Չենք շոգելու

02/06/2012

Արտակարգ իրավիճակների նախարարության «Հայպետհիդրոմետ» ծառայության օպերատիվ կանխատեսումների բաժնի ղեկավար Զարուհի Պետրոսյանը երեկ տեղեկացրել է, որ այս տարի չոր ամառ չի սպասվում, լինելու է ո՛չ շատ հով եւ ո՛չ շատ շոգ եղանակ: Ըստ նրա` մայրաքաղաքում ամենաշոգ ժամանակահատվածը սպասվում է հուլիսի երկրորդ եւ օգոստոսի առաջին կեսերին: Նրա փոխանցմամբ` հունիս ամսին սպասվում է նորմային մոտ ջերմաստիճան` 1 աստիճանով բարձր: «Դա շատ մեծ թիվ չէ, ուղղակի վերլուծեք մայիսը: Մայիսին երկու աստիճանով էր նորմայից բարձր, այսինքն` դրական շեղումով»,- ասել է Զ. Պետրոսյանը: Վերջինիս խոսքով` հունիս ամսին տեղումների քանակը երկրի հարավային կեսում կլինի նորմային մոտ, հյուսիսային կեսում` նորմայից բարձր. «Այսինքն` Շիրակում, Գեղարքունիքում, Տավուշում եւ Լոռիում սպասվում են փոքր-ինչ ավելի տեղումներ, քան ամսական նորման է»: Իսկ հուլիս ամսին տեղումների քանակը, Զ. Պետրոսյանի խոսքով` նորմային մոտ կլինի` դրական շեղումով: «Այսինքն, փոքր-ինչ հով կլինի, քան նորման է»,- ասել է նա: Իսկ օգոստոսին` մի քիչ ավելի տաք կլինի. «Իսկ օգոստոսին սպասվում է նորմային մոտ` դրական շեղումով եղանակ: Այսինքն` մի քիչ ավելի տաք: Լուրջ շեղումներ, այսինքն` 3-4 աստիճանով, ըստ կանխատեսման, չի սպասվում»,- ասել է Զ. Պետրոսյանը` հավելելով, որ ամռանը առավելագույն ջերմաստիճանը հավանաբար կլինի 38-39-ը: