մեղմ ասած, չափազանցություն է: Նշածս թվերի աղբյուրները կան, կարելի է նայել եւ տեսնել դինամիկան: «Հայկական ծրագրերի» հայտարարությունն ինձ համար տարօրինակ է, որովհետեւ այնտեղ շեշտադրվում է, թե հարկեր են տալիս. մեր ամբողջ ոլորտն է հարկեր տալիս: Ոլորտն ամենաթափանցիկն է այդ առումով, եւ անհեթեթ է, երբ մեկ ընկերություն ասում է` ես հարկերը տալիս եմ: Բոլոր 350 ընկերություններն էլ տալիս են:
– Իսկ ի՞նչ խնդիրներ կան ոլորտում:
– Այն, թե ինչպես անենք, որպեսզի ոլորտի ծավալը կտրուկ մեծացնենք, եւ այն սպասարկի նաեւ մեր տնտեսությունը: Ոլորտի 70 տոկոսն արտահանվում է, որը վատ չէ: Մնացած 30 տոկոսի 2/3-ը «Հայկական ծրագրերի» նման ընկերություններ են, որոնք շատ կոնկրետ պատվիրատու ունեն, ենթադրենք` բանկային ոլորտում կամ օդանավակայանի սպասարկման մեջ: Մնացած 1/3-ը մնում է, որ մեր տնտեսությունը սպասարկի: Իհարկե, մենք պետք է զարկ տանք, որպեսզի այդ 10 տոկոսն էականորեն մեծանա: Հաշվի առնելով մեր տնտեսության բազմազան տեսակները, մեր հաշվարկով, այսօրվա 350-ի փոխարեն` պետք է առնվազն 1000 ձեռնարկություն ունենալ: Այդ առումով ՀՀ կառավարությունն էլ մեզ հետ համաձայնել է 2008թ., եւ ոլորտի զարգացման հայեցակարգում այդ թվերը, որպես ուղենիշներ, գրված են: Այսինքն` պետք է մինչեւ 2018թ. ունենալ 1000 ձեռնարկություն, 20.000 աշխատող, եւ արտադրողականությունը մեկ ինժեների հաշվով հասցնել 50.000-ի: Այդ ժամանակվանից արտադրողականությունը 20.000-ից բարձրացել է մինչեւ 33.000, որը, արտադրողականության առումով, կարծում եմ` վատ չէ, եւ հուսով եմ` մինչեւ 2018թ. մենք իսկապես կհասնենք 50.000-ի: Բայց հիմնարկների քանակը դանդաղ է ավելանում: Այդ առումով մենք հատուկ առաջարկություն ենք ներկայացրել ՀՀ նախագահին, որպեսզի ստեղծվի տեխնոլոգիական ձեռներեցության, կոպիտ ասած` «շարժում»: Այսինքն` ոչ թե տարեկան 50-60 ընկերություն ստեղծվի, այլ` 200-300: Այսինքն` խրախուսվի, որպեսզի երիտասարդները ձգտեն զբաղվել տեխնոլոգիական ձեռներեցությամբ: Անցյալ տարի ապրիլին մենք դիմել ենք ՀՀ նախագահին, որպեսզի նմանատիպ շարժում լինի, եւ ինքն էլ առաջնորդը լինի, որովհետեւ դա տարբեր նախարարություններից ու գերատեսչություններից կախված գործընթաց է, եւ պետք է լինի մեկը, ով կապահովի դրա գործարկումը:
– Ձեր կազմակերպությունը նաեւ դիմել էր ՀՀ նախագահին եւ ԱԺ-ին` կարեւորելով ոլորտը կարգավորող նախարարություն ստեղծելու անհրաժեշտությունը: Ի՞նչ գործառույթներ պետք է ունենա այդ նախարարությունը:
– Անկախ նրանից, որ ոլորտը զարգանում է, միշտ խնդիրներ կան, որոնք կարգավորելու դեպքում ոլորտը կարող է ավելի արագ եւ հիմնավոր աճել: Երկրի խնդիրն է, որպեսզի հնարավոր լինի արդիականացում ապահովել այս ոլորտում: Պետք է լինի մեկը, ով պատասխանատու կլինի ոլորտի համար եւ ՀՀ կառավարության նիստերի ժամանակ կասի, օրինակ` մենք այսքան տեխնոլոգիա ներդրեցինք, արտադրողականությունն այսքան բարձրացավ: Դա կարող է լինել միայն եւ միայն կառավարության ներդրմամբ: Մեր ասածը հետեւյալն է. ստեղծենք կառավարման մարմին եւ հիմնվենք գոյություն ունեցող ոլորտի վրա, որը, ի տարբերություն մնացած բոլոր ոլորտների` կառուցվածքային առումով հասուն ոլորտ է: Ոլորտում գործում են 4-5 ասոցիացիաներ, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը` որպես տեղեկատվական, հեռահաղորդակցության ոլորտի բիզնես գործակալություն: Կան նաեւ մի շարք միջազգային նախագծեր: Այսպես ասած` «ներքեւի հատվածը», որի վրա այդ նախարարությունը պետք է հիմնվի` կա, եւ մնում է միայն ապահովել կապը ամենաբարձր գործադիր մարմինների հետ: Այսինքն` ունենալ կառավարության անդամ, ես կասեի` նույնիսկ փոխվարչապետի կարգավիճակով:
– Կարծիք կա, որ այդ կարգավորող մարմինը` նախարարությունը, կսահմանափակի ոլորտի ազատությունը:
– Ինձ համար դժվար է պատկերացնել, թե ինչպես: Եթե մեկն ասի, որ այսինչ օրենքի հիման վրա այդ նախարարությունը կարող է այսինչ որոշումն ընդունել, որը կսահմանափակի այսինչ ենթաոլորտը, մենք էլ կասենք` այո, կամ` ոչ: Հիմնական փաստարկն այն է, որ մեր նախարարություններն արդյունավետ չեն աշխատում, հետեւաբար` պետք չէ նորը ստեղծել: Դա նույնն է, եթե ասեն, որ մեր երկաթգիծն արդյունավետ չի գործում, եկեք երկաթգիծ չունենանք: Այս ոլորտը համախմբված է եւ չի թողնի, որ նախարարությունն արդյունավետ չլինի, քանի որ նման դեպքում անմիջապես կհետեւի հայտարարություն, այդ նախարարին կփոխեն, կգա արդյունավետ նախարար: Այլ նախարարություններում կախվածություն կա, ոչ ոք ձայն չի հանում: Մյուս խնդիրն առաջնորդության խնդիրն է: Մեր ընդհանուր ցանկությունը բարձր տեխնոլոգիական երկրում ապրելն է: Մեր նպատակն է, որ տաղանդավոր մարդը Հայաստանից ոչ միայն դուրս չգա, այլեւ հետ գա: Տեխնոլոգիական զարգացում ունեցող բոլոր երկրներում առաջնորդությունը պետությանն է պատկանում: Այսօր ճշգրիտ զենքի պատերազմ է, եւ կառավարման մարմնի իմաստն առաջնորդությունն ապահովելն է, որպեսզի ռազմաարդյունաբերական, անվտանգության համալիրները հիմնված լինեն ամենավերջին տեխնոլոգիական լուծումների վրա: Դա շատ կարեւոր եւ սկզբունքային խնդիր է: Օրինակ, այսօր մեր կայքերի, էլեկտրոնային համակարգերի վրա հարձակումներ են կատարվում, եւ ակնհայտ է, որ պատերազմական վիճակում այդ հարձակումների քանակը հազարապատկվելու է: Այսօրվա բարձիթողի մոտեցումներով չենք կարողանա դրանցից պաշտպանվել: Մեզ մոտ չի ստեղծվել ենթակառուցվածքը, որ բոլոր երկրներում կոչվում է կիբեռզորքեր: Միջազգային փորձը ցույց է տալիս, որ այդ զորքերում միայն զինվորականներ չեն, այլ նաեւ ոլորտի աշխատողներ, ովքեր` մնալով քաղաքացիական, այդ զորքերի մաս են կազմում:
– Վերջերս քննարկվում է նաեւ ՏՏ ընկերությունների համար ազատ տնտեսական գոտի ապահովելու հարցը: Ինչպե՞ս եք վերաբերվում դրան:
– Մեր օրենքը մի քիչ լղոզված է այդ հարցում: Մեր հարեւան Թուրքիայում հստակ տարանջատում կա` տեխնոպարկեր եւ ինկուբատորներ, արտադրական գոտիներ եւ ազատ գոտի: Առաջինները մինչեւ 2024թ. ազատված են ոչ միայն ԱԱՀ-ից, այլեւ եկամտահարկից: Արտադրական գոտիներում պետությունն ապահովում է բոլոր ենթակառուցվածքներով` ջուր, գազ, ճանապարհ եւ այլն, եւ ազատում է հարկերի ընդհանուր ծավալի մոտավորապես 50 տոկոսից: Եվ երրորդ գոտին` ավելի շատ նման է մեր գոտուն, որը մինչեւ այժմ կիրառվում է. դրանք օդանավակայանների կամ նավահանգիստների մետ գտնվող մաքսային հեշտացված ընթացակարգերով գոտիներն են: Մեր օրենքում բոլորը խառնած է իրար, եւ որոշումները թողնված են միայն ՀՀ կառավարության վրա, որպեսզի ամեն դեպքը առանձին-առանձին քննարկի: Սա, իմ կարծիքով, անկանխատեսելի է դարձնում ներդրումային քաղաքականությունը: Այսինքն` խաղի կանոններն անհասկանալի են, կարող են փոփոխվել տարբեր դեպքերի համար: Ես կգնայի հստակեցման ճանապարհով եւ ազատ գոտիները կտեղադրեի օդանավակայանի կողքին, արտադրական գոտիները` նախկին արտադրական համալիրներում, որպեսզի արտադրական հնարավորություններն օգտագործենք, իսկ տեխնոպարկերը կտեղադրեի համալսարանների կողքին: Հետո համալսարանների քանակը կավելանար, տեխնոպարկերի քանակն էլ կավելացնեինք:
– Իսկ Վրաստանի պայմաններն ինչպիսի՞ն են:
– Այնտեղ միակ նպաստավոր բանը պետական մրցույթների ժամանակ կոռուպցիայի մակարդակի ավելի ցածր աստիճանն է, մյուսը` ամերիկյան համալսարաններից մեկի հետ Բաթումում տեխնոլոգիական համալսարանի հիմնումը: Մեր ընկերությունները սկսել են բավականին հաջող վաճառքներ իրականացնել Վրաստանում, եւ դա դրական է: Նրանց ամենաթույլ տեղը մասնագետների պակասն է: Մենք էլ ունենք այդ խնդիրը, բայց մենք մասնագետների բազա ունենք եւ ուզում ենք ավելի շատ ունենալ: Այդ համալսարանի ստեղծումով, եթե այս տեմպերով շարունակվի, ապա 5-6 տարի հետո կհասնեն մեզ: Դա կբերի ներդրումներ, եւ տարածաշրջանում մեր դերակատարումն այլեւս չի ունենա այն ուժը, ինչ հիմա ունենք: Ադրբեջանում էլ մեծ տեխնոլոգիական ենթակառուցվածքային նախագծեր կան, կառավարման համար օգտագործում են ՏՏ լավագույն լուծումները: Ուշ թե շուտ, դա բերելու է նախագծերը սպասարկող մասնագետների պակասը լրացնելուն: Պարսկաստանի մասին չեմ խոսում, որովհետեւ այնտեղ պետական հոգածությունը շատ բարձր մակարդակի վրա է: Եթե մարդիկ միջին հեռավորության հրթիռներ են արձակում, նշանակում է` իրենց տեխնոլոգիական ոլորտը լուրջ զարգացած է: Այսինքն` այսպես շարունակվելու դեպքում մեր դերը տարածաշրջանում գնալով կնվազի: Մեր առաջարկած նախագծերը միտված են նրան, որ տեխնոլոգիական առումով մեր երկիրը գերիշխող դեր ունենա, ինչը կբերի նաեւ ռազմական, բիզնես, արտադրողականության ոլորտներում գերիշխանության: Հիմա մեր որոշման խնդիրն է` մենք ի՞նչ ուղղությամբ ենք ուզում գնալ: Մեր երկրի խնդիրն է, որ մարդկանց մեջ հավակնություններ արթնացնի, եւ բացվի արագ բիզնես ստեղծելու հնարավորությունը: