Տեղ-տեղ բոյկոտում են

31/05/2012

Երեկ տեղի է ունեցել «Հայ ազգային կոնգրեսի խորհրդարանական խմբակցության» անդրանիկ նիստը, որում ընդունված հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «2012թ. մայիսի 6-ը` Հայաստանի ժողովրդի ազատ կամարտահայտման եւ երկրում ժողովրդավարության հաղթանակի օր դառնալու փոխարեն նշանավորվեց պետականորեն կազմակերպված եւ ընտրակեղծարարության ծավալով իր նախադեպը չունեցող կեղծված խորհրդարանական ընտրություններով: Մայիսի 31-ին` Ազգային ժողովի նիստերի դահլիճում առաջին նստաշրջանի առաջին օրը բացման հանդիսավոր նիստի է հավաքվելու մի Խորհրդարան, որի մեծամասնությունն ընտրված չէ Հայաստանի ժողովրդի կողմից, այլ ապօրինաբար ստացել է իր մանդատները ընտրակաշառքի համատարած բաժանման, ընտրողների ահաբեկման, լայնածավալ բազմակի քվեարկության արդյունքում: Ազգային Ժողովին այդ օրը ողջունելու է գործող նախագահ Սերժ Սարգսյանը, որը նույնպես չի ընտրվել ազատ եւ արդար ընտրություններով: Հայ ազգային կոնգրեսի պատգամավորական խմբակցությունը, ի նշան բողոքի` ժողովրդի նկատմամբ Սերժ Սարգսյանի ռեժիմի կատարած հանցագործությունների դեմ, չի մասնակցի առաջին նիստին: Միեւնույն ժամանակ, վստահեցնում ենք, որ ակտիվորեն մասնակցելու ենք Ազգային ժողովի աշխատանքներին եւ մեզանից կախված ամեն ինչ կանենք` Ազգային ժողովի ամբիոնը ժողովրդավարական Շարժման հաղթանակին ծառայեցնելու համար»: