Երեկ տեղի է ունեցել «Հայ ազգային կոնգրեսի խորհրդարանական խմբակցության» անդրանիկ նիստը, որում ընդունված հայտարարության համաձայն` ՀԱԿ-ի պատգամավորները չեն մասնակցելու այսօր կայանալիք ԱԺ անդրանիկ նիստին: «Ազգային ժողովին այդ օրը ողջունելու է գործող նախագահ Սերժ Սարգսյանը, որը նույնպես չի ընտրվել ազատ եւ արդար ընտրություններով: Հայ ազգային կոնգրեսի պատգամավորական խմբակցությունը, ի նշան բողոքի` ժողովրդի նկատմամբ Սերժ Սարգսյանի ռեժիմի կատարած հանցագործությունների դեմ, չի մասնակցի առաջին նիստին»,- նշված է հայտարարության մեջ: Ուշագրավ է այդ մասին տարածված հաղորդագրությունը, ըստ որի` երեկ տեղի է ունեցել ոչ թե ՀԱԿ քաղխորհրդի, այլ «ՀԱԿ խորհրդարանական խմբակցության» նիստ: Այսինքն` ՀԱԿ-ի խորհրդարանական գործունեությանը վերաբերող հարցերը որոշվում են ոչ թե Կոնգրեսի` մեկ տասնյակից ավելի ուժերի, այլ ԱԺ անցած 7 անդամների կողմից: Ի դեպ, երեկ Սահմանադրական դատարանում շարունակվել է մայիսի 6-ի ընտրությունների համամասնական ընտրակարգով քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին ՀԱԿ-ի ներկայացրած հայցի քննությունը: ՍԴ-ն հայտարարել է գործի քննությունն ավարտված եւ անորոշ ժամանակով անցել է խորհրդակցական սենյակ: Երեկոյան արդեն հայտնի դարձավ, որ ՍԴ-ն կայացրել է վճիռը, որը կհրապարակվի այսօր` ժամը 10:45-ին: