Մալաթիայի հայկական գերեզմանոցը խաղահրապարա՞կ, թե՞ տնամերձ տարածք

02/06/2012 Մարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

11-ամյա Ահմեդին եւ նրա ընկերներին հանդիպեցի Մալաթիայի հայկական գերեզմանոցում: Սկզբում թվում էր, թե նրանք, տեսնելով լրագրողական մեր խումբը (լրագրողների ավտոբուսային շրջագայությունը Մալաթիա կազմակերպել էին GPOT կազմակերպությունն ու «Եվրասիա համագործակցություն» հիմնադրամը` «Աջակցություն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավման» ծրագրի շրջանակներում), հետաքրքրությունից դրդված էին եկել գերեզմանոց, իսկ ավելի ուշ հասկանալի դարձավ, որ գերեզմանոցի ազատ տարածքը նրանց խաղահրապարակն էր: Այս մասին մեզ ասացին թուրք երեխաները` անկեղծանալով, թե իրենք խաղում են ոչ թե տապանաքարերի մոտ, այլ գերեզմանոցի ազատ տարածության վրա: Երեխաների ասելով` իրենք բնակվում են գերեզմանոցին հանդիպակաց բնակելի տներում: «Մենք միայն ցերեկներն ենք խաղում այստեղ: Գիշերները վախենալու է այստեղ»,- ասում էր Ահմեդը` ձեռքի մեջ ամուր բռնելով վարդերի փունջը: Նա խոսում էր առանց այլեւայլ ձեւականությունների, ու թեեւ խոսքը թուրքերեն էր, որը թարգմանում էր գործընկերներիցս մեկը, բայցեւ տպավորություն էր, թե առանց թարգմանության էլ պարզ էր այն: «Գիտե՞ս, մի քանի ամիս առաջ, ա՜յ էստեղ, մի սիրուն շենք էին կառուցել, հետո եկան-քանդեցին: Ափսոս էր, որովհետեւ շատ սիրուն էր»,- պատմում էր Ահմեդը` մատնացույց անելով պահակատան եւ հուղարկավորությունների համար նախատեսված կառույցի փլատակները, որը բացման հաջորդ օրն իսկ ավերվել է Մալաթիայի քաղաքապետարանի կողմից: Ահմեդը, տեսնելով լրագրողներիս սեւեռված հայացքները դեպի աղոթատեղին, ավելացրեց. «Բայց ավելի սիրունը կկառուցեն…»:

Ահմեդը չգիտեր մեր հայ լինելու մասին, եւ դրանից նրա մանկական պարզության մեջ որեւէ բան դժվար թե փոխվեր: Նրա համար կարեւորն իր խաղն էր գերեզմանոցում, իսկ թե ի՞նչ են ներկայացնում այդ գերեզմանոցն ու աղոթատեղին, նրան պարզապես հետաքրքիր չէր: Ահմեդը կրկին ամուր բռնեց իր վարդերի փունջն ու ինձ խնդրեց լուսանկարել իրեն, ապա հետաքրքրվեց, թե որտեղի՞ց կարող է ստանալ իր լուսանկարը: Երեխաներն իրենց տարերքի մեջ էին, իսկ նրանցից փոքր-ինչ հեռու Մալաթիայի հայերի «Հայդար» միության ներկայացուցիչ Սերդար Բոյաջին հանգամանորեն ներկայացնում էր գերեզմանոցի պատմությունը: Ի դեպ, նկատենք, որ այս միությունը ոչ միայն Մալաթիայում, այլեւ Թուրքիայի ողջ տարածքում բնակվող մալաթիահայերի միությունն է, որի գլխավոր գրասենյակը գտնվում է Ստամբուլում, իսկ գրասենյակի մասնաճյուղերից մեկը հիմնվել է նաեւ Անկարայում: Եվ հենց մալաթիահայերի ֆինանսական միջոցներով է վերականգնվել հիշյալ գերեզմանոցում գտնվող պահակատունը, որի բացումը տեղի է ունեցել այս տարվա փետրվարի 2-ին: Ընդ որում` հիշյալ կառույցի շինարարության համար ծախսվել էր մոտ 60-65 հազար դոլար (շինարարությունը սկսել էին նախորդ տարվա աշնանը): Սակայն աղոթատեղին, որն, ըստ Բոյաջիի, նախատեսված էր նաեւ հուղարկավորության արարողությունների համար, բացման հաջորդ օրն ավերվել է Մալաթիայի քաղաքապետարանի կողմից: Ի դեպ, քաղաքապետարանը թեեւ սկզբում հրաժարվել էր վերակառուցման թույլտվություն եւ գումար տրամադրել վերակառուցման համար, սակայն համաձայնություն էր տվել մալաթիահայերի` այն իրենց ֆինանսական միջոցներով վերակառուցելու առաջարկին: Իսկ երբ պահակատունը վերակառուցվել էր, քաղաքապետին, այսպես ասած` «դուր» չէին եկել կառույցի ճարտարապետական լուծումները, որոնք, ըստ նրա, կառույցին եկեղեցու տեսք էին հաղորդել: Եվ հենց այս պատճառաբանությամբ էլ պահակատունը բացման հաջորդն օրը հիմնովին քանդվել է: Ս. Բոյաջիի խոսքով` նշյալ գործողության արդյունքում մալաթիահայերը բողոքի ալիք բարձրացրեցին թուրքական ԶԼՄ-ներում: Նրանց բարձրացրած աղմուկը հասել էր մինչեւ անգամ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանին: Վերջինս էլ զանգահարել էր Մալաթիայի քաղաքապետին եւ հետաքրքրվել կատարվածով:

Մալաթիահայ Բոյաջիի խոսքով` երբ միջադեպից հետո մալաթիահայերն իրենց դժգոհությունն էին հայտնել քաղաքապետին, վերջինս զարմանք էր հայտնել` ասելով, թե կատարվածը թյուրիմացություն է, եւ քաղաքապետարանը պարզապես ցանկանում էր «փոքր-ինչ ձեւափոխել պահակատունը», որպեսզի այն եկեղեցու տեսք չհիշեցնի: Ս. Բոյաջին նաեւ նշեց, որ բարձրացված աղմուկի արդյունքում` կառույցը կրկին կվերականգնվի` որպես մշակութային կենտրոն կամ գրադարան: Մալաթիահայերի համայնքի ղեկավարը պատմեց նաեւ գերեզմանոցի մասին, որը Մալաթիայում հայերի գոյության մասին փաստող եւ պահպանված սակավաթիվ վայրերից է: Ս. Բոյաջիի ասելով` գերեզմանոցը գոյություն ունի ավելի քան հարյուր տարի, այսինքն` այն հաշվում են առաջին տապանաքարի տարեթվով: Իսկ ամենահին շիրմաքարը 1910թ. հուղարկավորված 13-ամյա Մարթա Օբոզյանինն է: Գերեզմանոցի տարածքում ցուցանակների վրա թուրքատառ գրություն էր` «Mezar ustasi», որի ներքեւում կար նաեւ հեռախոսահամար: Ինչպես մեզ բացատրեցին, այդ գրությունը, կամ, ավելի ճիշտ` գովազդը, հիշեցնում է տապանաքարեր պատրաստող վարպետի ծառայության մասին: Գերեզմանոց տանող աստիճանների ձախ մասում բնակվում էին մարդիկ, որոնց համար, կարծես, սովորական էր ննջեցյալների հարեւանությամբ ապրելը: Երբ փորձեցի գերեզմանոցի տարածքում ապրող կնոջն ինչ-որ հարցեր ուղղել, նա պատասխանելու համար գումար պահանջեց: Զարմանքից թուրք գործընկերոջս խնդրեցի նորից փոխանցել նրա ասածը` մտածելով, թե սխալ է հասկացել կնոջը, բայց նա ժպտալով նորից նույնը կրկնեց: Թուրք կինը զարմացել էր գերեզմանոցի այդքան մարդաշատ լինելու եւ մեր լուսանկարչական սարքերի, մի տեսակ անհագուրդ, «չըխկչըխկոցներից»…

Նրա համար այդ վայրն ընդամենն իր տնամերձ տարածքն էր, բայց` ոչ մեզ համար…

Մալաթիա-Երեւան