«Շինարար» ընդդիմություն

31/05/2012

««Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը խորհրդարանում լինելու է այն, ինչ արդեն ասվել է, ճշտին` ճիշտ ենք ասելու, մեր կարծիքով, սխալին էլ սխալ ենք ասելու: Հիմնականում փորձելու ենք իրական փոփոխություն բերել մեր հասարակության մեջ»,- երեկ ԿԸՀ-ում պատգամավորական մանդատի հանձնման արարողությունից հետո, լրագրողների հետ զրույցում ասել է ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանը: Հարցին` մտավախություն չունե՞ն արդյոք, որ կարժանանան ՕԵԿ-ի բախտին, Օսկանյանը պատասխանել է. «ԲՀԿ-ն շարունակելու է մնալ այլընտրանք` այսօրվա գործող իշխանություններին, շարունակելու է մնալ այլընտրանք` խորհրդարանում քաղաքական մեծամասնությանը, եւ մենք շարունակելու ենք փորձել իրականացնել մեր ծրագրերը: Եթե կբերվեն օրենքներ, որոնք, մեր տեսանկյունից, համապատասխանում են հասարակության շահերին, կաջակցենք այդ օրենքների անցկացմանը, եթե չեն համապատասխանում մեր ծրագրերին, եւ գտնում ենք, որ հակասում են ժողովրդի շահերին, կպայքարենք դրա դեմ ու կփորձենք փոփոխություններ մտցնել եւ մեր դիրքորոշումը քվեարկությամբ կարտահայտենք»: Օսկանյանն այդպես էլ իր գնահատականներում, ԲՀԿ-ի մասին խոսելիս, չի օգտագործել «ընդդիմություն» արտահայտությունը, ինչը մեկնաբանելու լրագրողների խնդրանքին ի պատասխան` ասել է. «Արդեն ասվել է` մենք կլինենք կառուցողական դաշտում, բայց կլինենք այլընտրանք` այսօր գործող իշխանություններին, որովհետեւ իշխանության լծակները գտնվում են քաղաքական մեծամասնության մոտ` կառավարության մոտ, ԲՀԿ-ն ինչպես ընտրապայքարում է հանդես եկել, այնպես էլ կշարունակի»: Գրեթե նույն արտահայտություններով են ԲՀԿ-ի ապագա գործունեության ու քաղաքական դաշտում զբաղեցնելիք տեղի մասին երեկ խոսել այդ կուսակցության մյուս անդամները եւս: ««Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նորընտիր ԱԺ-ում լավին լավ է ասելու, վատին` վատ»,- ասել է ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, ով, ի դեպ, նոր խորհրդարանում լինելու է նաեւ ԲՀԿ խմբակցության քարտուղարը: Իսկ ԱԺ դեռեւս գործող փոխխոսնակ Սամվել Բալասանյանն ասել է, որ ԲՀԿ-ն օգտվելու է օրենսդրության տված հնարավորությունից եւ ստանձնելու է խորհրդարանի 12 մշտական հանձնաժողովներից 4-ի` նախագահի, 3-ի` փոխնախագահի պաշտոնը: Ի դեպ, Վարդան Օսկանյանը երեկ խուսափել է պատասխանել 2013 թ. ընտրություններում ԲՀԿ-ի կողմից սեփական թեկնածուով հանդես գալու մասին հարցին: Ի պատասխան հարցի էլ` արդյոք Ռոբերտ Քոչարյա՞նն էր կոալիցիա չմտնելու պատճառը, Օսկանյանը ծիծաղել է: