Բուժիչ նամակներ

02/06/2012 Ջուլիետա ՍԱՀԱԿՅԱՆ

Սրտի բալասան դեղնածաղիկը

ՀՀ Շիրակի, Արագածոտնի, Լոռու, Կոտայքի, Վայքի, Տավուշի մարզերի բնական պայմաններում տարածված է մի շատ աննկատ ծաղկաբույս։ Այն հաճախ է հանդիպում նաեւ Երեւանում։

Այս բույսը ձագախոտն է, այլ անվանումներն են` աղվեսասուսեր, դեղնածաղիկ։ Գիտական անվանումն ունի հունական ծագում` Erysimum, որն արտահայտում է «փրկել» իմաստը։

Erysimum-ի մեջ կա 125 տեսակ, այն պատկանում է կաղամբազգիների (Brassicaceae) կամ խաչածաղկավորների (Cruciferae) ընտանիքին։ Հաճախ է հանդիպում շինությունների մոտակայքում, չոր մարգագետիններում եւ դաշտերում, անտառների եւ ճանապարհների եզրերին։ Բույսը մշակվում է, մշակովի տեսակներն ավելի խոշոր են։ Ունի նմանակներ։ Ձագախոտը հնարավոր է աճեցնել ՀՀ ողջ տարածքում, եւ դա պետք է անել բոլոր այն տնամերձ հողակտորների մի փոքր մասում, որոնք հեռու են վնասակար արտանետումներից։ Այս բույսի էներգետիկ դաշտի հետ ռեզոնանսի մեջ գտնվելն արդեն իսկ օգտակար է սիրտ-անոթային համակարգի առողջական խնդիրներ ունեցող անձանց։

Դեղնածաղիկ մոխրագույնը (E.canescens) մոխրականաչավուն գույնի, ամբողջովին խավապատ երկամյա խոտաբույս է։ Արմատը իլիկաձեւ է։ Առաջին տարում ձեւավորվում է մերձարմատային տերեւավարդակը, երկրորդ տարում դրանից զարգանում է ծաղկակիր ցողունը (կամ ցողունները)։ Ցողունը ճյուղավորված է, մինչեւ 80 սմ բարձրությամբ։ Տերեւները` գծային-նշտարաձեւ, խորը ատամնաեզր, կտրտված կամ ամբողջական, ներքեւի տերեւները կոթունավոր են, վերինները` նստադիր։ Ծաղիկները երկսեռ են, քառաթերթիկ, մանր, դեղին` հավաքված գագաթային ողկույզներով, ծաղկում է մայիս-հունիսին։ Պտուղը քառանիստ, 4-7 սմ երկարությամբ, մոխրագույն խավոտ պատիճ է, որի հաստությունը համեմատելի է ցողունի հետ։ Կա տեսակ, որի պատիճը բարակ է։ Պտուղը հասունանում է հունիս-հուլիս ամիսներին։ Արժեքավոր մեղրատու է, ծաղկահյութի եւ փոշու մատակարար։

Բույսի բոլոր մասերը պարունակում են բույսին բնորոշ գլիկոզիդներ. արմատը` 0,2 տոկոս, ցողունը` 0,5-0,7, տերեւը` 1-1,5, ծաղիկը եւ սերմը` 2-6 տոկոս։ Գլիկոզիդներն ունեն բարերար ազդեցություն սրտի վրա։ Կարեւոր է իմանալ, որ դեղնածաղկի բոլոր տեսակները թունավոր են, չի կարելի խախտել դեղատոմսերում նշված չափաբաժինները։

Սերմերում պարունակվում է 30-40 տոկոս ճարպայուղ, որն ունի բարդ բաղադրության թթուներ (օլեինի, էրակի, պալմիտինի, լինոլի, լինոլենի)։ Ժողովրդական բժշկության մեջ օգտագործվում է հնագույն ժամանակներից` որպես խորխաբեր, միզամուղ, հանգստացնող միջոց։ Բուժել են ջրգողությունը, թոքերի եւ սրտի հիվանդությունները։ Դեղնածաղկի որոշ տեսակներում պարունակվող գլիկոզիդների հիման վրա արտադրվում են մի շարք դեղամիջոցներ` «Կորեզիդ», «Էրիզմին», «Էրիզիմոզիդ», «Էրիզիդ», «Կարդիովալեն»։ Նշված բոլոր միջոցներն օգտագործեք միայն ըստ բժշկի նշանակումների։

Դեղնածաղիկն իր կենսաբանական ակտիվությամբ գերազանցում է մատնոցուկին եւ ունի այն առավելությունը, որ բույսի մեջ պարունակվող նյութերը չեն կուտակվում օրգանիզմում։

Դեղնածաղիկը եզակի է նրանով, որ պարունակում է ոսկի, կան նաեւ ֆլավոններ, սապոնիններ, քոլին, սուրճի եւ այլ օրգանական թթուներ։ Ծաղկման շրջանում կտրեք 10-15 սմ գետնի մակերեսից բարձր գտնվող հատվածը։

Օգտագործում են թարմ հումքի հյութը կամ օդափոխվող ծածկի տակ չորացրածը, պահպանման ժամկետը` 2 տարի։

Ոգեթուրմ.
70 գ չոր մանրացրած հումքը 2 շաբաթ թրմեք 500 մլ օղու մեջ, պարբերաբար թափահարեք տարան։ Խմեք 15-20-ական կաթիլ, օրը 3 անգամ, 200 մլ (զտված) ջրի հետ, սնվելուց 30 րոպե առաջ։ Շարունակեք 3 ամիս, ընդմիջեք 1 ամիս։

Օգտակար է կրծքահեղձուկի (ստենոկարդիա), առիթմիայի, սրտային բնույթի այտուցի, հիպերտոնիայի դեպքում, կարգավորում է արյան շրջանառությունը։

Ոգեթուրմը ճնշում է արյունատար անոթները «նեղացնող» վնասակար մանրէները (տրիխոմոնադ), ինչի հետեւանքով դրանց մնացորդները եւ արտադրած թույները կարող են առաջացնել գլխացավ, սրտխառնոց։

Հիպերտոնիա, ինֆարկտ, տախիկարդիա.
Մանրացրեք 1-ական ճ/գ դեղնածաղկի խոտը, մասուրի եւ ալոճի պտուղները (առանց սերմերի), 8 ժամ թրմեք 1,5 լ եռջրով ջերմապահում։ Խմեք 100-ական մլ, օրը 4-5 անգամ` սնվելուց 1-2 ժամ առաջ կամ հետո։ Քամեք խմելուց առաջ։

Կվաս դեղնածաղկից. Ռուս հայտնի բժիշկ եւ ֆիտոթերապեւտ Բորիս Բոլոտովի ուսումնասիրությունները զգալիորեն հարստացրել են ժողովրդական բժշկության զինանոցը։ Խմորման ենթարկված բույսից արտազատվում են սրտի աշխատանքը կարգավորող ֆերմենտներ, եւ զգալիորեն նվազում է թունավոր բաղադրիչը։

Կվասը պատրաստեք եւ օգտագործեք հետեւյալ կերպ. 50 գ չոր խոտը լցրեք թանզիֆե պարկիկի մեջ (կապեք արծաթե գդալին), իջեցրեք 3 լ զտված ջրով լցված տարայի մեջ, ավելացրեք 200 գ շաքար եւ 1 թ/գ թթվասեր, 2 շաբաթ դրեք տաք տեղում, օրը 1-2 անգամ խառնեք փայտե գդալով։ Խմեք 100-ական մլ, օրը 3 անգամ, երեկոյան ավելացրեք 300 մլ նախօրոք եռացրած սառը ջուր եւ 1 թ/գ շաքարավազ։ Մեկ ամսից սկսեք ընդունել նոր պատրաստված չափաբաժինը, շարունակեք 6 ամիս։

Ջրգողություն. Կես թ/գ խոտը 2 ժամ թրմեք 200 մլ եռջրում։ Քամեք։ Խմեք 1-ական ճ/գ` օրը 3 անգամ։ Շարունակեք 2 ամիս։ Թուրմը պահեք սառնարանում։

Վարիկոզ. Մանրացրեք, խառնեք դեղնածաղկի չորացրած խոտը (30 գ), ակնամոմը (20 գ), 1 կիտրոնի կեղեւը, հումքը 2 շաբաթ թրմեք 500 մլ օղու մեջ։ Քամեք։ Քնելուց առաջ շփեք ոտքի վերջույթը, դրեք 1-1,5 ժամ տեւողությամբ տեղային թրջոցներ։

Շաքարային դիաբետ.
Մանրացրեք, խառնեք չորացրած հազարատերեւուկի, դեղնածաղկի խոտերը, կղմուխի արմատը, երեքնուկ կարմիրի ծաղիկը (1։1։1։2)։ Հումքի 1 ճ/գ-ն 8 ժամ թրմեք ջերմապահում` 1,5 լ եռջրով։ Խմեք 100-ական մլ, օրը 4-5 անգամ։ Խմելուց առաջ քամեք։ Թուրմը նպաստում է ենթաստամոքսային գեղձի բնականոն գործունեությանը։