Երեկ կեսօրին վերջապես 5-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորները Կենտրոնական ընտրական հանձնաժողովում ստացան իրենց մանդատները: Իսկ երեկոյան արդեն Հանրապետական կուսակցության գրասենյակում 2 ժամվա ընթացքում իրար հետեւից տեղի ունեցան ՀՀԿ գործադիր մարմնի, խորհրդի նիստերը, որից հետո էլ «Օրինաց Երկիր» կուսակցության հետ ստորագրվեց կոալիցիոն համաձայնագիրը:
Նախ ԿԸՀ-ում մանդատների հանձնման արարողությունը տեւեց մի քանի ժամ: Սկզբում բաժանեցին մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորների մանդատները, եւ առաջին մանդատը ստացավ Ավան համայնքի թիվ 1 ընտրատարածքի պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը: ԿԸՀ-ն նաեւ շամպայնով լի բաժակներ էր պատրաստել, որպեսզի պատգամավորները միմյանց շնորհավորեին: Իսկ կանանց, մանդատների հետ, ծաղկեփնջեր նվիրեցին: Այդ արարողության ժամանակ ԿԸՀ դահլիճը լի էր շամպայնի խոնավ բուրմունքով ու պատգամավորների երջանիկ, հուզված ժպիտներով: Իսկ լրագրողների համար երեկ ամենապահանջված պատգամավորներն էին երգչուհի Շուշան Պետրոսյանը, ով եկել էր շուտ եւ շփոթված պատասխանեց բոլոր հարցերին, Վարդան Օսկանյանը, ով գոհ էր, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չմտավ կոալիցիա, բայց այդպես էլ խուսափեց ասել, թե իր կուսակցությունն ընդդիմություն կդառնա՞, թե՞ ոչ: Պահանջված գործիչների թվում էր նաեւ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը, ով այսօր այդ պաշտոնը կհանձնի նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանին: «Ազգային Միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը հավանաբար մանդատ ստանալու երջանկությունից անընդհատ շնորհակալություն էր հայտնում, անկախ այն հանգամանքից, թե ներկաներն ում էին շնորհավորում: ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը լրագրողների մոտ կատակում էր, որ իր մանդատը «սովորական չէ, լավերից է»: Ռ.Հայրապետյանը հորդորեց համբերությամբ սպասել իր ու ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի առաջին հանդիպմանը: ԲՀԿ պատգամավոր Սամվել Բալասանյանը բարեհամբույր պատասխանում էր բոլոր հարցերին, մինչեւ հնչեց «եթե ԲՀԿ-ն դառնա ընդդիմություն, դո՞ւրս կգաք կուսակցությունից, ինչպես դուրս եկաք ՕԵԿ-ից» հարցը: «Սկսվեց: Ոչ»,- ասաց նա ու արագ հեռացավ: Մանդատ ստանալու համար միասին ԿԸՀ եկան գեներալներ Սեյրան Սարոյանն ու Մանվել Գրիգորյանը: Վերջինս ԿԸՀ շենքի աստիճանները բարձրանալիս` մի կողմ հրեց լրագրողներին:
Շփոթված էին նոր պատգամավորները, հատկապես կանայք` եւ չգիտեին, թե իրենց ինչպես պետք է պահեն: Մի խոսքով, երեկ պատգամավորները գոհ էին ու երջանիկ, որովհետեւ առաջիկա 5 տարիներին նրանց աշխատանքի վայրը լինելու է Հայաստանում նախագահականից հետո` Սահմանադրությամբ եւ նշանակությամբ երկրորդ կառույցը համարվող Ազգային ժողովը, անկախ այն հանգամանքից` նրանք օրենսդրական աշխատանքով զբաղվելո՞ւ են, թե՞ ոչ: Իրենց մանդատները ստացան նաեւ «Դաշնակցություն» եւ ՕԵԿ խմբակցությունների պատգամավորները: ՕԵԿ-ի 6 մանդատները ստացան ոչ թե պատգամավորները, այլ լիազոր ներկայացուցիչը: Երեկ ԿԸՀ-ից մանդատները ստանալու չեկան Հայ ազգային կոնգրեսի ու «Ժառանգություն» կուսակցության պատգամավորները: ՀԱԿ-ը երեկ հայտարարություն էր տարածել այն մասին, որ չի մասնակցելու այսօր կայանալիք ԱԺ առաջին նիստին:
Իսկ երեկոյան արդեն այդ երջանիկ արարողությունը հանրապետականների համար ամրապնդվեց կուսակցության գրասենյակում ԱԺ ղեկավար պաշտոններում թեկնածուների առաջադրմամբ: Ինչպեսեւ սպասվում էր, ՀՀԿ-ն ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրեց Հովիկ Աբրահամյանի թեկնածությունը: Վերջինս լրագրողների հետ ճեպազրույցում կրկին հերքեց այն լուրերը, թե իր նշանակման պահանջը Ս.Սարգսյանին ներկայացրել է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը: «Չի կարող որեւէ մեկը ճնշում գործադրել ՀՀԿ-ի վրա, այն էլ` կադրային քաղաքականության մեջ: Դա բացառեք միշտ: Ես շնորհակալ եմ բոլորից: Այնպես որ` կհանդիպենք ԱԺ-ում»,- նիստերից հետո հայտարարեց Հ.Աբրահամյանն ու հեռացավ:
ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը շարունակելու է զբաղեցնել ԱԺ փոխնախագահի պաշտոնը: Իսկ երկրորդ փոխնախագահի պաշտոնում ՀՀԿ-ն առաջադրեց կուսակցության կանանց խորհրդի նախագահ Հերմինե Նաղդալյանի թեկնածությունը: ՀՀԿ խմբակցության ղեկավարը կրկին լինելու է Գալուստ Սահակյանը: Է.Շարմազանովի փոխանցմամբ` խմբակցության քարտուղարի հարցը դեռ չի քննարկվել: Սակայն երեկ խոսակցություն կար, թե քարտուղար կարող է լինել Հովհաննես Սահակյանը, ով դեռ մանդատ չի ստացել: Բայց, ամենայն հավանականությամբ, կստանա, որովհետեւ երեկ նաեւ հայտնի դարձավ, որ Ս.Նիկոյանը պաշտոն է ստանալու գործադիր մարմնում: ՀՀԿ-ում շրջանառվող կարծիքների համաձայն` նա կարող է նշանակվել Քաղաքաշինության կամ Տրանսպորտի եւ կապի նախարար: Եվ ԱԺ-ից Ս.Նիկոյանի դուրս գալուց հետո ՀՀԿ համամասնական ցուցակի հաջորդ մանդատը բաժին կհասնի Հ.Սահակյանին: ՀՀԿ-ին բաժին են հասնելու նաեւ ԱԺ 8 մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոնները: Տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովը շարունակելու է գլխավորել Վարդան Այվազյանը, Ֆինանսաբյուջետայինը` Գագիկ Մինասյանը, Պետաիրավականը` Դավիթ Հարությունյանը, Կրթության, գիտության, սպորտի եւ երիտասարդության հարցերով հանձնաժողովը` Արտակ Դավթյանը, Սոցիալական հարցերի հանձնաժողովը` Հակոբ Հակոբյանը, Առողջապահության եւ մայրության հարցերով հանձնաժողովը` Արա Բաբլոյանը, եթե, իհարկե, նա չնշանակվի Առողջապահության նախարար: Իսկ նախկինում ՀՅԴ-ականների զբաղեցրած` Արտաքին հարաբերությունների եւ Պաշտպանության, ազգային անվտանգության եւ Ներքին գործերի մշտական հանձնաժողովները` համապատասխանաբար` երիտասարդ պատգամավորներ Արտակ Զաքարյանն ու Կորյուն Նահապետյանը: Մյուս 4 մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոնները բաժին են հասնելու ԲՀԿ-ին։ Դեռ հայտնի չէ նախկին քաղաքապետ, ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Բեգլարյանի գործունեության ոլորտը. նա մանդատը վայր չի՞ դնելու եւ մնալո՞ւ է պատգամավոր, թե՞ որեւէ նախարարությունում նշանակվելու է նախարար: Է.Շարմազանովը նիստերից հետո հայտարարեց, թե վարչապետի կամ նախարարների նշանակման հարց չի քննարկվել, դա կքննարկվի արդեն Կառավարության հրաժարականից հետո: Այնուամենայնիվ, նրա փոխանցմամբ` կառավարությունում մեծ փոփոխություններ չեն սպասվում: Գործող վարչապետն ու նախարարները կշարունակեն պաշտոնավարել, պարզապես ԲՀԿ-ի ազատած 4 նախարարություններում ՀՀԿ-ն նոր նախարարներ կնշանակի:
Երեկ երեկոյան ՀՀԿ գրասենյակում ստորագրվեց նաեւ ՕԵԿ-ի հետ կոալիցիոն համաձայնագիրը: Հիշեցնենք, որ նախորդ երկու կոալիցիոն համաձայնագրերը, որոնց մասնակցում էին նաեւ ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն, ստորագրվել էին նախագահի նստավայրում: Իսկ մինչ այդ հայտարարությունը, երբ հայտնի էր, որ պետք է ստորագրվի նաեւ կոալիցիոն հայտարարությունը, լրագրողները ՀՀԿ շենքի բակում քննարկում էին, թե որտե՞ղ տեղի կունենա այդ արարողությունը: Կրկի՞ն նախագահի նստավայրում, թե՞ Ս.Սարգսյանն այս անգամ հարկ չի համարի այդպես վարվել, ու, քանի որ այդ պահին կուսակցության գրասենյակում է, ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանին կկանչի այդտեղ: Այդպես էլ եղավ: Ա.Բաղդասարյանը եկավ ՀՀԿ կուսակցություն իր երկու` Արտակարգ իրավիճակների եւ Գյուղատնտեսության նախարարներ Արմեն Երիցյանի, Սերգո Կարապետյանի եւ մի քանի պատգամավորների հետ: ՕԵԿ մյուս` ՏԿ նախարար Մանուկ Վարդանյանը չէր եկել: Եվ բոլորը եզրակացրեցին, որ նա շուտով ազատվելու է պաշտոնից: Է.Շարմազանովը նաեւ ասաց, թե ՕԵԿ-ին բաժին կհասնի 3 նախարարություն, բայց չմանրամասնեց, թե որ նախարարությունները: Հավանաբար վերը նշված 2 նախարարություններն` իրենց գործող նախարարներով, նորից կմնան ՕԵԿ-ին: Եվ կավելանա ԲՀԿ-ի թողած նախարարություններից մեկը: ՏԿ նախարարությունը ՀՀԿ-ն հավանաբար հետ կվերցնի: ՀՀԿ-ն ՕԵԿ-ին չի զիջի եւ ոչ մի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոն:
Ա.Բաղդասարյանի գալուց 5-6 րոպե հետո հայտնի դարձավ, որ կոալիցիոն հայտարարությունն` այլեւս ստորագրված է ՕԵԿ եւ ՀՀԿ ղեկավարների կողմից: Համաձայնագրի հիմնական իմաստն ու նշանակությունն այն է, որ 2013թ. նախագահական ընտրություններում երկու կուսակցությունները սատարելու են Ս.Սարգսյանի թեկնածությունը: «Քաղաքական կոալիցիան վերահաստատում է առաջիկա նախագահական ընտրություններում` ի դեմս Նախագահ Սերժ Սարգսյանի, միասնական թեկնածուով հանդես գալու որոշումը, դրանով իսկ իր քաղաքական կամքն ու վճռականությունն արտահայտում քաղաքական պատասխանատվություն ստանձնելու երկրի հետագա կայուն զարգացման, առաջընթացի եւ անվտանգության ապահովման, միջազգային ասպարեզում Հայաստանի Հանրապետության հեղինակության ամրապնդման գործում»,- նշված է համաձայնագրում:
Իսկ այսօր ժամը 10-ին տեղի է ունենալու 5-րդ գումարման ԱԺ առաջին նիստը, որը վարելու է տարիքով ամենաավագ պատգամավորը` 66-ամյա ՀՀԿ անդամ Մկրտիչ Մինասյանը: Այսօր անցկացվելու է նաեւ ԱԺ նախագահի եւ 2 փոխնախագահների ընտրությունը: Եվ, վերջապես, այսօր հրաժարական է տալու վարչապետ Տիգրան Սարգսյանն` իր կառավարության անդամներով: Վերջիններիս մեծ մասը առաջիկա 2 շաբաթների ընթացքում նորից կնշանակվեն իրենց պաշտոններում եւ կշարունակեն պաշտոնավարել մինչեւ նախագահական ընտրությունները: Նախագահական ընտրություններից հետո` 2013թ. փետրվարին, եթե Ս.Սարգսյանը նորից ընտրվի նախագահ, արդեն կձեւավորի նոր կոալիցիա եւ նոր կառավարություն` նոր վարչապետով: